ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Գազի գինը սահմանին կփոխվի, սակագինը՝ ոչ. որո՞նք են հնարավոր ռիսկերը
2019-01-07 17:02:36

Հասմիկ Դիլանյան

«Ռադիոլուր»

Հայաստանցի փորձագետները կանխատեսում են՝ առաջիկա տարիներին սպառողների համար գազի սակագնի անփոփոխ մնալու դիմաց ստիպված այլ ենթակառուցվածքներ ենք փոխանցելու ռուսական կողմին: Կառավարությունից, սակայն, հերքում են բոլոր մտահոգությունները: Էներգետիկ փորձագետ Վահե Դավթյանը կարծում է, որ իրանական գազն էլ չի կարող փոխարինել ռուսական գազին: Լավագույն տարբերակը, ըստ նրա, էներգետիկ քաղաքականության արդյունքում ՋԷԿ- երի տեսակարար կշիռը էներգագեներացման համակարգում նվազեցնելն է:

0:00
0:00

Հունվարի 1-ից սպառողների համար բնական գազի սակագնի պահպանման մեջ էներգետիկ փորձագետ Վահե Դավթյան անուղղակի ռիսկեր է տեսնում։ Մտավախություն ունի, որ 2011թվականի պատմությունը կկրկնվի։ Այն ժամանակ սահմանին գազի գինը բարձրացավ, սակայն, սպառողների համար մնաց անփոփոխ, արդյունքում՝ մեր գազատրանսպորտային համակարգում ձևավորվեց մի հսկայական բեռ, որը գնահատվում էր 300 մլն դոլար պարտք։ Այն մարելու նպատակով 2013 թվականի դեկտեմբերին կնքվեցին հայտնի գազային պայմանագրերը: Դրանցով «Հայռուսգազարդ» ընկերության ՀՀ-ին պատկանող վերջին 20 տոկոսը փոխանցվեց «Գազպրոմին», իսկ ՀՀ-ն վերջնականապես զրկվեց իր գազատրանսպորտային համակարգում ազգային էներգետիկ քաղաքականություն վարելու հնարավորությունից:

2018թ դեկտեմբերի 31-ին լրացավ ՀՀ-ի ու «Գազպրոմի» միջև կնքված պայմանագիրը: Կառավարությունը բանակցում էր գազի գնի շուրջ: Եվ ահա, դեկտեմբերի 31-ին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց.

«Ըստ էության կարող ենք ասել, որ լուծման ենք եկել՝ առնվազն առաջիկա տեսանելի ապագայի համար: «Գազպրոմ Արմենիա» և «Գազպրոմ» ընկերություններն իրենք պետք է վերանայեն գազի մատակարարման գինը: Գնի մեջ որոշակի փոփոխություններ տեղի է ունենալու, գնի որոշակի բարձրացում է տեղի ունենալու: Սակայն, ներքին որոշակի կարգավորումների շնորհիվ հայաստանյան սպառողների համար գազի գնի փոփոխություն տեղի չի ունենալու»:

Հստակ ժամկետներ, թե որքան կտևի այս կարգավորումը, չի նշվում. «պայմանագրային շրջափուլում»՝ հայտնեց Նիկոլ Փաշինյանը: «Գազպրոմ» ընկերությունն արդեն հաղորդել է, որ գազի սակագինը Հայաստանի համար թանկանում է 10 տոկոսով՝ գործող 150 դոլարի փոխարեն կլինի 165 դոլար՝ 1000 խմ-ի դիմաց։ Սպառողների համար սակագինը կպահպանվի՝ ներքին ռեսուրսների ու կորուստների հաշվին: Ինչպես է վերահսկվելու գործընթացը՝ հարցնում եմ էներգետիկ փորձագետ Վահե Դավթյանին: Նորից 2013թ դեկտեմբերին կնքված գազային պայմանագիրն է հիշում՝ այնտեղ կար մի դրույթ, որը սահմանափակում էր ՀՀ կառավարության լիազորությունը ոլորտի կառավարման գործում.

«Այդ դրույթի համաձայն, կառավարությունը կարող է միայն մեկ ներկայացուցիչ ունենալ «ԳազՊրոմ Արմենիա» ընկերության տնօրենների խորհրդում, այն էլ՝ առանց ձայնի իրավունքի: Սա նշանակում է, որ այսօր, երբ մենք խոսում ենք «Գազպրոմ Արմենիայում» արդյունավետության վերահսկման, կորուստների քաղաքականության վերահսկման մասին, ապա մենք պետք է ստույգ արձանագրենք, որ այսօր չունենք այն մեխանզիմները, որոնցով կարող ենք վերահսկել «Գազպրոմ Արմենիայում» ընթացող ներկորպորատիվ գործընթացները»:

Նույն պայմանագրով ընկերությունը պարտավորվել է տարեկան 10 տոկոս շահութաբերություն ապահովել: Փորձագետը կարծում է, որ պետք է նախ և առաջ Հայաստանի ձայնի իրավունքը վերականգնել:

Ընկերության կորուստները, ըստ Վահե Դավթյանի, մինչև 20 տոկոս են կազմում: Դրանք ունեն և օբյեկտիվ, և սուբյեկտիվ պատճառներ:

«Քրեական գործեր հարուցվեցին մի շարք ԱԳԼՃԿ-ների մասով, որոնք երկար ժամանակ խուսափում էին հարկ վճարելուց: Արդյուքնում բյուջեում մոտավոր 600-700 հազար դոլարի պակասուրդ էր գոյացել: Խոսքը նաև այն գազալցակայանների մասին է, որոնք պատկանում էին «Գազպրոմ Արմենիա»-ին, որոնց միջոցով գազի առևտուր էր իրականցանում Գազպրոմը»:

Էներգետիկ փորձագետը կարծում է, որ էներգետիկ քաղաքականության արդյունքում պետք է ՋԷԿ- երի տեսակարար կշիռը էներգագեներացման համակարգում նվազեցվի։ Այսօր այն 40-42 տոկոս է կազմում: Վահե Դավթյանը գազի սակագնի՝ սպառողների համար անփոփոխ թողնելու հետ կապված առաջիկա տարիներին լուրջ ռիսկեր է տեսնում. որոշ ենթակառուցվածքներ ռուսական կողմին փոխանցելու մասին է խոսքը :

«Կարող է դիտարկել նախ և առաջ էլեկտրաէներգետիկ հզորությունները: էլեկտրաէներգետիկ ոլորտում առկա ենթակառուցվածքները, քանի որ գազատրանսպորտային ամբողջ ենթակառուցվածքները պատկանում են «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը: Խոսքը կարող է գնալ նաև միջազգային նշանակություն ունեցող Հյուսիս-հարավ-ի որոշ հատվածների մասին: Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրական ցանցերի մասին կամ ՝ԲԷՑ-ի: Փորձն արվեց, 2017-ին, երբ համապատասխան պայմանագիր կնքվեց «Տաշիր Գրուպ» ընկերության հետ, սակայն, նոր իշխանությունները չեղյալ հայտարարեցին: Բայց փոխանցման փաստը խոսում է այն մասին, որ նմանատիպ ներուժ՝ կոմպենսացիոն բնույթի կարող է լինել»:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, սակայն կանխելով բոլոր մտահոգությունները` հերքում է նման հնարավորությունները: