ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ուղղակի, լուռ փայտը տանում են անտառից
2019-01-09 10:59:30

Հասմիկ Դիլանյան

«Ռադիոլուր»

Արդեն մի քանի օր է, ինչ համացանցում ակտիվորեն քննարկվում է Բնապահպանի տուն նախաձեռնության տարածած հաղորդագրությունն ու տեսագրությունը: «Դիլիջան» ազգային պարկում հայտնաբերվել է 15 հատված ծառ՝ փորագրված տառերով: Բնապահպանի տուն նախաձեռնության ղեկավար Գոռ Հովհաննիսյանը «Ռադիոլուրին» փոխանցեց.

«Անցած ամիս տեղի է ունեցել ծառահատում, ամենայն հավանականությամբ դեկտեմբերին: Կան բազմաթիվ չընկած ծառեր, որոնք ընկնելու են: Տակը կտրել են, որ հետո ծառը ընկնի, մնացածը թող ոստիկանությունը ճշտի, քանի որ դա իմ գործը չի: Իմ գործը որպես նախաձեռնության ղեկավար նման դեպքերը գտնելն ու ուշադրության արժանացնելն է, որպեսզի մարդիկ հասկանան, որ ունենք լուրջ խնդիրներ, որոնք աչքաթող են արվել»:

Հովհանիսյանը հատված ծառերը երկու օր առաջ է հայտնաբերել. «Բոլորը բարձր ծառեր են, եթե չեմ սխալվում հացենիներ: Շատերը կարող են ասել, որ հատումները բիզնես նպատակ չեն հետապնդել, բայց շատերը տեսնելով, ասում են, որ այո, բիզնես նպատակով է»:

Ոչ թե հացենի, այլ հիմնականում հաճարենի՝ «Ռադիոլուրին» պարզաբանեց «Դիլիջան» ազգային պարկի տնօրեն Սուրեն Աղաջանյանը: Նաև նշեց՝ ծառահատումները դեկտեմբերի 9-ին են տեղի ունեցել: Անտառապահները հայտնաբերել ու ոստիկանությանն են ներկայացրել: «Ընտրության օրը, որ ժողովուրդը զբաղված է եղել, էդ օրը հատել են, ծառերը տեղում են»:

Զրուցակիցս վստահեցնում է՝ անտառը դադարել է բիզնես լինելուց: Իսկ հատված ծառերի վրա տառեր են փորագրել.

«Արդեն այո, բիզնես չի: Վերացրել ենք էդ պահը, բոլորը գիտեն: Էդ ծառերի վրա անուններ կան, մի տեղ ինչ-որ C է գրված»:

Էկո-մեդիա ցանցի համահիմնադիր Նարինե Կիրակոսյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ընդգծեց՝ եթե «Դիլիջան» ազգային պարկի աշխատակիցներն իսկապես եղել են պարկի տարածքում, ինչո՞ւ հատված ծառերի վրա նշումներ չկան, գրանցամատյաններում նույնպես չկան: Կիրակոսյանին խնդրեցինք ամփոփել ապօրինի ծառահատման դեպքերն ընդհանրապես.

«Կարող եմ ասել, որ ոչ մի բան է չի փոխվել: Ուղղակի լռակյաց փայտը տանում են անտառից: Անտառը շարունակում է դիտարկվել որպես բիզնես»:

Զրուցակիցս նշեց նաև, որ վառելափայտը բավականին թանկացել է: Ավելին, վաճառվող փայտն էլ է թանկարժեք: Բացի այդ, արձանագրեց՝ հատկապես Լոռու մարզերի համայնքներում անտառները հատվում են, նորերը տնկվում, սակայն որևէ տեղ չեն գրանցվում: Մինչ այժմ ՀՀ-ում անտառների քարտեզագրում նույնպես չի կատարվել՝ արձանագրեց:

0:00
0:00