ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ի՞նչ են գրում թերթերը
2019-01-10 10:08:27
  • «Հայկական Ժամանակ». Մանդատները՝ այսօր
  • «Հայկական Ժամանակ». Կհրապարակվի՞, թե ինչ միջոցներով են ձեռք բերել
  • «Առավոտ». «Եթե հանրությունը հիմնվելու է ինչ-որ Anonymus-ի ցուցակի վրա, ուրեմն՝ լուրջ խնդիր ունենք»
  • «168 ժամ».Գազի թանկացումը կարժենա լրացուցիչ 30 մլն դոլար. Ո՞վ պետք է վճարի այդ գումարը

Մանդատները՝ այսօր

Այսօր 7-րդ գումարման Ազգային ժոողովի պատգամավորներին մանդատները հանձնելու է Հայաստանի ամենատարեց ընտրողներից Բավական Փիլոյանը՝ «Հայկական ժամանակ»-ին ասել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը: Բավական Փիլոյանը 103 տարեկան է, բնակվում է Լոռու մարզի Սարահարթ համայնքում: ՀԺ-ի հարցին՝ արդյո՞ք նման տարիք ունեցող քաղաքացին կարող է մանդատները հանձնել, Մուկուչյանը պատասխանել է. «Դե կտեսնենք, ի վիճակի՞ է, թե՝ ոչ, իրազեկել ենք, սպասում ենք»:

7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորների մանդատները հանդիսավոր հանձնվելու են Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Նախատեսվում է, որ Բավականի Փիլոյանից զատ պատգամավորներին մանդատներ կհանձնեն եւս 27 ընտրողներ, որոնք մասնակցել են 2018 թվականի խորհրդարանական արտահերթ ընտրություններին:

Հայաստանի տասներեք տարածքային ընտրատեղամասերից պատահական սկզբունքով ընտրվել է երկու հոգի: Մանդատներ բաժանողների մեջ կան նաեւ քաղաքացիներ, որոնք առաջին անգամ են քվեարկությանը մասնակցել:

Թերթը նաև նշում է, որ 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը տեղի է ունենալու հունվարի 14-ին: Այն վարելու է տարիքով ամենամեծ պատգամավոր Կնյազ Հասանովը: Նա այս ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցությունից է, իսկ 6-րդ գումարման խորհրդարանում՝ ՀՀԿ-ից էր:

Կհրապարակվի՞, թե ինչ միջոցներով են ձեռք բերել

«Հայկական ժամանակ»-ը փորձել է պարզել, թե «Քառյակ Մեդիա» ընկերությունը, որը Հայաստանի ամենամեծ մեդիա հոլդինգից՝ «Պանարմենիանից» գնել է «Արմնյուզ» հեռուստաընկերությունը, «Լավ ռադիոն» և «Թերթ.ամ» լրատվական գործակալությունը, ինչ միջոցների հաշվին է ձեռք բերել այդ լրատվամիջոցները: Սակայն սեփականատերերից թեմայի շուրջ տեղեկություններ չի կարողացել ստանալ: ՀԺ-ն Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ ժ/պ Տիգրան Հակոբյանից հետաքրքրվել է՝ մեր օրերում արդյոք հե՞շտ է մեդիա գնել:

«Չեմ կարող հստակ բան ասել, բայց հաշվի առնելով «Արմնյուզի» տեխնիկական հագեցվածությունը և տեղը տեղեկատվական դաշտում, բավականին մեծ գումար կարժենա: Հ/Ը գնահատելը շատ դժվար է, աշխարհում մեթոդաբանություն ընդհանրապես չկա, ինչ գին սեփականատիրոջ հետ պայմանավորվեն: Նայած, թե ինչի հետ են առնում՝ շենքի, տեխնիակայի հետ, թե՝ ոչ: Անձնակազմը մնալու է, թե՝ ոչ»,-ասել է Տիգրան Հակոբյանը:

«Եթե հանրությունը հիմնվելու է ինչ-որ Anonymus-ի ցուցակի վրա, ուրեմն՝ լուրջ խնդիր ունենք»

«Առավոտ»-ն անդրադարձել է օրերս «Anonymus» անվամբ ցանցահենների խմբի կողմից հրապարակված բրիտանական նախագծերից մեկի արխիվի փաստաթղթերին, ըստ որի՝ հայաստանյան մի շարք հայտնի փորձագետներ որակվում են որպես «ռուսական քարոզիչներ» եւ «ռուսական շահերի ներկայացուցիչներ»: Նրանց թվում է քաղաքագետ, ՀՀ նախագահի խորհրդական Թեւան Պողոսյանը: «Առավոտ»-ի հետ զրույցում նա համոզմունք հայտնել, որ նման հրապարակումներին պետք չէ լուրջ վերաբերվել, եւ տեղեկատվությունը նախեւառաջ պետք է ստուգել:

«Իմ քսան տարվա գործունեությունը հայտնի է, իմ բոլոր ելույթներն ու հարցազրույցները հասանելի են հասարակությանը, ուստի թող վերջինս ինքը դատի»,-նկատել է Թեւան Պողոսյանը: Ըստ նրա՝ ներկայումս տեղեկատվական պատերազմի փուլում ենք, երբ թշնամիները փորձում են նման հրապարակումներով հանրային կարծիքներ եւ տրամադրություն ձեւավորել:

«Չպետք է թույլ տալ, որպեսզի դրսի կամ ներսի այս կամ այն ուժերը մեր հանրության շրջանում տրամադրություններ ձևավորեն: Այդ ցուցակում հիմնականում ընդգրկված են հանրային գործիչներ: Նրանց բոլորի դիրքորոշումն էլ մարդկանց հայտնի է: Եթե հանրությունն այդ ամենի հիման վրա չի ձևավորելու իր կարծիքը, այլ հիմնվելու է ինչ-որ Anonymus-ի ցուցակի վրա, ուրեմն՝ լուրջ խնդիր ունենք»,-եզրափակել է Թեւան Պողոսյանը:
 

«Չպետք է թույլ տալ, որպեսզի դրսի կամ ներսի այս կամ այն ուժերը մեր հանրության շրջանում տրամադրություններ ձևավորեն: Այդ ցուցակում հիմնականում ընդգրկված են հանրային գործիչներ: Նրանց բոլորի դիրքորոշումն էլ մարդկանց հայտնի է: Եթե հանրությունն այդ ամենի հիման վրա չի ձևավորելու իր կարծիքը, այլ հիմնվելու է ինչ-որ Anonymus-ի ցուցակի վրա, ուրեմն՝ լուրջ խնդիր ունենք»,-եզրափակել է Թեւան Պողոսյանը:

Գազի թանկացումը կարժենա լրացուցիչ 30 մլն դոլար. Ո՞վ պետք է վճարի այդ գումարը

«168 Ժամ»-ի հաշվարկներով գազի թանկացումը Հայաստանի համար կարժենա լրացուցիչ շուրջ 30 մլն դոլար։ Դա այն գումարն է, որը պետք է վճարվի ներմուծման գինը 15 դոլարով բարձրացնելու դեպքում։ Անկախ նրանից, թե ով կվճարի այն, գումարը դուրս է գալու Հայաստանից։ Մինչդեռ, ինչպես թերթն է նշում, 30 միլիոնը քիչ ռեսուրս չէ ներքին տնտեսության ու տնտեսական ծրագրերի իրականացման համար։

Գին չբարձրացնելն այս փուլում ընդամենը ժամանակավոր լուծում է։ Ամեն ինչ կապված է լինելու «Գազպրոմ Արմենիա» ընկերության հետ Հայաստանի կառավարության կողմից վարվող բանակցություններից։ Սակայն թերթին մտահոգում է հարցը՝ այդ ընթացքում ո՞վ պետք է վճարի գազի ներմուծման գնի բարձրացված մասի համար։

Կառավարությունը մտադիր է գազի ներմուծման գնի բարձրացման ծանրությունը դնել գազամատակարար ընկերության վրա։ Հիմնական հույսը համակարգի ծախսերի օպտիմալացումն ու կորուստների կրճատումն է։

Սրա հետ կապված «168 ժամ»-ը հիշեցնում է, որ ներմուծման գնի պահպանման պայմաններում երկու տարի առաջ «Գազպրոմ Արմենիան» հանդես եկավ սակագները նվազեցնելու սեփական նախաձեռնությամբ՝ հույս ունենալով, որ դա կնպաստի սպառման ծավալների ընդլայնմանը։ Իջեցվեց ինչպես՝ բնակչության, այնպես էլ՝ խոշոր սպառողների գազամատակարարման սակագինը։ Բայց ակնկալիքները չարդարացան։ Ու հիմա ընկերությունը կանգնած է կորուստները վերականգնելու խնդրի առջև։

Թեև դեռևս չեն ամփոփվել տարեկան ցուցանիշները,այնուհանդերձ, ըստ թերթի, անցած սակագնային տարվա առաջին երեք եռամսյակի ցուցանիշները վկայում են, որ գազի սպառման ծավալի աճն այնպիսին չէ, ինչպիսին ակնկալվում էր:

«Հաշվի առնելով այն հանգամանքը,որ սակագնի նվազեցման հետ կապված ակնկալիքները չեն բավարարվել՝ ընկերությունը հայտնվել է փաստի առջև։ Մինչև այժմ սակագնի նախորդ նվազեցման հետևանքով առաջացած ֆինանսական ճեղքվածքը փակվել է մայր ընկերության՝ «Գազպրոմի» հաշվին։ Պաշտոնական տվյալներով,նախորդ երկու տարիներին այդ նպատակով հատկացվել է տարեկան ավելի քան 13 մլրդ դրամ, ինչը համարժեք է ավելի քան 26 մլն դոլարի։

«Գազպրոմն» այլևս մտադիր չէ կրել այդ բեռը։ Մի բան, ինչը նշանակում է, որ այն փոխհատուցելու հիմնական հույսը ևս մնում է «Գազպրոմ Արմենիայի» վրա։ Աղբյուրներից մեկն էլ կարող է լինել ներքին սակագինը», -գրում է թերթը։