ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
2019 վճռորոշ՝ Ֆեյսբուքի համար
2019-01-12 12:00:22

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Ֆեյսբուքի համար կա երկու նորություն` լավ եւ վատ: Լավ նորությունն այն է, որ 2018 թվականն ավարտվել է: Վատը՝ որ սկսվեց 2019-ը: ԲԻ-ԲԻ-Սի-ի վերլուծաբանը կանխատեսում է, որ այս տարին ՖԲ սոցիալական ցանցի համար վճռորոշ է լինելու:

Այն չի կարողանալու խնդիրներից խուսափել միայն մեկ ներողությամբ եւ կարող է հայտնվել տուգանքների տեսքով պատասխանատվություն կրելու չափազանց ծանր բեռի տակ:

Փորձագետները նկատում են, որ «Facebook»- ը շարունակում է ներգրավել նոր օգտվողների, բայց ոչ այն երկրներում, որտեղ ընկերությունը ցնցված է սկանդալներով:

ԱՄՆ-ում, օրինակ, ըստ ուսումնասիրողների, նախորդ տարվա երեք եռամսյակների ընթացքում ընդհանրապես աճ չկա, իսկ Եվրոպայում այդ թիվը փաստացի նվազել է: Արդյոք ՖԲ-ի շուրջ այդ սկանդալները կարո՞ղ են ազդել այս սոցցանցի հայաստանցի օգտատերերի վրա:

Չնայած հայկական թավշյա հեղափոխության օրերին «Ֆեյսբուքի» ունեցած անուրանալի դերին, հայ փորձագետն, այնուամենայնիվ, այսպես ասած, Ֆեյսբուքից արտագաղթի միտումներ արձանագրել է:      

0:00
0:00

«ԲԻ-Բի-Սի»-ի վերլուծաբանը շատ ծանր տարի է կանխատեսում «Ֆեյսբուք» ընկերության համար: Բավականին ժամանակ է, ինչ ընկերության շուրջ անհատական տվյալների պաշտպանության խնդիրների հետ կապված սկանդալները չեն դադարում: Դրանք կարող են հանգեցնել այնպիսի ելքերի, որոնք ընկերության համար կնշանակեն հսկայական ու ծանր տուգանքներով պատժվելու հեռանկար:

Այդ ամենին անդրադառնալով՝ վերլուծաբանը հակիրճ ներկայացրել է, թե  ի՞նչ կարող է տեղի ունենալ Facebook- ի հետ տարվա ընթացքում:

Բանն այն է, որ Իռլանդիայի տվյալների պաշտպանության կոմիտեն դեկտեմբերին հայտարարեց, որ հետաքննություն է սկսել Facebook- ի գործունեության նկատմամբ՝ կապված անհատական տվյալների պաշտպանության կանոնների մի շարք խախտումների հետ:  

«Այս որոշման հետեւանքները կարող են լինել հսկայական: Կարգավորող մարմինները գործում են  իրենց համար նոր միջավայրում՝ կիրառելով խիստ օրենքներ, որոնք խիստ պատժամիջոցներ են նախատեսում այն ընկերությունների նկատմամբ, որոնք բավարար ուշադրություն չեն դարձնում օգտագործողների տվյալների պաշտպանությանը»:

Անհատական տվյալների պաշտպանության միջազգային ասոցիացիայի մասնագետների ղեկավար Քեթի Կոլիրինն էլ, ահա, հայտարարել է, մեջբերում,

«Հանձնաժողովի ուշադրությունը կկենտրոնացվի այն բանի վրա, թե տվյալների պաշտպանության ի՞նչ միջոցառումներ է իրականցնում «Ֆեյսբուք»-ը: Եթե դրանք  համարվեն ոչ բավարար, ապա կարող են ընդունվել  բավականին կոշտ վարչական որոշումներ»:

Այսինքն, եթե հանձնաժողովը եզրահանգի, որ Facebook- ը տվյալների պաշտպանության մասով օրենք է խախտել, դա ընկերության համար շատ կլորիկ գումարի կորուստ կնշանակի՝ տուգանքի ձեւով: Խնդիրն այն է, որ «Ընդհանուր տվյալների պաշտպանության մասին» եվրոպական նոր օրենսդրության համաձայն, որն ուժի մեջ է մտել անցյալ տարվա  մայիսին, տուգանքը կարող է հասնել խախտող ընկերության համաշխարհային եկամտի 4% -ին: Սա Facebook- ի պարագայում կարող է կազմել 1,5 մլրդ դոլար: Այս տուգանքը, սակայն, չի կարող լինել վերջինը: Ըստ բրիտանացի վերլուծաբանի՝ հնարավոր է եւս մեկ տուգանք, քանի որ ԱՄՆ-ի Դաշնային առեւտրային հանձնաժողովն էլ իր հերթին է սկսել ուսումնասիրել Facebook- ի կողմից իրականացվող 2011 թ. կնքված պայմանագրի կատարումը: Այս պայմանագրով նույնպես անհատական տվյալների հավաքագրման եւ տարածման հարցով ընկերությունը պարտավորություններ է ստանձնել, մասնավորապես՝ օգտատերերի համաձայնությունը ստանալու վերաբերյալ: Վերլուծաբանի եզրահանգումը այս դեպքում մեկն է, մեջբերում ենք,

«Եթե ​​հանձնախումբը եզրահանգման գա ոչ ընկերության օգտին, ապա այդ դեպքում տուգանքն արդեն աստղաբաշխական թվեր են նստելու ընկերության վրա: 2011-ին կնքված պայմանագրով նախատեսվում է յուրաքանչյուր խախտման դեպքում 40 հազար դոլարի տուգանք: Այսինքն՝ ԱՄՆ-ում գտնվող յուրաքանչյուր օգտատիրոջ դեպքում կգործի այդ տուգանքը, իսկ ԱՄՆ-ում ՖԲ սոցցանցի օգտատերերի թիվը մոտ 80 միլիոն է: Պարզ բազմապատկման դեպքում՝ ՖԲ-ի դեմ կիրառվելիք տուգանքը կկազմի 3.2  տրիլիոն  դոլար»:    

Ամերիկյան փորձագետները, սակայն, կարծում են, որ իրականում դա, իհարկե, քիչ հավանական է՝ նկատելով, որ ԱՄՆ-ում խնդիրը ոչ թե ամերիկյան ընկերություններին խանգարելն է, այլ՝  նրանց կողմից կանոններ խախտելուն խոչընդոտելը: «Washington Post»- ին տված հարցազրույցում Ամերիկյան սպառողների պաշտպանության վարչության նախկին ղեկավար Դավիթ Վլադեկն է նման կարծիք հայտնել:

Մեջբերում ենք.

«Այս դեպքում տուգանքի չափը կլինի միլիարդ դոլար կամ մի փոքր ավելի: Հանձնաժողովը մտադիր է հստակեցնել, որ շատ լուրջ է վերաբերում տվյալների պաշտպանության մասին համաձայնությանը»:

Սրանով, սակայն, այս տարվա ընթացքում ՖԲ-ի առջեւ ծառացող խնդիրները չեն ավարտվում: ՖԲ-ի գլխին «կախված է» նաեւ մասնատման վտանգը: Դրա անհրաժեշտության մասին տեսակետը պաշտպանվում է տարբեր երկրներում եւ քաղաքական սպեկտրի տարբեր կողմերից, քանի որ Facebook- ը դարձել է չափազանց մեծ եւ հզոր: 

Թեեւ Մարկ Ցուկերբերգն անցած տարվա ապրիլին Սենատում ցուցմունքի ժամանակ շեշտել էր, թե «իրենք շատ մրցակիցներ ունեն»՝ առանց անուններ տալու, սակայն, հավատացողները շատ չեն, քանի որ գերիշխող է տեսակետը, որ Facebook- ին իրական այլընտրանք չկա, քանզի «WhatsApp» եւ  «Instagram» պլատֆորմները նույնպես պատկանում են  ՖԲ ընկերությանը: «New Statesman» ամսագիրն էլ հավանական է համարում տրոհումը մի քանի ընկերության՝ Facebook, WhatsApp, Instagram եւ Facebook Messenger:

Ի՞նչ ձեւով լուծումներ կգտնվեն այս բոլոր խնդիրներին՝ 2019 թվականին-կան տարբեր առաջարկներ: Ըստ էության՝ խնդիրը ոչ միայն «Ֆեյսբուք»-ինն է, այլ՝ անձնական տվյալների հավաքագրման եւ օգտագործման բոլոր սոցիալական ցանցերինը: Օրինակ, «Google»-ը նույնպես շատ ուշադիր հետեւում է այդ առաջարկների ճակատագրին:

Փորձագետները նկատում են, որ «Facebook»- ը շարունակում է ներգրավել նոր օգտվողների, բայց ոչ այն երկրներում, որտեղ ընկերությունը ցնցված է սկանդալներով: ԱՄՆ-ում, օրինակ, ըստ ուսումնասիրողների, նախորդ տարվա երեք եռամսյակների ընթացքում ընդհանրապես աճ չկա, իսկ Եվրոպայում այդ թիվը փաստացի նվազել է: Հայաստանում ՖԲ-ի դերը 2018-ի հեղափոխական իրադարձություններում անուրանալի է համարվում: Արդյոք ՖԲ-ի շուրջ այդ սկանդալները կարող են ազդել այս սոցցանցի հայաստանցի օգտատերերի վրա: Ոլորտի հայաստանցի փորձագետ Սամվել Մարիտիրոսյանի դիտարկումը լսենք.

«Հեղափոխության օրերին եւ դրան հաջորդող մի քանի ամիսներին կտրուկ աճ եղավ եւ, ամենայն հավանականությամբ,  «Օդնոկլասնիկի» բավականին մեծ զանգված, այսպես ասած, «արտագաղթեց դեպի «Ֆեյսբուք» եւ մոտ 100 հազար աճ տվեց: Հետո, կարելի է ասել, որ այդ աճը կանգնեց եւ վերջին կես տարին աճ չկա: Մյուս կողմից՝ աճ կա «Ինստագրամում»: Այսինքն, ակնհայտ երեւում է, որ ինչ-որ չափով, նույնիսկ՝ մի քանի տասնյակ հազար դուրս եկան եւ տեղափոխվեցին «Ինստագրամ»: Հիմնականում՝ երիտասարդությունը»:

Ըստ փորձագետի՝ Հայաստանում ՖԲ-ից օգտվողների քանակը վերջին շրջանում եւ այս պահի դրությամբ «սառչել է», այսինքն՝ ոչ ավելանում, ոչ պակասում է:

ԱՄՆ-ում, մինչդեռ, անհատական տվյալների հետ կապված ՖԲ-ի շուրջ ծավալված սկանդալներից հետո 1000 օգտատիրոջ շրջանում անցկացված մի հետազոտությամբ պարզվել է, որ հարցվածների 31% -ը մտադիր է ՖԲ սոցցանցն օգտագործել ավելի քիչ, քան մինչ այդ էր: Արդյո՞ք այս գործընթացը շարունակվելու է: Ճշգրիտ ցուցանիշներ կարող են լինել հունվարի 30-ին, երբ ընկերությունը հայտարարի իր ֆինանսական արդյունքներն ու  դրանց հետ միասին` վիճակագրական տվյալներ: