ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Կհրաժարվի՞ «Սանիթեք»-ն իր մենաշնորհից
2019-01-07 13:03:03

Աիդա Ավետիսյան

«Ռադիոլուր»

Աղբահանությունը շարունակում է խնդիր մնալ: Քաղաքային իշխանությունը դեռևս քարոզարշավի ընթացքում առաջնահերթ լուծումները տեսնում էր այս ոլորտում: Սակայն այսօր այն շարունակում է մնալ չլուծված հարց: Երկրորդ օպերատորի ներգրավման հարցը դեռևս միայն արծարծվում է: Սպասում են, որ «Սանիթեք» ընկերությունն ինքը հրաժարվի դաշտում մենաշնորհից: Ինչո՞ւ քաղաքային իշխանությունը չի գնում երկրորդ օպերատոր ունենալու ճանապարհով:

0:00
0:00

«Մաքուր Երևան» կարգախոսին չի համապատասխանում այսօրվա Երևանի դիմապատկերը: Երևանյան փողոցներով շրջելիս՝ մայթեզրերի աղբամաններից ոչ բոլորն էին դատարկ: Լցված աղբամանները թափառող շների համար ծառայում են սննդի «օբյեկտներ»: «Ռադիոլուրն» է քաղաքացիներից հետաքրքրվել քաղաքի աղբահանությունից.

«Շատ վատ է: Մանավանդ վատացել է փողոցային առևտրի հետևանքով»:

2014 թվականից Երևանում աղբահանությունն իրականացնում է «Սանիթեք» ընկերությունը: Հեղափոխությունից հետո «Իմ քայլը» դաշինքն ավագանու նախընտրական քարոզարշավի ընթացքում ծրագրային դրույթներից էր «Մաքուր Երևան» ունենալը: Սակայն նրանց իշխանության օրոք երևանցիները դեռևս բողոքում են վատ աղբահանությունից: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը շեշտում է, որ իրավիճակը ժառանգություն են ստացել նախորդ իշխանությունից: Կրկին պնդում են աղբահանության երկրորդ օպերատոր ունենալու իրենց համոզմունքը, սակայն կա պայմանագիր, որի շուրջ աշխատում են: Իսկ պայմանագիրը կնքվել է 2013 թվականին 12 տարով: Այդուհանդերձ, կտրուկ գործողությունների դեպքում դատական գործընթացներից խուսափել հնարավոր չի լինի, ասում է քաղաքապետը.

«Եթե իրենք խախտումներ են անում, մենք կարող ենք արձանագրել այդ խախտումները, տուգանքներով սեղմել իրենց, բայց որն է մեր խնդիրը: Տուգանենք այս ընկերությանը, թե ունենանք մաքուր Երևան: Ես ձեզ վստահեցնում եմ, որ մենք հիմա գնում ենք միակ ճանապարհով, որը մեզ թույլ է տալիս ունենալ մաքուր Երևան»:

Երկրորդ օպերատոր ունենալուն դեմ է մայրաքաղաքի աղբահանությունն ամբողջովին կատարելու պատասխանատվություն ստանձնած «Սանիթեք» ընկերությունը: «Սանիթեք»-ը չի ուզում, որ երկրորդ օպերատոր մտնի դաշտ, նշեց Հայկ Մարությանը: Իսկ համաքաղաքացիների մոտ ձևավորված այն կարծիքի հետ, որ նոր քաղաքային իշխանությունը չի աշխատեցնում «Սանիթեքին», համաձայն չէ: Պարզապես ընկերությունը չունի համապատասխան տեխնիկա, ասում է քաղաքապետը.

«Իրենք գիշեր- ցերեկ են աշխատում: Մենք ենք ստիպում իրենց անընդհատ»:

Հայկ Մարությանը փոխանցում է նաեւ «Սանիթեք» ընկերության այն դիրքորոշումը, որ իրենք մտածում են երկրորդ օպերատորի ներդրման մասին: Նույն այդ մոտեցումը փորձեցինք մեկ անգամ էլ ճշտել «Սանիթեքից»։ Դեռ նախորդ տարի ուղարկված մեր հարցմանը ընկերությունից դեռևս չեն արձագանքել: