ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ներե՞լ, թե՞ շարունակել պատիժը. որտեղ է մարդասիրության սահմանը
2019-01-10 18:44:32

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Ցմահ դատապարտյալները հերթական նամակն են ուղղել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, բայց  նամակն այս անգամ արդեն կոչ-ահազանգ որակել:

Ահազանգի առիթը 25 տարի անազատության մեջ անցկացրած Արմենակ Մնջոյանի մահն է։ Ցմահ դատապարտյալները վարչապետին հորդորում են  քննարկել  իրենց  ներման խնդրագրերը և լուծումներ փնտրել  ցմահ դատապարտյալների՝ տարիներ շարունակ բարձրացվող խնդրին:

Նամակի տարածման հետ գրեթե միաժամանակ  մամուլում տեղեկություն հայտնվեց, թե ներման հանձնաժողովը՝ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի գլխավորությամբ, դրական եզրակացություն է տվել Մհեր Ենոքյանին ներում շնորհելու նախագծին։ Տեղեկությունը հակասական մեկնաբանությունների առիթ է դարձել:

0:00
0:00

Նախորդ տարեվերջին՝ դեկտեմբերի 25-ին, կայացվեց դատական պրակտիկայում ոչ հաճախ հանդիպող  որոշումներից  մեկը. դատարանի դահլիճից  ազատ  արձակվեց  ցմահ դատապարտյալ Վահագն Մարուքյանը։  

 

«Ես 25 տարի, 3 ամիս սպասել եմ էս օրվան»:

 

Վահագն Մարուքյանը կալանավորվել էր 1993 թվականին՝ 19 տարեկանում՝ մեղադրվելով  Ռազմական ոստիկանության պետի դիտավորյալ սպանության մեջ:  Դատարանը հաշվի էր առել նրա առողջական ծանր վիճակը և պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդությունները:

 

Նման մեկ այլ որոշում էլ  ավելի վաղ՝ հոկտեմբերին,  կայացրել էր  Երևանի  ընդհանուր իրավասության դատարանը՝ պատժի հետագա կրումից պայմանական վաղաժամ ազատ արձակելով Միացյալ Նահանգներում 96-ին  ցմահ ազատազրկման դատապարտված Կարեն Օգանեսյանին: Նա մեղավոր էր ճանաչվել երկու անձի սպանության մեջ, 1996-ից մինչև 2009-ի հոկտեմբեր պատիժը կրել ԱՄՆ-ում, իսկ 2009 թվականին տեղափոխվել Հայաստան:

 

Իսկ առաջին դեպքը, որ ցմահ ազատազրկման դատապարտվածը ազատ արձակվեց դատարանի դահլիճից, 2015-ին էր: Հոկտեմբերին դատարանն ազատ արձակեց  Սողոմոն Քոչարյանին՝  անբուժելի հիվանդության պատճառով, նոյեմբերին,  սակայն, նա մահացավ հիվանդանոցում:  

 

4-րդը կարող էր լինել Արմենակ Մնջոյանը, նրա գործին, սակայն դատարանը անդրադառնալ չհասցրեց: Մնջոյանը, որ 96-ին մահապատժի էր դատապարտվել «Դրո»-ի գործով, իսկ 2003-ից  դարձել էր ցմահ ազատազրկված,  մահացավ օրերս՝ առողջության կտրուկ վատացման պատճառով բժշկական կենտրոն  տեղափոխվելուց  անմիջապես հետո:

Իսկ մի քանի ամիս առաջ ցմահ դատապարտյալների հարազատները բողոքում էին Ազգային ժողովի շենքի դիմաց, և նրանց մեջ նաև Արմենակ Մնջոյանի կինն էր: Հույս ուներ, որ համաներումն ինչ-որ կերպ կանդրադառնա նաև ցմահ դատապարտյալների վրա:

«Կալանավորվեց Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք, երկու նախագահներ փոխվեցին, բայց պատժի մեջ ոչինչ չփոխվեց: Հիմա հույս ունենք, որ ինչ-որ բան կփոխվի»:

Օրերս ցմահ դատապարտյալները հերթական նամակն էին ուղղել իշխանություններին: Նիկոլ Փաշինյանին, մասնավորապես  հորդորել էին քննարկել  իրենց  ներման խնդրագրերը, նշել էին, որ սպասում են կոնկրետ քայլերի ու հույս ունեն, որ դրանք չեն ուշանա: Նամակի տարածման հետ գրեթե միաժամանակ մամուլում տեղեկություն տարածվեց այն մասին, որ ներման հանձնաժողովը՝ արդարադատության նախարարի պաշտոնակատարի գլխավորությամբ, դրական եզրակացություն է տվել  ցմահ դատապարտյալներից  մեկին՝ Մհեր Ենոքյանին ներում շնորհելու նախագծին։

Արդարադատության նախարարությունից  տեղեկությունը ոչ հաստատել,  ոչ հերքել չեն կարող այն հիմնավորմամբ, որ ներման հանձնաժողովի նիստերի օրակարգում ընդգրկված հարցերը հրապարակման եթնակա չեն:  Որևէ դատապարտյալի որևէ խնդրագրի և դրա ընթացքի վերաբերյալ տեղեկությունները հրապարկման ենթակա չեն ՝ «Ռադիոլուրին»  փոխանցեցից  արդարադատության նախարարությունից:

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը, որ տարիներ շարունակ զբաղվել է ցմահ դատապարտյալների խնդիրներով,  թեմային անդրադառնալուց առաջ նախ ուշադրում է հրավիրում հենց տեղեկության տարածման փաստի վրա:

«Այդ ինչպես եղավ, որ ներման հանձնաժողովի որոշումը դարձավ հանրության սեփականությունը : Սա լուրջ խնդիր է, որովհետև մինչև հիմա մենք երբեք չենք իմացել ներման հանձնաժողովի որոշումների մասին»:

Իշխանյանը կարծում է, որ ցմահ դատապարտյալների խնդիրները իրավական և հասարակական հարթությունում են: Իրավական հարթությունում, ասում է, մի քանի կազուսներ կան:

Իրավական այլ խնդիրներ էլ կան, բայց դրանցից ոչ պակաս կարևոր են հասարակական ընկալումները:  Դրանք միանշանակ չեն, հաճախ նախ հակասկան են կամ տրամաբանությունից դուրս՝ ասում է իրավապաշտպանը:

«Մի կողմից տարբեր պատճառաբանություններ են փնտրում, թե ինչու իշխանություններն ուշացրրին Մնջոյանի ազատ արձակումը, մյուս կողմից , երբ ներելու հարց է բարձրացնում, սկսում են դա քննադատել»:

Իշխանյանը համոզված է, որ պետությունը պետք է առաջնորդվի իրավական ու մարդասիարական մոտեցումներով: Ինչ վերաբերում է խնդրի ամենանուրբ կողմին, երբ խոսքն արդեն տուժողների, նրանց իրավունքների ու ընկալումների մասին է:

Իսկ սա դրսևորվեց հենց Մհեր Ենոքյանի հնարավոր ներման մասին տեղեկության հրապարակումից հետո: Ըստ դատավճռի՝ Ենոքյանը  հանցավոր համաձայնությամբ ընկերոջ՝ Արամ Հարությունյանի հետ, 1996թ. հուլիսին դաժանությամբ սպանել է իր համակուսեցուն՝ Իոսիֆ Աղաջանովին: Նրա ծնողներն այսօր բաց նամակով դիմել են Նիկոլ Փաշինյանին և Արմեն Սարգսյանին հորդորով ՝ չներել Մհեր Ենոքյան անունով մարդասպանին: 

Ըստ Ներման մասին օրենքով սահմանվող ընթացակարգի`ներման հանձնաժողովը ներման խնդրագիրն ստանալուց հետո` քսանօրյա ժամկետում, Վարչապետին ներկայացնում է եզրակացություն, որը խորհրդատվական բնույթ ունի:

Վարչապետն էլ տասնհինգօրյա ժամկետում, Հանրապետության նախագահին ներկայացնում է ներման խնդրագիր ներկայացրած անձին ներում շնորհելու կամ ներման շնորհումը մերժելու մասին առաջարկություն: