ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Հրաժարվել մի քանի միլիարդ դրամի՞ց, թե՞ առաջ տանել շահումով խաղերի դեմ պայքարը. գործադիրի երկընտրանքը
2018-11-06 14:26:15

Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»

Շահումով խաղերի ու խաղատների մասին օրենքը վերջին տարիներին շարունակ փոփոխվում է: Ամեն փոփոխություն հաստատելիս գործադիր ու օրենսդիր մարմիններում վստահեցնում են՝ միտված է մտահոգիչ իրավիճակը շտկելուն:

Բայց տասնյակ նոր նախագծեր հաստատելով հանդերձ՝ այս ընթացքում խնդիրն ավելի է լրջացել. խաղադրույք կատարելը մեծապես տեղափոխվել է օն-լայն հարթակ, ավելի գրավիչ դարձել ու ավելի բարդ վերահսկելի:

Մյուս կողմից՝ վ
իճակախաղերից և բուքմեյքերական գործունեությունից հասույթն այնքան է մեծացել, որ առանց դրա արդեն տնտեսական աճն է կտրուկ նվազելու:

Տարբեր խմբագրական, տեխնիկական լուծումներից հետո այս աշնանը խորհրդարանից կառավարություն հասավ նախագիծ՝ միանգամից արմատական լուծում առաջարկելով՝ արգելել վիճակախաղերն ու ինտեր­նետ շահումով խաղերը: Հիմնավորում՝ Հա­յաս­տանում շարունակաբար ավելանում են մարդիկ, որոնք եկա­մտի ավե­լաց­ման եղանակ են հա­մարում վիճակախաղը կամ շահումով խաղը:

Նախագծի հեղինակներին մտահոգում է, որ այս խաղերը լայն տարածում են ստա­նում իրենց պարզության, լայն հասանե­լիու­թյան եւ ագրեսիվ գովազդի պատճառով: Մտահոգ պատգամավորներից է նաև Ալեն Սիմոնյանը: Նա լուծումը դեռ նոր փոփոխություններով է պատկերացնում, մասնավորապես:

« Նախատեսվի, որ ընտանիքի անդամը, օրինակ՝ կինը կարող է դիմել դատարան, և դատարանի որոշմամբ սահմանափակվի տվյալ մարդու մուտքը նման տարածքներ՝ թույլ չտալու խաղադրույքներ կատարել: Այսպիսի դրույք կա խաղատների դեպքում: Առաջարկը՝ որ նույնը կիրառվի նաև տոտալիզատորների դեպքում»:

Կառավարությունում ընդհանուր առմամբ համաձայ­նեցին մտահոգության հետ, սակայն նախագիծը դրական եզրակացության չարժանացավ: Նախագծերի փաթեթի ընդունումը չի փարատի մտահոգությունները մի քանի պատճառով՝ մեկնաբանեցին գործադիրում ու պատճառաբանեցին՝ խաղերի որոշ տեսակներն արգելելու դեպքում խաղալու միջոցով եկամուտ ստանալուն հակված մարդիկ խաղատներ կգնան:


Իսկ
տոտալիզատորի կազմակերպումը կարգավորող «Վիճակախաղերի մասին» օրենքը ուժը կորցրած ճանա­չելու դեպքում տոտալիզատորները կդառնան չկարգավորվող և ան­վերահսկելի. ստվերային խաղերի դեմ պայքարն ավելի բարդ է լինելու: Ուստի առայժմ նոր սահմանափակում են կիրառում՝ գովազդի մասով: Մարդու իրավունքների պաշտպանն էլ իր լրացումն ունի: Արման Թաթոյան:

« Օրենքով պետք է նախատեսվի՝ արգելել որևէ կերպ դիմել անչափահասին, տպավորություն ստեղծել, թե խաղին մասնակցելն ապահովում է պարբերաբար եկամուտ կամ շահույթ ստանալու հնարավորություն կամ աշխատանքի այլընտրանք է, ներշնչել, թե դրանով հասնում են հասարակական, մասնագիտական, սպորտային հաջողության»:

Իսկ մինչ կառավարությունում և ազգային ժողովում շահումով խաղերի ու դրանց հետևանքների դեմ պայքարի մեխանիզմներ են մշակում, այս և անցյալ տարիներին վիճակախաղերի և բուքմեյքերների հասույթը կտրուկ ավելացել է՝ տնտեսական աճի մեջ էական դեր ստանձնելով, 2017-ին, օրինակ, 7.5%: ։ Շահումով խաղերն ապահովել են ծառայությունների 19%-ը։

Տնտեսագետ Բաբկեն Թունյանի վերլուծությամբ՝ անցյալ տարի բուքմեյքերների ու վիճակախաղերի հասույթն աճել է ընդհուպ մինչև 35 %-ով և կազմել շուրջ 209 մլրդ դրամ: Ուստի այժմ կշեռքի նժարներին հետևյալ հարցերն են՝ հրաժարվել տնտեսություն մտնող մի քանի միլիարդ դրամի՞ց, թե՞ մինչև վերջ պայքարել շահումով խաղերի դեմ: Նույն մտահոգությունն ունի նաև դեռ պատգամավորության շրջանից մոլախաղերին դեմ հանդես եկող վարչապետ Փաշինյանը:

«Մի կողմից աղքատությունն է խրախուսվում, մյուս կողմից, կներեք բառիս համար, ղումարբազությունն է խրախուսվում: Մենք պետք է այնպիսի քաղաքականություն տանենք, որ ոչ մեկը խրախուսենք, ոչ էլ մյուսը: Սա լուրջ խնդիր է: Շատ լուրջ: Ընտանիքներ, ճակատագրեր և այլն»:

Փաշինյանի մատնանշած լուրջ խնդիրն, օրինակ, Գերմանիայում լուծել են այսպես՝ 16 երկրամասերում յուրաքանչյուրն իր տարածքում որոշակի խաղային հաստատությունների թույլտվություն է տալիս: Լատվիայում տոտալիզատորի լիցենզիա տալիս են հատուկ պայմանագիր/համաձայնագրով: Խորվաթիայում տոտալիզատորների կազմակերպման լիցենզիաները տրամադրվում են խիստ սահմանափակ և միայն կառավարության որոշումներով: Հայաստանի դեպքում վարչապետը լուծումը պատկերացնում է տնտեսության դիվերսիֆիկացմամբ, որ խաղերի բերած եկամուտն այլ ոլորտներով փոխարինվի:

« Մենք ուզում ենք մեր տնտեսությունն ունենա հետեւյալ կառուցվածքը՝ բարձր եւ տեղեկատվական տեխնոլոգիաներ, թեթեւ արդյունաբերություն, վերամշակող գյուղատնտեսություն՝ սննդի արտադրություն եւ այլն»:

Ատացվել է այնպես, որ մոլախաղերի ու հատկապես Երեւանը ողողած բուքմեյքերական գրասենյակների դեմ պայքարն ամենաուղղակի կերպով կապված է տնտեսական զարգացման հետ: Իսկ զարգացման նոր ծրագրերին սպասելուն զուգահեռ մոլախաղերի շուկան դեռ լայն թափով աճում է:
 

0:00
0:00