ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ալավերդի, Շնող. գործարանները փակ են, մարդիկ՝ գործազուրկ
2019-01-18 18:39:35

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Սպառողական վարկեր, չվճարման հիմքով դատական  ակտեր, սոցիալական ծանր վիճակ. Ալավերդի և խոշորացված Շնող համայնքների  բնակիչներն այսպես են բնութագրում իրենց առօրյան:

Թեղուտում աշխատակիցներն արդեն մեկ տարի է գործազուրկ են, Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցների պայմանագրերի ժամկետը երկարացվել է երկու ամսով՝ մինչև փետրվարի 28-ը: Նրանք, ի տարբերություն Թեղուտի աշխատակիցների,  ստանում են իրենց աշխատավարձի 2/3-ը: Երկու գործարանի աշխատակիցներն էլ, սակայն, անորոշության ու սպասման մեջ են:

Իսկ բանկերը, ջարկային կազմակերպությունները, ու ԴԱՀԿ-ն՝ չեն  սպասի: Աշխատակիցներն  այսօր վարկերի ժամանակավոր սառեցում են ակնկալում:

0:00
0:00
 

Անորոշություն. «Ռադիոլուրի» զրուցակիցը Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցներից է։ Արդեն մի քանի ամիս է, ինչ անորոշ է  գործարանի ճակատագիրը: Ահա թե ինչպես նա բնութագրում  ներկա իրավիճակը.

«Մեր մոտ սոցիալական վիճակը շատ ծանր է, օր օրի վատանում է, առևտուրը կրճատվել է կիսով չափ, տաքսիստները գործ չունեն, լուրեր են պտտվում, որ մեր գազի գրասենյակում նույնպես պետք է աշխատակիցների կրճատումներ լինեն, քանի որ սպառումը  կտրուկ նվազել է, մարդիկ էլ մասսայական չեն կարողանում վարկերը մուծել, ընկնում են սև ցուցակներ»:

Արդեն մեկ տարի է, ինչ փակ է  Թեղուտի գործարանը, մի քանի ամիս է՝ Ալավերդու պղնձաձուլարանը:  Աշխատակիցների աշխատանքային պայմանագրերը ևս երկու ամսով՝ մինչև փետրվարի 28-ը երկարաձգվել են, սակայն սոցիալական խնդիրները գնալով խորանում են: Գործարանի աշխատակից Արմեն Կիրակոսյան.

«Այս պահին քաղաքում շատ վատ վիճակ է՝ համեմատած անցյալ տարիների: Խնդիրը զուտ աշխատատեղերին է վերաբերում, քաղաքում այլընտրանք չկա:

Արդեն մի քանի օր է, ինչ Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցները գույքագրում են աշխատակիցների վարկային պարտավորությունները։ Պատկերը  մտահոգիչ է, հիմնականում սպառողական վարկեր ունեն, նախադատական փուլ է սկսվել.

«Մենք մի քանի հոգով ցուցակագրում ենք անում՝ Ալավերդու պղնձաձուլարանի  մասով,  ահավոր վիճակ է՝ 99.9 տոկոսը վարկեր  ունի, վարկերը մուծելու խնդիր կա, շատերին կանչում, ծանուցումներ են տալիս՝ նախադատական։ Չգիտեմ՝ այս հարցերը ոնց են լուծելու: Մարդ կա 1 մլն դրամի վարկ ունի, մարդ կա՝ 4 մլն դրամի: Միջինը մեկ աշխատողի վարկը կազմում է  2 մլն դրամ»:


Շնող խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը «Ռադիոլուրին» փոխանցեց՝  իր տեղեկություններով   առևտրային բանկերն ու    վարկային կազմակերպությունները 43 քաղաքացու նկատմամբ դատական վարույթ են հարուցել։ Այդ համայնքի  բնակիչներն էլ աշխատում էին արդեն մեկ տարի առաջ փակված Թեղուտ գործարանում:

«Սոցիալական վիճակը բացասական է, հուսով ենք կփոխվի, վարկ փակելու համար չեն դիմել, իմ տեղեկություններով մինչև 43 հոգու հետ կապված  դատական գործեր կան, որոնք ԴԱՀԿ են տվել»:

Եթե անորոշությունը շարունակվի, գարնանը արտագաղթի ալիքը մեծանալու է՝ ասում են և Ալավերդու գործարանի աշխատակիցները, և Շնող խոշորացված բնակավայրի  ղեկավարը։ Արձանագրում են՝ ստեղծված  իրավիճակի պատճառով տեղացիները  հեռանում են բնակավայրերից.

«Դրա հետեւանքով արդեն 30 հոգի հեռացել են Հայաստանից, եղանակները տաքանալուն զուգահեռ մյուսները նույնպես կգնան»:

380 մլն դոլար վարկային պարտավորություն ուներ ռուսական ՎՏԲ բանկում «Վալլեքս» ընկերությունը: Գրավադրված էր ոչ միայն Թեղուտը, այլ նաև Ալավերդու պղնձաձուլարանը:

Այժմ երկու գործարաններն էլ  բանկի սեփականությունն են: Կառավարությունը փնտրել ու նոր ներդրող է գտել: Եռակողմ պայմանավորվածությունը կա, սակայն հանքի շահագործումը հնարավոր չէ սկսել: 

Գործարանի աշխատակիցների փոխանցմամբ,  «Թեղուտ» ՓԲԸ-ի դեմ դատական հայց է ներկայացրել «Կ-Արաստ» ընկերությունը՝ պահանջելով վճարել ավելի քան 2 մլն դրամ պարտքը:

Դատարանն էլ արգելանք է դրել միջոցների վրա: «Թեղուտ» ՓԲԸ-ն փորձել է վճարել գումարը, սակայն «Կ-Արաստ» ընկերությունը պահանջել է նաեւ լուծարել ընկերությունը:

Դատական  տեղեկատվական «Դատալեքս» համակարգում տեղադրված  ինֆորմացիայի համաձայն՝  նիստը տեղի կունենա  հունվարի 23-ին՝ ժամը 12-ին: Հայցվոր կողմը պահանջում է լուծարել «ԹԵՂՈՒՏ» փակ բաժնետիրական ընկերությունը:

Խնդիրները  լուծելուց  հետո միայն նոր ներդրողը հնարավորություն կունենա  որոշակիացնել իր հետագա քայլերը: առավարությունում վստահեցնում են՝ խնդիրն իրենց ուշադրության կենտրոնում է: