ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ննջեցյալների հիշատակի օրը՝ պանթեոնում
2019-01-07 15:33:36

Ալիսա Գևորգյան

«Ռադիոլուր»

Հետտոնական վերջին հանգստյան օրը նվիրված է հանգուցյալների հիշատակին: Այդ օրն ընդունված է այցելել գերազմաններ: Ռադիոլուրն այսօր որոշեց այցելել Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն, որտեղ հանգչում են հայ ժողովրդի մեծագույն զավակներից շատերը: Պանթեոնի խորհրդավոր լռությունը խախել է միայն մեր գործընկերը՝ զրուցելով պանթեոնի մշտական այցելու Գրիշա Հունանյանի հետ: Ո՞վ է նա…

0:00
0:00

Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Սուրբ մեռելոցը՝ ի հիշատակ հանգուցյալների: Ռադոլուրն այսօր որոշեց օրը իմաստավորել ՝ այցելելով Կոնիտասի անվան զբոսայգու պանթեոն: Այստեղ է հանգչում նաև բանաստեղծ Վահան Տերյանը։ Նրա հիշատակի օրն է հունվարի 7-ը:

1920 թվականի հունվարյան այս օրը վախճանվեց Վահան Տերյանը՝ ձյունածածկ Օրենբուրգում։

«… Թաղեցին Տերյանին այնպես, ինչպես խնդրել էր նա իր բանաստեղծության մեջ` «Ինձ թաղեք, երբ վերջին վերջալույսն է մարում», հունվարյան կարճ օրվա վերջում, երեկոն իջնելուց առաջ: Շատ հայեր էին եկել, նրանք ծաղիկներ էին բերել` այն ամենը, ինչ կարելի էր ճարել ձմեռային քաղաքում: Ամեն ինչ տեղի ունեցավ այնպես, ինչպես կտակել էր բանաստեղծը. «Ինձ անխոս թաղեցեք…»,-գրում է ժամանակակիցներից Մարգարիտ Վեքիլյանը:

Երևանյան պանթեոնում իր հանգիստը գտած Տերյանի շիրիմն ավանդաբար մարդաշատ է փետրվարի 9-ին՝ բանաստեղծի ծննդյան օրը, իսկ այսօրը մշտապես հիշում, խունկ է վառում, երբեմն էլ մեզ նման պանթեոնի լռությունը խախտած այցելուների համար Տերյան է արտասանում Գրիշա Հունանյանը:

Մեծերի այս գերազմանատան «տերն ու տիրակալն» է նա ընդամենը 42 տարի, ինչպես ինքն կատակում: Բոլոր հանգուցյալներին գիտի ոչ միայն անուն առ անուն, այլև շատերի ստեղծագործական ժառանգությանն է քաջածանոթ: Իհարկե, ծանոթ է նաև այսօր թվով 60 մեծերի շիրիմներն ամփոփող պանթեոնի ստեղծման պատմությանը:

Ստալինի մահից հետո միայն թույլատրվում է հուշարձան տեղադրել Կոմիտասի շիրմին: 1955 թվականի հոկտեմբերին դրվում է նրա մահարձանը, որն առաջինն էր պանթեոնում: Դրանից հետո զբոսայգին վերանվանվում է Կոմիտասի անունով: 1957 թվականին այստեղ է հուղարկավորվում նաև Ավետիք Իսահակյանը, հետագայում հայ մշակույթի մեծագույն դեմքերից շատերը հենց այստեղ են գտել իրենց վերջին հանգրվանը: 1976 թվականին ավանդույթը կարծեք խախտվեց, երբ պանթեոնում հուղարկավորվեց առաջին ոչ մշակույթային գործիչը՝ Խորհրդային Հայաստանի Մինիստրների խորհրդի նախագահը, այժմ կասեինք վարչապետ Գրիգոր Արզումանյանը

Պանթեոնի վերջին բնակիչը Յուրի Վարդանյանն է: Շիրիմին շատ էին թարմ ծաղիկները: Թարմության հետք կար նաև խնկամանում: Գրիշա Հունանյանն ասաց՝ երեկ են այցելել հարազատները: