ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Գազի գնի նվազեցման շուրջ բանակցություններ են ընթանում
2018-11-08 13:34:14

Հայաստանը բանակցում է Ռուսաստանի Դաշնության էներգետիկայի նախարարության և «Գազպրոմ» ընկերության հետ՝ Հայաստանին մատակարարվող գազի սակագնի նվազեցման հարցով: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը:

«Այս պահին բանակցություններն ընթանում են և՛ սահմանին գազի գնի ձևավորման և ներքին կառուցվածքի հետ կապված: Որպեսզի չվնասենք բանակցությունների ընթացքին, չեմ ցանկանում այս պահին որևէ բան ասել»,-ասաց Բաղրամյանը:

Գարեգին Բաղրամյանն ասաց, որ բանակցում են և՛ «Գազպրոմ»-ի և՛ ՌԴ էներգետիկայի նախարարության հետ:

«Բանակցությունները միտված են սակագնի նվազմանը: Եթե ունենանք դրական արդյունքներ, կունենանք նաև նվազում»,- ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատարը:

2016 թ-ի մայիսի 31-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ կողմից սպառողներին վաճառվող բնական գազի նոր սակագները: Ըստ այդմ, սպառողը հուլիսի 1-ից 156-ի փոխարեն կվճարի 146.7 դրամ։

Մինչև 10 հազար խորանարդ մետր սպառում ունեցող սպառողների համար բնական գազի սակագինը սահմանվել է 146 հազար 700 դրամ` սպառված յուրաքանչյուր 1000 խորանարդ մետր բնական գազի համար: Նախկինում այն 156 հազար դրամ էր: Ամսական 10 հազար խորանարդ մետր և ավելի սպառում ունեցող սպառողների համար սահմանվել է վաճառվող բնական գազի սակագինը 256.56 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` սպառված յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի համար: Նախկինում այն կազմում էր 276.98 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:

Սահմանված սակագները ուժի մեջ են մտել 2016-ի հուլիսի 1-ից:

Հանձնաժողովը սակագնի վերանայման հայտ ստացվել էր «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից ապրիլի 29-ին: