ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Կպետականացվի՞ Ծաղկաձորի ճոպանուղին. Կոտայքի մարզպետն ընդդեմ Ծառուկյանի՞
2019-01-10 12:01:27

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

Ծաղկաձորի ճոպանուղու կառավարման մոդելը պետք է փոխվի մասնավորից պետականի. Կոտայքի մարզպետի մոտեցումն է: Ռոմանոս Պետրոսյանը ճոպանուղու սեփականատիրոջ ու շահագործողի փոփոխության կարիք է տեսնում: «Ռադիոլուրը» հետաքրքրվել է ճոպանուղու ներկա խնդիրներով ու դրան առնչվող ծրագրերով՝ փորձելով նաեւ պարզել, ինչն է հարուցել ճոպանուղուց օգտվող առողջապահության նախարարի դժգոհությունը:

0:00
0:00

Կոտայքի մարզպետի համար առնվազն տարօրինակ է, որ հանրապետության ամենալուրջ զբոսաշրջային օբյեկտներից մեկից՝ Ծաղկաձորի ճոպանուղուց ստացվող խոշոր եկամտից ոչ մի դրամ չի ուղղվում քաղաքի բյուջե ու որեւէ կերպ չի նպաստում առնվազն տուրիստական ենթակառուցվածքների զարգացմանը: Փոփոխություն է պետք՝ ասում է մարզպետը «Ռադիոլուրի» հետ զրույցում:

«Պարզապես պետք է շահագործման եւ տնօրինման իրավունքը վերապահվի կամ պետական որեւէ ընկերության, կամ համայնքային ենթակայության տակ գործող կոնցեսիոն համաձայնագրով որեւէ ընկերության: Իսկ շահաբաժնից որոշակի մաս պետք է ուղղվի այն քաղաքի եւ տուրիստական այն գոտու ենթակառուցվածքների զարգացմանը, որտեղ շահագործվում է, իմ սուբյեկտիվ գնահատմամբ, գերշահույթ հետապնդող օբյեկտը»:

Կոտայքի մարզպետը պատրաստվում է կառավարությանը ներկայացնել Ծաղկաձորի ճոպանուղու կառավարումը մասնավորից պետականի փոխանցելու առաջարկ: Ճոպանուղին, ըստ իրավաբանական անձանց պետռեգիստրի, շահագործում է «Լեռնատուր» ընկերությունը, որի 50% բաժնեմասը պատկանում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին: Իսկ կոմիտեի նախագահը պատգամավոր Գագիկ Ծառուկյանն է։ Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ ճոպանուղու բաժնեմասերի մյուս 50%-ը պատկանում է «Հեսպեր Վենչըրս» ՍՊԸ-ին՝ գրանցված է ԱՄՆ-ի Արկանզաս նահանգում։ Մարզպետ Պետրոսյանը փոխանցում է այս մասով իրեն հայտնի տեղեկությունը, բայց եւ շեշտում՝ դա դեռ ճշգրտման ենթակա է:

«Ճոպանուղու իրավական առումով պատկանելությունն այս պահին չեմ կարող ասել, բայց փաստացի այն շահագործվում է Օլիմպիական կոմիտեի կողմից արտոնված ինչ-որ ՍՊԸ-ի կողմից, եւ, իմ ունեցած տվյալներով, վերջինս «Մուլտի Գրուպ» կոնցեռնի մաս է կազմում: Իմ ունեցած տվյալներով»:

Ռոմանոս Պետրոսյանը դեռ մանրամասն չի ուսումնասիրել, թե մասնավոր ընկերության կողմից ճոպանուղու շահագործման պայմանագիրը ինչ ժամկետեր ու պարտավորություններ է ենթադրում, ու որքանով է իր առաջարկն ուղղակիորեն առնչվելու Գագիկ Ծառուկյանին: Առաջիկայում կուսումնասիրեն ու ամենաարդյունավետ լուծումները կառաջարկեն՝ վստահեցնում է: Մարզպետը խնդիրներ է տեսնում ոչ միայն օդային փոխադրամիջոցի կառավարման, այլեւ գնային քաղաքականության առումով: Ճկուն չէ՝ ասում է, Ծաղկաձորում մեկ օրով հանգստացողների համար առանձին գներ են պետք, եվրոպական լավագույն փորձն ու նոր լուծումներ են պետք: Ճոպանուղին շահագործող ընկերության եւ այլ տնտեսվարողների հետ փոխհարաբերություններում եւս մութ կետեր են հնարավոր՝ չի բացառում մարզպետը:

«Ճոպանուղու վերին հատվածներում ժամանցի կազմակերպման, հյուրերի կոմֆորտի ապահովման, լանչ-կաֆետերիաների բավականին մեծ պահանջարկ-պակաս կա, սակայն չգիտեմ ինչու, որեւէ տնտեսվարող հայտ չի ներկայացնում: Այստեղ ես որոշակի միտում եմ տեսնում: Սակայն միայն խորազնին ուսումնասիրություն իրականացնելուց հետո կարող եմ հանդես գալ ինչ-որ հայտարարությամբ»:

Իսկ ճոպանուղու տնօրեն Աշոտ Կարապետյանը «Ռադիոլուրին» վստահեցնում է՝ իրենք էլ զարգացման իրենց ծրագրերն ունեն: Փակագծերը դեռ չեն բացվում, բայց խոստումներ հնչում են:
«Մի փոքրիկ գաղտնիք բացեմ ձեզ՝ գարնանը մեծ աշխատանքներ ունենք կատարելու ճոպանուղու հետ կապված՝ ավելացնել, եւ այլն, եւ այլն: Բայց թող դա դեռ գաղտնիք մնա, կանենք՝ անակնկալ թող լինի: Շատ բաներ կան անելու»:

Ծաղկաձորում իր հանգիստն անցկացնող առողջապահության նախարարն օրեր առաջ ֆեյսբուքում գրառմամբ տարակուսել էր, թե ինչու է ընթացքի պահին ճոպանուղին կանգ առել, ու 20-25 րոպե մարդիկ մնացել են ճոպանուղու վրա սառած՝ այդպես էլ չիմանալով պատճառը: Արսեն Թորոսյանը դժգոհել էր նաեւ Ծաղկաձորի դահուկային գոտում աշխատանքների կազմակերպումից՝ նկատելով, որ դահուկորդներն ավելի շատ ժամանակ են ծախսում տոմս գնելու և ճոպանուղու հերթերի մեջ, դանդաղընթաց ճոպանուղիների վրա, քան սահելու, չնայած պետք է լիներ հակառակը։ Ճոպանուղու տնօրենը խնդրին արձագանքում է այսպես:

«Այո, նման բան եղել է մեզ մոտ: Բայց ճոպանուղու կանգը տեւել է ոչ թե 20 րոպե, այլ 12-13 րոպե: Մեզ մոտ քամու թույլատրելի արագությունը 13-15մ/վ է, բայց քամու արագությունն այդ պահին գերազանցել էր դա՝ հասնելով 23-24 մ/վ-ի: Մարդկանց անվտանգությունից ելնելով՝ ինքս էի հրահանգել անջատել ճոպանուղին ու տարհանել մարդկանց»:

Ճոպանուղու տնօրեն Աշոտ Կարապետյանը փորձում է նաեւ փարատել մամուլում պարբերաբար հնչող մտահոգությունները, թե ճոպանուղին անվտանգության փորձաքննություն չի անցնում ու վտանգավոր օբյեկտ է:

«Միանշանակ, ճոպանուղին անվտանգության խնդիր չունի: Մեր կարգախոսն է՝ մեր հաճախորդների, մեր հյուրերի անվտանգությունը մեզ համար ամենակարեւորն է: ԱԻՆ-ի հետ մենք անցել ենք փորձաքննություն 3-4 ամիս առաջ»:

Կոտայքի մարզպետն իր հերթին բացատրում է՝ տեխնիկական անվտանգության մասով փաստաթղթեր ու բացատրություններ պահանջելու իրավասություն իրենք չունեն, քանի որ տեխնիկական սարքինության եւ ստուգումների պատասխանատուն ԱԻՆ-ի մարզային կառույցն է: Բայց, որպես մարզի ղեկավար, ինքը պահանջել է անվտանգության հավաստիացումներ, որոնք եւ ստացել է: Իսկ ճոպանուղուն առնչվող մյուս հարցերի պատասխաններն ու լուծումները մարզպետը դեռ փնտրում է: