ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ձյան մաքրման աշխատանքները Արմավիր քաղաքում երեկոյան են սկսվել
2019-01-14 17:36:49

Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»-Արմավիր   

Արմավիրում տեղացած առաջին ձյունը խոչընդոտներ չի ստեղծել երթևեկության համար: Դեռ երեկոյան Արմավիր քաղաքում սկսել էին  ձյան մաքրման աշխատանքները: Արմավիրի քաղաքապետարանը բավարար քանակությամբ  աղ ու ավազի պաշար ունի, որը կուտակվել էր դեռ անցած անձյուն ձմեռվանից: Թեպետ ձյուն մաքրող բազմաֆունկցիոնալ տեխնիկա չունեն, բայց եղած տեխնիկական միջոցներով բացվել են քաղաքի բանուկ երթևեկելի փողոցները:  Բաց են նաև Արմավիրի մարզի տարածքով անցնող միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհները:

Երեկ երեկոյան Արմավիրում տեղաց առաջին ձյունը և կարելի է ասել այստեղ  ձմեռը մտավ իր իրավունքների մեջ: Ձմեռային միապաղաղ երեկոն փոխարինվեց աշխույժությամբ: Մարդիկ մինչև ուշ երեկո զբոսնում էին ու վայելում ձյունը: Արմավիրում արդեն երկու տարի ձմեռն անցնում էր առանց ձյան: Ուրախացել են հատկապես փոքրերը:

«Երբ գիշերը պատուհանից տեսանք ձյուն է գալիս, շատ ուրախացանք,  իջանք բակ ու մինչև ժամը 11-ը խաղացինք: Ձնագնդի էինք խաղում, ձնեմարդ պատրաստում»:


Ձյան տեղումներն ուրախություն թե հոգս են պատճառում քաղաքացիներին հարցախույզն անցկացրի Արմավիրի փողոցներում: Մարդկանց կարծիքները տարբեր էին, բայց բոլորն էլ գրեթե ուրախացել էին ձյան գալով, քանի որ օդը մաքրվում է բազմատեսակ միկորբներից, նվազում են վերին շրչուղիներով փոխանցվող հիվանդությունները:

Արմավիրում առաջին ձյան գալն անակնկալ չէր ոչ Արմավիրի քաղաքապետարանի և ոչ էլ Բարեկարգում տնօրինության համար: Երեկոյան արդեն գործի էր դրվել ձյուն մաքրող տեխնիկան, առավոտյան մայթերին շաղ էին տալիս աղ ու ավազ:

Արմավիրի քաղաքապետարանի «Բարեկարգում» տնօրինութան տնօրեն Լևոն Գրիգորյանը թեպետ արձակուրդում է, սակայն դեռ երեկոյան հետևում էր ճանապարհների մաքրման աշխատանքին:


«Մենք պատրաստ էինք դրան, ունենք բավականաչափ քանակությամբ աղ ու ավազ: Աղը պահեստում է, ավազը լցրել ենք մեր տնօրինության բակում: Ամբողջ գիշեր աշխատել ենք»:

Աղի ու ավազի պակաս չունեն, կուտակել են նոյեմբեր ամսին, բացի այդ պահեստավորել էին նաև նախորդ անձյուն ձմեռվա համար նախատեսված աղի ու ավազի մնացորդը: Այս ձմռան համար նախատեսվել է ձեռք բերել 500 հազ դրամի աղ ու ավազ, իսկ ունեցածի համար ծախսվել էր 450 հազ. դրամ: Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանն ու փոխքաղաքապետերը գիշերվանից հետևում են փողոցների մաքրմանը:

«Այժմ աշխատում է 5 տեխնիկա, բավարարում է, բայց անհրաժեշտ է մեկ բազմաֆունկցիոնալ մեքենա, որի միջոցով աղ ու ավազ շաղ կտրվի, միաժամանակ կմաքրու ու կավլի: Տեխնիկական պարկը հին է»:


Քաղաքացիները գնահատում են կատարվող աշխատանքները:

«Գիշերվանից աղ ու ավազ են լցնում փողոցներում, լավ է, եթե չարվեր, ապա առավոտյան սառած կլիներ, ապրեն»:

«Առաջընթաց կա»:

«Մաքրում են փողոցները, տեսնում ենք, բայց  իրավիճակի փոփոխություն դեռ չենք զգում, հույս ունենք, որ լավ կլինի»:

Արմավիրի մարզի միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհները բաց են, որոնք սպասարկում են ճանապարհաշինական 3 կազմակերպություն: Արմավիրի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետի ժամանակավոր պաշտըոնակատար Աշոտ Հովհաննիսյանը նշեց, որ առավոտյան սպասարկող 3 ձեռնարկությունն էլ գործի են դրել իրենց տեխնիկան ու ապահովել մեքենաների երթևեկությունը:

0:00
0:00