ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Նոր խորհրդարանի քաղաքական դիմանկարը
2019-01-08 18:59:57

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը կգումարվի հունվարի 14-ին: Հենց այդ օրն իր լիազորությունները կավարտի  նախորդ գումարման խորհրդարանը ու օրենսդիրի իրավասությունը կփոխանցի նորընտիր Ազգային ժողովին:

 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն գրանցել է դեկտեմբերի 9-ի ընտրությունների արդյունքներով խորհրդարան անցած երեք քաղաքական ուժերի 132 պատգամավորներին:

Նրանք իրենց մանդատները կստանան հունվարի 10-ին կայանալիք հանդիսավոր արարողության ժամանակ: Մինչ պատգամավորները պատրաստվում են մեկնարկին, «Ռադիոլուրը»  փորձում է ամփոփել նոր խորհրդարանի քաղաքական դիմանկարը:

 

0:00
0:00

 

Նոր խորհրդարանը 7-րդն է Հայաստանի վերջին 20 տարիների քաղաքական պատմության մեջ, առաջինը՝ ընտրված  արտահերթ խորհրդարանական ընտրությունների  արդյունքում: Ունենալու է 132 պատգամավոր, 27-ով ավելի, քան նախորդ գումարման Ազգային ժողովը:

 

Փոխարենը 7-րդ գումարման խորհրդարանում լինելու է քաղաքական ուժերի ամենաքիչ ներկայացվածությունը: Բոլոր նախորդ գումարումներում խմբակցությունները 3-ից ավելին են եղել. 6-րդ գումարման Ազգային ժողովում ներկայացված էր 4 ուժ, 2-րդ, 3-րդ, 5-րդ գումարումներում՝ 6, 1-ինում և 4-րդում՝ 5:

 

Նոր խորհրդարանում կգործի 3 խմբակցություն:

 

Փոխարենը իշխող քաղաքական ուժը կունենա  ամենամեծ խմբակցությունը՝ բոլոր նախորդ գումարումների համեմատ: «Իմ քայլը» դաշինքը ստացել է 88 մանդատ: ՀՀԿ խմբակցությունը, որ անցած գումարումներում եղել է ամենամեծը, ամենաշատ պատգամավոր ունեցել է 5-րդ գումարման ընթացքում՝ 69:

 

Չմոռանալ. թե ինչ իրողությունների արդյունքում է ձևավորվել այս խորհրդարանը՝ հորդորում է «Իմ քայլը» դաշինքի անդամ Հովհաննես Իգիթյանը: Նրա գնահատմամբ՝  խորհրդարանը  ոչ ստանդարտ իրողությունների արդյունք է և կրում է հեղափոխության ազդեցությունը:

 

«Այն վերլուծաբանները , որոնք իրավիճակը փորձում են վերլուծել դասական ձևով, առանց հեղափոխության գործոնը հաշվի առնելու,  սխալվում են:  Պետք է հասկանանք, թե ինչ է կատարվել: Հաշվի առնելով հեղափոխությունը ՝ շատ նորմալ եմ համարում խորհրդարանի այսպիսի կառուցվածքը, որևէ վտանգ չեմ տեսնում, որովհետև ամենակարևորը որ ստացվեց նոր ուժերի մոտ, ազատ, արդար ընտրություններն են: Այսուհետ ժողովուրդն է որոշելու, թե ով է լինելու խորհրդարանում»:  

 

Մյուս տարբերությունը կազմի էական փոփոխությունն է: Նախորդ դեպքերում  յուրաքանչյուր հաջորդ գումարման խորհրդարանում լինում էր նախորդ կազմի համարյա 50 տոկոսը: Այս անգամ նոր խորհրդարանի կազմը նախորդի համեմատ փոփոխվել է մոտ 4/5-րդով:

 

Այսինքն, մոտ 100 պատգամավոր նորեկ է, և հազիվ 30 -ն են  նոր խորհրդարան գնում նախորդից: 88 հոգանոց «Իմ քայլում» պատգամավորական գործունեության փորձառություն ունեցողներն  ընդամենը 7-ն են, 18 հոգանոց «Լուսավոր Հայաստան» խմբակցությունում միայն երկուսը կլինեն նախորդից: Ամենաքիչ փոփոխվածը  խորհրդարանում կլինի  ԲՀԿ խմբակցությունը, որի 26 անդամներից  17-ը 6-րդ գումարումից են:

 

Նորընտիր ԱԺ-ում 132 պատգամավորներից 30-ը կամ 23 %-ը կանայք են: :

Նախորդ գումարման Ազգային Ժողովում  կանանց ներկայացվածությունը  20 %-ին չէր հասնում:

 

Եվ  այս խորհրդարանի հիմնական առանձնահատկությունը.  7-րդ գումարման Ազգային ժողովը հավակնում է ամենաերիտասրադը լինելու տիտղոսին: Նորընտիր պատգամավորների միջին տարիքը  30-ի շրջակայքում է:

 

Ամենաերիտասարդը «Իմ քայլը» դաշինքի անդամ Սոնա Ղազարյանն է՝ 25 տարեկան:

 

Խորհրդարանի հնաբնակներից Նաիրա Զոհրաբյանն ասում է՝  պառլամենտները տարիքային ցենզով չի գնահատում:   

 

«Կարելի է 25 տարեկանում  էլ լինել  դիլետանտ ու  ամբողջ կյանքում մնալ դիլետանտ: Կարելի է 60 տարեկանում ընտրվել և լինել պրոֆեսիոնալ  պատգամավոր: Այս պահին ձեռնպահ կմնամ խորհրդարանի բովանդակության մասով որևէ գնահատական տալուց, աշխատանքը ցույց կտա, բայց տարիքային զենզը ինձ բացարձակ չի հետաքրքրում: Կարևորը պրոֆեսիոնալիզմն է»:

 

Տարիքային ցենզի մասին մտահոգություններին իր օրինակով հակադարձում է նաև Հովհաննես Իգիթյանը:

 

«Ես 24 տարեկանում գլխավորել եմ խոշոր գիտահետազոտական լաբորատորիա, 29 տարեկանում առաջադրվել եմ ԳԽ պատգամավոր: Ես դրական եմ համարում բացասական փորձ չունենալը: Եթե նոր էջ ենք բացում, ապա բացենք նախորդ գործելաոճով չկաշկանդված մարդկանցով»:

 

7-րդ գումարման խորհրդարանում տարիքով ամենաավագը «Իմ քայլը» դաշինքի կազմում եզդիական համայնքի ներկայացուցիչ Կնյազ Հասանովն է: Նա, որպես  ամենաավագ պատգամավոր  կվարի նորընտիր խորհրդարանի առաջին նիստը` մինչև ԱԺ նոր նախագահի ընտրվելը։

 

Ի դեպ, Կնյազ Հասանովը որպես ամենաավագ պատգամավոր բացել է   նաև նախորդ  գումարման ԱԺ առաջին նստաշրջանը, միայն այն տարբերությամբ, որ նախորդում ՀՀԿ խմբակցության կազմում էր: