ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Այսօր կգումարվի նոր խորհրդարանի առաջին նիստը
2019-01-14 09:12:53

7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը կմեկնարկի այսօր՝ առավոտյան ժամը 10-ին: Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի համաձայն խորհրդարանի առաջին նստաշրջանի օրակագարում Ազգային ժողովի նախագահի, Ազգային ժողովի նախագահի 3 տեղակալների ընտրությունները, մշտական հանձնաժողովների ձևավորումը և դրանց նախագահների ընտրություններն են:

Արդեն հայտնի է, որ ԱԺ նախագահի պաշտոնում «Իմ քայլը» դաշինքն առաջադրելու է Արարատ Միրզոյանի թեկնածությունը: Իսկ իշխանական ուժի ԱԺ փոխնախագահների թեկնածուներն են Լենա Նազարյանը և Ալեն Սիմոնյանը: ԱԺ ընդդիմադիր՝ 3-րդ փոխնախագահի պաշտոնում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պատրաստվում է առաջադրել Վահե էնֆիաջյանի, իսկ «Լուսավոր Հայաստան»-ը Մանե Թանդիլյանի թեկնածությունը:

Առաջին նստաշրջանում՝ մինչ կառավարության ձևավորումը, օրենսդրության համաձայն գործադիր մարմինը քննարկման կարող է դնել կառավարության կառուցվածքային փոփոխությունների նախագիծը:

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող օրինագիծն արդեն դրված է շրջանառության մեջ և կառավարությունը մտադիր է օգտվել այդ հնարավորությունից: Նախագծով առաջարկվում է նախարարությունների թիվը կրճատել՝ 17-ից հասցնելով 12-ի:

Այս անգամ ԱԺ-ն վարչապետ չի ընտրի, քանի որ նորընտիր խորհրդարանի պարագայում, օրենքի համաձայն, հանրապետության նախագահը վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին: Սահմանադրության 150-րդ հոդվածի համաձայն՝ վարչապետի նշանակումից հետո 15-օրյա ժամկետում կկազմավորվի կառավարություն, իսկ դրան հաջորդող 20 օրյա ժամկետում նոր կառավարությունը կներկայացնի իր գործունեության ծրագիրը:

Կառավարության ծրագիրն Ազգային ժողով ներկայացվելուց հետո՝ 24 ժամվա ընթացքում, Ազգային ժողովի նախագահը պետք է հայտարարի հարցի քննարկմանը նվիրված նիստի օրը և ժամը: Առաջին նստաշրջանի ավարտին հաստատվում է կառավարության ծրագիրը, որից հետո Ազգային ժողովի նախագահը հանդես է գալիս հերթական նստաշրջանի գումարման օրվա մասին հայտարարությամբ:

7-րդ գումարման խորհրդարանի 3 խմբակցությունների («Իմ քայլը» դաշինք, «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան») 132 պատգամավորներն իրենց մանդատները ստացել են հունվարի 10-ին:

Իշխանական «Իմ քայլը» դաշինքը խորհրդարանում ներկայացված կլինի 88 պատգամավորով: Խմբակցությունը ղեկավարելու է մշակույթի նախկին նախարար Լիլիթ Մակունցը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 26 պատգամավորով, խորհրդարանական երկրորդ քաղաքական ուժն է: Իսկ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը նոր խորհրդարանում կունենա 18 պատգամավոր:

տես նաև՝