ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
ԱԳ նախարարի տեղակալի մեկնաբանությունը Կարագանդայում ստեղծված իրադրության վերաբերյալ
2019-01-07 13:23:19

ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քաչարյանը մեկնաբանել է Ղազախստանի Կարագանդա քաղաքում ստեղծված իրավիճակը: Փոխարտգործնախարարի մեկնաբանությունը հրապարակված է ՀՀ ԱԳՆ  կայքում:

Նա նշել է, որ դեռևս հունվարի 3-ին Ղազախստանում Հայաստանի դեսպանությունը հանդես է եկել համապատասխան հայտարարությամբ, սակայն արված հայտարարությունը կատարված աշխատանքի միայն հրապարակային կողմն է արտահայտում։ ՀՀ ԱԳՆ-ը և Ղազախստանում ՀՀ դեսպանությունն առաջին իսկ պահից մշտական կապի մեջ են գտնվում Ղազախստանի իշխանությունների, պատկան մարմինների հետ՝ որոշում կայացնողների մակարդակով: Այդ անմիջական շփումները Հայաստանի և Ղազախստանի գերատեսչությունների միջև շարունակվում են:

Իսկ դեսպանության տարածած հայտարարության մեջ մասնավորապես հույս է հայտնվում, որ իրավիճակի վերաբերյալ անդրադարձ կատարելիս հիմք կընդունվեն պաշտոնական աղբյուրները, և սոցիալական ցանցերում չի տարածվի չստուգված տեղեկատվություն, ինչը կարող է դառնալ հանրային կարծիքը մանիպուլյացիայի ենթարկելու աղբյուր՝ կենցաղային հողի վրա տեղի ունեցած ողբերգությանը փորձելով տալ ազգամիջյան նրբերանգ:

Այս հորդորը շարունակում է արդիական մնալ, թեև «Հայաստանում տուրք են տվել որոշակի հայտարարությունների, որոնք արվել են առանց հաշվի առնելու թե մեր երկրի պաշտոնական դիրքորոշումը, որը մասնավորապես արտահայտվել է Հայաստանի դեսպանության հայտարարության մեջ, թե հարցի գերզգայուն բնույթը Կարագանդայում բնակվող մեր հայրենակիցների համար»:

«Ղազախական կողմից տրվել են բոլոր հավաստիացումները, որ ձեռնարկվելու են համապատասխան միջոցներ՝ իրավիճակի վերահսկման և նմանօրինակ պոռթկումների վերացման ուղղությամբ: Եվ այդ միջոցները ձեռնարկվում են։ Դեսպանությունը նաև շուրջօրյա կապի մեջ է համայնքային կառույցների ղեկավարների հետ:

Գիտակցելով ստեղծված իրավիճակի հետ կապված մտահոգությունները՝ կոչ ենք անում խորհրդատուներին, մասնագետներին առավել մեծ պատասխանատվություն ցուցաբերել այս շատ զգայուն հարցի շուրջ իրենց հայտարարություններում և չտրվել պոպուլիզմի և սադրանքների գայթակղությանը. սա գերզգայուն հարց է, որին ազգամիջյան երանգ տալու բոլոր փորձերը դատապարտելի և անհանդուրժելի են», -ասվում է ԱԳ նախարարի տեղակալի մեկնաբանության մեջ։

Հունվարի 6-ին Ղազախստանի Կարագանդա քաղաքում զանգվածային ցույցեր են տեղի ունեցել: Ցուցարարները հավաքվել են քաղաքի կենտրոնում: Նրանք պահանջել են, որ հունվարի 1-ի գիշերը «Հին Հռոմ» ռեստորանի մոտ տեղի ունեցած դանակահարության դեպքի առթիվ անկողմնակալ հետաքննություն վարվի:

Դանակահարության հետևանքով մեկ մարդ է մահացել, ևս երեքը վիրավորվել են:

Ծեծկռտուքի մասնակիցներ հայազգի Սոխակ Մալխասյանը, Թորգոմ Մալխասյանը և Կաիր Նադիրբեկովը ձեբակալված են, իրավապահ մարմիններից թաքնվող Նարեկ Գուրուրյանը հետախուզման մեջ է:

23-ամյա երիտասարդի սպանությունից հետո սոցցանցերում հայերի նկատմամբ հաշվեհարդարի կոչեր են հնչեցվում: Կարծիք կա, որ Կարագանդայում հակահայկական «ինքնաբուխ» ցուցերի հետևում կանգնած են ղազախական քաղաքական համակարգի կոնկրետ ուժեր ու ադրբեջանական լոբբին:

Տես նաև՝

Ադրբեջանցիներին հաջողվել է ներանձնային վեճը հրահրել՝ դարձնելով այն հակահայկական ակցիա