ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ղազախ իրավապահները ժամանել են Հայաստան
2019-01-08 19:16:04

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

Ամանորի գիշերը Կարագանդայում կատարված սպանության գործով միջազգային հետախուզման մեջ գտնվող հայազգի կասկածյալ Նարեկ Գուրուրյանը կոնֆլիկտից հետո փախել է Ռուսաստան, գրում է nur.kz-ն՝ Ղազախստանի ներքին գործերի նախարարությանը հղումով:

Նշվում է, որ կասկածյալը ռուս-ղազախական սահմանը հատել է Պավլոդարի նահանգում: Սահմանի հատումը տեղի է ունեցել հունվարի 1-ին՝ երեկոյան 22:00-ից հետո:

Աղբյուրը մանրամասնում է, որ հետախուզման գործի շրջանակում Ռուսաստան և Հայաստան են ուղարկվել օպերատիվ-քննչական խմբեր:

0:00
0:00

Կարագանդայում իրավիճակը կայուն է `վստահեցնում է Կարագանդայի հայկական մշակութային կենտրոնի ղեկավար Արթուր Նավասարդյանը: «Ռադիոլուրի» հետ զրույցում ասաց, որ ներքին գործերի նախարարությունը վերահսկում է իրավիճակը։

Կան որոշ ուժեր, որոնց ձեռնտու է ապակայունացումը Ղազախստանում և ինչ-ինչ նկրտումների տուրք չտալու համար իշխանությունները աչալրջություն են դրսևորում: Ցույցեր արդեն չկան, կուտակումներ՝ նույնպես:

«Հետևում են և փորձում են հանգցնել էդ ալիքը: Հսկողություն է օբյեկտներ մոտ»:

Նա վստահեցնում է, որ ղազախները դեմ են հարցին ազգային երանգ տալու որոշ ուժերի նկրտումներին: Ի՞նչ ուժեր են կանգնած, կամ ովքեր են շահագրգռված  կենցաղային հողի վրա տեղի ունեցած ողբերգական այդ դեպքի հիման վրա հակահայկական ալիքի առաջացմանը: Քաղաքագետ Կարեն Վերանյանը ադրբեջանական հետք է տեսնում.

«Ադրբեջանա- թուրքական տանդեմի կողմից իրականացվող քաղաքականությունն է»:

Այս կարծիքը մերկապարանոց չէ:

Ղազախական «ԲԱՍԵ» հեռուստաալիքը պարզել է, որ Կարագանդայում մահվան ելքով բախման գործով ադրբեջանցի կասկածյալների անունները փոխարինվել են հայկական անուններով: Ամեն դեպքում հստակ է , որ դեպքը կենցաղային հողի վրա է տեղի ունեցել, սակայն սոցցանցերում հակահայկական կոչեր էին հնչում որոշ ուժերի կողմից:  

Ավելի վաղ հետախուզման մեջ գտնվող Նարեկ Գուրունյանը հայտարարություն էր տարածել` նշելով, որ ոչ մեկին չի սպանել և պատրաստ է հանձնվել Ղազախստանի  իշխանություններին՝ խնդրելով ապահովել իր անվտանգություն ու իրականացնել թափանցիկ քննություն։

Ղազախստանի ներքին գործերի փոխնախարար Ժանատ Սուլեյմենովն էլ դեպքից մանրամասներ է հրապարակել, պատմելով, որ  մահվան ելքով ծեծկռտուքը ծագել է Հին Հռոմ ռեստորանի փակվելու մասին տեղեկացնելուց հետո: Հաճախորդները չեն ցանկացել լքել այն, սակայն  այսպես ասած, հրմշտոցով նրանց դուրս հանելուց հետո դարձյալ փորձել են բռնի ուժով ներխուժել ռեստորան ու սկսվել է ծեծկռտուքը:

Փոխնախարարը տապմել է, որ ծեծկռտուքին մասնակցել են ռեստորանի հաճախորդները, դրա տերերն ու աշխատակազմի անդամները: Ձեռնարկված օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է ծեծկռտուքին մասնակցած 14 անձանց ինքնությունը: Անձնակազմի կողմից կռվին մասնակցել է 9 մարդ, ներկայում մեկուսարանում է գտնվում ութ մարդ, 9-րդը՝ Գուրուրյանը, հետախուզման մեջ է:

ՆԳՆ-ից ևս մեկ անգամ ընդգծել են, որ ծեծկռտուքն ազգամիջյան դրդապատճառներ չի ունեցել ու զուտ կենցաղային բնույթ է կրել: