ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Օգնում ես ուրիշին՝ օգնում ես ինքդ քեզ
2019-01-11 12:20:24

Ալիսա Գևորգյան

«Ռադիոլուր»

Ինչու Մյանմայում՝ նույն Բիրմայում, որտեղ մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն տարեկան կազմում է ընդամենը 1350 դոլար, բարեգործական նպատակով մարդիկ ծախսում են անհամեմատ ավելի մեծ գումար, քան, օրինակ, 60 անգամ ավելի հարուստ Նորվեգիայում: Կամ՝ ինչու են Ինդոնեզիայում երկու անգամ ավելի շատ զբաղվում կամավորությամբ, քան՝ Գերմանիայում: Բարեգործության հիմքում, պարզվում է, ամենևին էլ նյութական բարեկեցությունը չէ, և ուրեմն…փորձենք բացահայտել ՝ միաժամանակ բացահայտելով նաև Հայաստանի զբաղեցրած տեղը աշխարհի բարեգործական քարտեզի վրա:

0:00
0:00

Գելափ միջազգային կազմակերպության հրապարակած զեկույցը, ըստ էության, ներկայացնում է աշխարհն ըստ մարդկանց մեծահոգության աստիճանի ու բարեգործություն անելու պատրաստակամության: Աշխարհի 146 երկրի շուրջ 150 հազար բնակիչների շրջանում անցկացված հարցումների արդյունքում՝ բարեգործների թվով առաջատար երկիրը Մյանման է:

Վերջին մեկ ամսվա ընթացքում արդյո՞ք ծախսել եք գումար բարեգործական նպատակով, զբաղվե՞լ եք կամավորական գործունեությամբ կամ օգնե՞լ եք որևէ անծանոթի, հարցերին Մյանմայում դրական է արձագանքել հարցվածների 88 տոկոսը: Բարեգործության ցուցանիշով Մյանմային հաջորդում են Ինդոնեզիան, Ավստրալիան:

Ունե՞նք արդյոք հետազոտություն՝ որքանով են Հայաստանի քաղաքացիները պատրաստակամ ուրիշներին օգնելու հարցում: Գելլափ միջազգային կազմակերպության Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանն ասաց, որ նման հետազոտություն կա, սակայն «Ռադիոլուրին» խոստացավ տվյալները հրապարակել ավելի ուշ՝ պայմանագրային պարտավորություններով պայմանավորված:

Ուրիշներին օգնելու հարցում հայերի ակտիվության ցուցանիշը գնահատելիս ՀՕՄ շրջանային վարչության ատենապետուհի Համեստ Սասունյանն ասում է, որ մարդկանց բարեգործական ծրագրերում ու կամավորական աշխատանքում ներգրավելը Հայաստանում ամենևին էլ հեշտ գործ չէ.

«Կամավորական աշխատանքի ավանդույթը Հայաստանում դեռ ձևավորված չէ։ Սփյուռքում այդ առումով աշխատանքը շատ ավելի հեշտ է կազմակերպվում: Բայց ես փոփոխություն եմ տեսնում Հայաստանի նոր սերնդի մտածողության մեջ և կարծում եմ, որ ժամանակի ընթացքում դրական տեղաշարժ կլինի»:

«Ժողովրդից՝ ժողովրդին» կարգախոսով ՀՕՄ-ը Հայաստանում իրականացնում է բազմաթիվ ծրագեր: Սոցիալական ո՞ր խմբերին են մարդիկ այսօր ավելի սիրահոժար տրամադրում իրենց միջոցները՝ հարցիս ՀՕՄ ատենապետուհին արձագանքում է.

«Սահմանամերձ համայնքներին, բազմազավակ ընտանիքներին և հատկապես վիրավոր զինծառայողներին՝ հայրենիքի պաշտպաններին»:

Բարեգործության հանդեպ վերաբերմունքի ցուցանիշը գնահատելիս՝ հոգեբան Կարինե Նալչաջյանն առանձնացնում է անձն ու պետությունը:

«Հայաստանը հարուստ երկիր չէ և այլ երկրներին ուղղված նյութական օժանդակություններով աչքի չի ընկնում, բայց չմոռանանք, որ անհրաժեշտության դեպքում հայ փրկարարներն առաջինն են մեկնում օգնության»,-ասում է հոգեբանն ու ասվածից հետևություն անում՝ օգնելու մղումը կա, պարզապես մեր պետության հնարավորություններն են սահմանափակ: Ինչ վերաբերում է անհատին, ապա, ըստ նրա, հայ մարդը հակված է օգնելու դիմացինին և դրա մասին վկայում է նաև մեր ազգային բանահյուսությունը:

Գելլափ միջազգային կազմակերպության զեկույցի համաձայն՝ երկրագնդի շուրջ 7.6 միլարդ մարդուց 2.2 միլիարդը 2018-ին օգնել է այլ մարդկանց, 1.4 միլիարդը գումար է ծախսել բարեգործական նպատակով, 1 միլիարդ մարդ աշխատել է որպես կամավոր: Միաժամանակ, ակնհայտ է, որ բարեգործության հանդեպ վերաբերմունքը երկրներում խիստ տարբեր է:

Ի՞նչն է մարդուն մղում բարեգործության, սոցիալական, մշակութային ու հոգեբանական ինչպիսի գործոններ են ազդում ուրիշներին օգնելու մարդկանց ցանկության վրա: Մասնագետներն ասում են՝ սոցիալական միջավայրը, երկրի կենսամակարդակը, որդեգրած արժեհամակարգը, մշակույթը, կրոնը, անգամ աղետները և այլն: Հոգեբան Կարինե Նալչաջյանի խոսքով՝ բարեգործությունն ավանդաբար երկու հիմնական սայր ունի, դա ինչպես կարիքավորին օգնելու, այնպես էլ սեփական ինքնագնահատականը բարձրացնելու նպատակ ունի: Օգնում ես ուրիշին, օգնում ես ինքդ քեզ: Սա օրինաչափություն է: