ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ի՞նչ են գրում թերթերը
2019-01-09 09:58:50
  • «Հայկական Ժամանակ». Ինչո՞ւ են ԱԺ «աքսորվում»
  • «Հայկական Ժամանակ». Պաշտոնանկություններ ԱԺ-ում . Արա Սաղաթելյանը դիմում է գրելու
  • «Առավոտ». «Իմ քայլի» եւ ԲՀԿ-ի համաձայնությունը «Լուսավոր Հայաստանին» չի կաշկանդել


Ինչո՞ւ են ԱԺ «աքսորվում»

Արդեն հայտնի է, թե ովքեր են լինելու խորհրդարանում «Իմ քայլը» դաշինքից: Սակայն «Հայկական Ժամանակ»-ն ուշագրավ է համարում երկու նախարարների՝ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի ու սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի, ինչպես նաև Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանի և Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանի գործադիր մարմնից օրենսդիր տեղափոխվելը: Խորհրդարան է գնում նաև վարչապետի խոսնակ Արման Եղոյանը:

Ըստ թերթի՝ կառավարության կուլիսներում խոսակցություններ են շրջանառվում, որ կառավարությունից Ազգային ժողով են գնում հիմնականում այն մարդիկ, որոնք իրենց աշխատանքով չէին գոհացնում Նիկոլ Փաշինյանին: Խոսքը, մասնավորապես, Շիրակի և Տավուշի մարզպետների և մշակույթի ու սփյուռքի նախարարների մասին է:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում կառավարության անդամների գործուղումն Ազգային ժողով չեն որակում նրանց վատ աշխատանքի արդյունք: «Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը նշել է, որ կառավարությունից խորհրդարան գնալը քաղաքական վերադասավորման արդյունք է. «Քաղաքական թիմը ճիշտ է գտել, որ այս մարդիկ ավելի օգտակար կլինեն Ազգային ժողովում: Միտումը ոչ թե նրանց գործադիր մարմնից հեռացնելն է, այլ նրանց պոտենցիալն ԱԺ-ում օգտագործելու նպատակն է»:

«Քաղաքական թիմը ճիշտ է գտել, որ այս մարդիկ ավելի օգտակար կլինեն Ազգային ժողովում: Միտումը ոչ թե նրանց գործադիր մարմնից հեռացնելն է, այլ նրանց պոտենցիալն ԱԺ-ում օգտագործելու նպատակն է»:

Մեկնաբանելով տեղեկությունները, թե գործադիրում վատ աշխատածները «աքսորվում են» խորհրդարան, վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Արման Եղոյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է. «Չեմ կարծում, որ խորհրդարանում աշխատելը պակաս պատասխանատու է, քան մարզպետ կամ նախարար աշխատելը»:

Պաշտոնանկություններ ԱԺ-ում . Արա Սաղաթելյանը դիմում է գրելու

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյանն ասել է, որ աշխատանքից ազատվելու դիմում է գրելու՝ նշելով, որ պարզապես չի ցանկանում զբաղեցնել այդ պաշտոնը: Արա Սաղաթելյանը խորհրդարանի աշխատակազմի ղեկավար էր նշանակվել 2017 թվականին:

Աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանն էլ ՀԺ-ի հետ զրույցում ասել է, որ աշխատակազմից այլ աշխատակիցներ աշխատանքից ազատվելու մասին դիմումներ չեն գրել. «Միշտ դիմում գրողներ կարող են լինել, բայց այս պահին այդպիսի բան չունենք: Մարդը միշտ ազատ է իր աշխատանքից դուրս գալու համար, բայց այս պահին չունենք այդպիսի բան»:

Հաշվի առնելով, որ Ազգային ժողովի ղեկավար կազմը փոխվում է, Արսեն Բաբայանից թերթը հետաքրքրվել է՝ արդյո՞ք այս հանգամանքով պայմանավորված սպասվում են պաշտոնանկություններ: «Ազգային ժողովի աշխատակազմը քաղաքական մարմին չէ, քաղաքականությամբ չի զբաղվում, իսկ առանձին անհատներ, եթե կցանկանան ԱԺ նոր ղեկավարության հետ աշխատել կամ չաշխատել, դա իրենց ցանկությունն է», պատասխանել է Արսեն Բաբայանը:

«Ազգային ժողովի աշխատակազմը քաղաքական մարմին չէ, քաղաքականությամբ չի զբաղվում, իսկ առանձին անհատներ, եթե կցանկանան ԱԺ նոր ղեկավարության հետ աշխատել կամ չաշխատել, դա իրենց ցանկությունն է», պատասխանել է Արսեն Բաբայանը:

Ըստ թերթի՝ տեղեկություններ կան, որ առաջիկայում Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի հետ հեռանալու են նաեւ նրա տեղակալներ Արսեն Բաբայանը եւ Ռուբեն Գրիգորյանը: Սակայն իր պաշտոնում մնալու ցանկություն ունի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Գագիկ Մխեյանը: ՀԺ-ին հասած տեղեկություններով՝ նա այս ընթացքում փորձել է ջերմ կապեր հաստատել Ալեն Սիմոնյանի հետ, իր պաշտոնը պահպանելու համար:

«Հայկական ժամանակ»-ը Գագիկ Մխեյանից հետաքրքրվել է՝ արդյո՞ք ճիշտ են իրենց հասած տեղեկությունները: «Ես աշխատում եմ մեծ պատասխանատվությամբ եւ շարունակելու եմ աշխատել մեծ պատասխանատվությամբ: Մնացածը հետագայում կերեւա: Բոլորը ինձ լավ ճանաչում են, իմ բնավորությունը գիտեն: Աշխատանքի բնականոն ընթացքն ապահովելու համար ես բոլորի հետ էլ լինում եմ շատ լավ հարաբերությունների մեջ: Դա մեր սուրբ պարտականությունն է, կապ չունի՝ պատգամավորը կլինի ԵԼՔ-ից, թե՝ ՀՀԿ-ից»,- ասել է Գագիկ Մխեյանը:

«Իմ քայլի» եւ ԲՀԿ-ի համաձայնությունը «Լուսավոր Հայաստանին» չի կաշկանդել

«Առավոտ»-ի տեղեկություններով՝ ԲՀԿ-ն եւ իշխող ուժը համաձայնության են եկել ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնի շուրջ: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարել է՝ տրամաբանական է, եթե այդ պաշտոնը զբաղեցնի առավել ձայներ ստացած խորհրդարանական խմբակցությունը: Սակայն, ըստ թերթի, վարչապետի այս հայտարարությունը եւ ԲՀԿ-ի հետ քաղաքական համաձայնությունը «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչներին չի կաշկանդել:

«Առավոտ»-ի հետ զրույցում Էդմոն Մարուքյանն ասել է, որ որեւէ հայտարարության ազդեցության տակ իրենց որոշումը չի կարող փոփոխվել: Իսկ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը նա համարում է «ՀՀԿ-ի ժամանակ ձեւավորված ավանդույթ» , որը գոնե հիմա պետք է փոփոխության ենթարկվի։

«Եթե ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնը պետք է տալ ամենից շատ ձայն ստացած ընդդիմադիր ուժին, ուրեմն Սահմանադրության մեջ պետք է գրված լինի այդպես: Բայց Սահմանադրությունն ասում է, որ ընդդիմադիր խմբակցություններից ընտրվում է փոխխոսնակ. հետեւաբար, կա ընտրություն, դրա համար էլ մենք առաջադրում ենք տիկին Թանդիլյանի թեկնածությունը, որ ընտրության հնարավորություն լինի»,- ասել է Էդմոն Մարուքյանը:

«Եթե ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնը պետք է տալ ամենից շատ ձայն ստացած ընդդիմադիր ուժին, ուրեմն Սահմանադրության մեջ պետք է գրված լինի այդպես: Բայց Սահմանադրությունն ասում է, որ ընդդիմադիր խմբակցություններից ընտրվում է փոխխոսնակ. հետեւաբար, կա ընտրություն, դրա համար էլ մենք առաջադրում ենք տիկին Թանդիլյանի թեկնածությունը, որ ընտրության հնարավորություն լինի»,- ասել է Էդմոն Մարուքյանը: