ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Միացյալ Նահանգներում մեկնարկել են Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները
2018-11-06 15:21:44

ԱՄՆ-ում այսօր Կոնգրեսի միջանկյալ ընտրություններ են: Արևելյան ափին ընտրատեղամասերն արդեն բացվել են: Ավելի ուշ քվեարկությունը կմեկնարկի նաև Միացյալ Նահանգների մյուս հատվածներում:

35 մլն ամերիկացներ արդեն մասնակցել են վաղաժամկետ ընտրություններին, ինչը տեղական ԶԼՄ-ների գնահատմամբ սպասվող բարձր մասնակցության մասին է վկայում: 2014 թվականին միջանկյալ ընտրություններում վաղաժամկետ քվեարկությանը մասնակցել էր 20 մլն քաղաքացի:

Այս ընտրություններում ԱՄՆ ներկայացուցիչների պալատը (կոնգրեսի ստորին պալատը) կվերընտրվի ամբողջ կազմով, իսկ սենատը մասնակիորեն: 36 նահանգներում զուգահեռ կընթանան նահանգապետի ընտրություններ:

Շրջանառվող գնահատականների համաձայն դեմոկրատներն ավելի մեծ շանսեր ունեն կոնգրեսի ստորին պալատում մեծամասնություն դառնալու համար: CNN հեռուստակայանի հարցումը ցույց է տվել, որ դեմոկրատներին կհաջողվի ներկայացուցիչների պալատում մեծամասնություն ապահովել և 435 տեղից ստանալ 225-ը:

Եթե Դեմոկրատական կուսակցությանը հաջողվի կոնգրեսի պալատներից որևէ մեկում մեծամասնություն դառնալ, նրանք հնարարավորություն կստանան սահմանափակել հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքական լիազորությունները՝ դեմ քվեարկելով նրա նախաձեռնություններին:

Դիտորդների կարծիքով, այս ընտրությունները ամերիկացիների վերաբերմունքի ցուցիչը կդառնան գործող նախագահի նկատմամբ , որի ձեռնարկները մի շարք հարցերում վիճահարույց ու անկանխատեսելի են և հաճախ միանշանակ չեն ընկալվում: