ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Շարունակո՞ւմ է գիրքը պահպանել առաջնայնությունը
2019-01-12 15:00:16

Իզաբել Սահակյան
Ռադիոլուրի համար

Անկախ տեխնիկայի առաջընթացի և օնլայն հարթակների առաջարկած հնարավորություններից՝ շատ ընթերցողների համար գիրքը շարունակում է պահպանել առաջնայնությունը2018թ. Հայաստանում վաճառվել է ռեկորդային թվով գրքեր: «Թքած ունենալու նուրբ արվեստը» և վարչապետի «Երկրի հակառակ կողմը» գրքերն այդպես էլ  չզիջեցին իրենց «առաջնային» դիրքը:  

 

0:00
0:00

 

Քիչ ընթերցելու մասին կարծրատիպը կոտրված է, իսկ գիրք  կարդալը՝ կրկին  նորաձև: 2018թ. յուրահատուկ էր նաև գրքերի վաճառքի ցուցանիշով: Տարվա ամենավաճառված գիրքը Մարկ Մենսոնի «Թքած ունենալու նուրբ արվեստն» է, որից միայն «Բուկինիստ» գրախանութում վաճառվել է 5134 օրինակ:

Իսկ Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» գիրքը վաճառքի թվով երկրորդ տեղում է՝ մոտ 4000 օրինակ:


«Եթե մի տարվա ընթացքում մենք վաճառում էինք 500 օրինակ գիրք՝ նույն գրքից, մենք համարում էինք, որ դա հաջողված պրոեկտ է, գիրքը լավն է»,- շեշտում է «Բուկինիստ» գրախանութի տնօրեն Խաչիկ Վարդանյանը։

Նրա կարծիքով՝ վերջին տարիներին փոխվել է նաև հայաստանյան հրատարակիչների մոտեցումը: Պահանջարկի նկատմամբ ուշադրությունը մեծացել է, իսկ գրքերի որակը՝ բարձրացել:

«
Հայաստանում հրատարակված գրքերը մրցունակ են աշխարհի լավագույն հրատարակությունների հետ: Իհարկե՝ բոլորը չէ, բայց դրսում էլ բոլորը լավը չեն»,- վստահեցնում է գրախանութի տնօրենը։

Խաժակ Գյուլնազարյանի անվան գրադարանի վարիչ Սուսաննա Սոսոյանի խոսքով էլ ՝ գիրքը երբեք դուրս չի մղվել մրցակցությունից: Պարզապես այն, ինչ ընթերցում էին երեկ, այսօր այդքան էլ  պահանջված չէ: Նրա խոսքով հատկապես պահանջված  են նոր լույս տեսնող գրքերը, որոնք ավելի թարմ են և լավ են գովազդվում:

Սուսաննա Սոսոյան. «Գովազդը լսելուց հետո անմիջապես գալիս են գրադարան: Այսինչ գիրքը դուք ունե՞ք: Դե, ինչպես գիտեք, գրադարաններն այդքան շուտ չեն համալրվում: Նոր հրատարակված գիրքը շատ արագ, կարճ ժամանակահատվածում չի կարող հասնել գրադարան»:

Իսկ որքանո՞վ է մեծ գովազդի ազդեցությունը գրքի ընտրության հարցում, «Ռադիոլուրը» փորձել է ճշտել մեր ընթերցասեր  համաքաղաքացիներից:

«Գրքերը չեմ ընտրում համացանցում տեսնելով կամ գովազդների հիմման վրա, բայց «Թքած ունենալու նուրբ արվեստը» գիրքը շատ գովազդվեց: Ամեն  երկրորդ գրառման մեջ նշված էր այդ գրքի անունը»:

«Փաշինյանը կոնկրետ անձի հետ կապված է: Հեղինակի գործոնը կա»:

«Նիկոլ Փաշինյանի գիրքը սկսել եմ կարդալ, որովհետև մեծ աղմուկ էր բարձրացել: Տպավորություններս դեռ չեմ կարող ասել, որովհետև դեռ չեմ ավարտել գիրքը, բայց կարող եմ ասել, որ այն ստանդարտ գրականություն չէ»:


Վերջին երկու տարիներին մեծ հետաքրքրություն են առաջացրել Ջորջ Օրուելի «Անասնաֆերմա» և «1984» գրքերը: Ամենաընթերցված հեղինակներից են Պաուլո Կոելիոն, Ռեմարկը, Կաֆկան, Ումբերտո Էկոն: Սուսաննա Սոսոյանը  վստահեցնում է՝  դասական գրականությունն անտեսվել չի կարող: