ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Վրաստանում համաճարակ չկա, պնդում են ոլորտի պատասխանատուները
2019-01-09 18:20:44

Գիտա Էլիբեկյան
«Ռադիոլուր»-Թբիլիսի 

Վրաստանի Առողջապահության նախարարությունը վստահեցնում է, որ երկրում համաճարակ չկա․ խոզագրիպից գրանցված մահվան 13 դեպքերի հիմնական պատճառը հիվանդների խրոնիկական հիվանդություններն են կամ ժամանակին բժիշկներին չդիմելը:

«Ռադիոլուր»-ին Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնից տեղեկացրել են, որ կարանտինային միջոցառումներ չեն ձեռնարկվում սահմաններում՝ խորհուրդ տալով առաջին նշանների դեպքում դիմել բժշկի

0:00
0:00

Այս տոնական օրերին, երբ Վրաստանը հարևան երկրների հազարավոր քաղաքացիների համար դարձել է Ամանորը դիմավորելու նախընտրելի վայր, խոզագրիպը տագնապալի ցուցանիշներ է արձանագրում։ Միայն Հայաստանից ավելի քան 25 հազար քաղաքացի է Ամանորն անցկացրել Թբիլիսիում ու այլ քաղաքներում։ Երկրի անցակետերում գրիպի դեպքում, սակայն, վերահսկողություն չի իրականացվում«Ռադիոլուր»-ին տեղեկացրեց հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի փոխտնօրեն Պաատա Իմնաձեն,

 «Դա ընդամենը գրիպ է, որի դեմ պայքարում առաջնորդվում ենք առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդատվությամբ։ Ձմռանը գրիպի առկայությունը բնական է, նույնիսկ մեզ մոտ ավելի վատ վիճակ է եղել նախկինում»։  

Վերջին մեկ ամսվա ընթացքում H1N1 վիրուսից, որը հայտնի է խոզագրիպ անվամբ, 13 մարդ է մահացել։ Ոլորտի պատասխանատուները սակայն ասում են, որ համաճարակային վիճակ չկա, հույս հայտնելով, որ չի էլ լինի․

«Այս պահին հիվանդության դեպքերը կրճատվել են, սակայն ցուցանիշը դեռևս բարձր  է։ Ամեն դեպքում մենք կանխատեսում ենք, որ մինչև այս շաբաթվա վերջ այն էլ ավելի կնվազի, սակայն ինչպես սովորաբար լինում է, հնարավոր է հիվանդության երկրորդ ալիքը բարձրանա փետրվարի վերջերին» ։

Այս պահի դրությամբ մանկապարտեզների աշխատանքը, ինչպես նաև ուսումնական գործընթացը դպրոցներում չի հետաձգվի։ Այն, ինչպես որոշված էր, կվերսկսվի հունվարի 14-ին։ Երկրի Առողջապահության նախարար Դավիթ Սերգեենկոյի խոսքով, անհրաժեշտ դեղորայքի դեֆիցիտը բացառվում է. երկրում բավականաչափ դեղորայք կա:

«Մենք ունեցել ենք ավելի քան 277 հիվանդացության դեպք, այժմ ​​256 է, ինչը նշանակում է, որ մենք համաճարակ չունենք»:

Նախարարի խոսքով, երկրում համաճարակ համարվում է, երբ 100 հազար բնակչի հաշվով արձանագրվում է շուրջ 450 դեպք։

Գրիպի այս տեսակը՝ H1N1-ը, շրջանառվում է 2009-ից և դարձել է սեզոնային վիրուս, որը սովորաբար առավել ագրեսիվ է դրսևորվում։ Մասնագետները կոչ են անում քաղաքացիներին ուշադիր լինել, վիրուսի նախանշանների դեպքում դիմել բժշկի։