ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
«Պրագայի գարունը». ճամփորդական նոթեր
2018-11-08 17:27:42

Ամասիա Հովհաննիսյան
«Ռադիոլուր»-Պրագա

 

Ճամփորդական նոթերիս նախորդ անդրադարձներում նշել էի, որ այս տարին Չեխիայի համար պատմական առումով եռակի  իրադարձային է. Չեխոսլովակիայի հռչակման 100, Մյունխենի  համաձայնության 80, «Պրագայի գարնան» 50-ամյակները:

Անցյալ կիրակի երկրով մեկ նշվեց Չեխոսլովակիայի  կազմավորման 100-ամյակը: Այսօր, սակայն, անդրադարձս   վերաբերում է նորագույն  պատմության՝արդի միջազգային  հարաբերությունների պատմության մեջ հայտնի «Պրագայի  գարուն» անվամբ իրադարձություններին: Խոսքը 1968   թվականի մասին է, երբ խորհրդային զորքերը այդ տարվա  օգոստոսին մտան Չեխոսլովակիա:


«Դանուբ» նշանաբանով գործողության նպատակը  Չեխոսլովակիայի կոմկուսի կենկոմի այն ժամանակվա  առաջին քարտուղար Ալեքսանդր Դուբչեկի գարնանից  ձեռնարկած սոցիալ-տնտեսական, քաղաքական  բարեփոխումները տապալելն էր: «Մարդկային կերպարով  սոցիալիզմ» կառուցելու Դուբչեկի ծրագրի մեջ Խորհրդային  Միության կոմկուսի քաղբյուրոն լուրջ վտանգ էր տեսնում:

Եվ ահա, 36 ժամվա ընթացքում խորհրդային զորքերը  լիակատար հսկողություն սահմանեցին երկրով մեկ:  Սոցիալիզմի նվաճումները պաշտպանելուն միտված  գործողությանը, այսպես կոչված «ինտերնացիոնալ  համերաշխության» երանգ տալու համար ներգրավվել էին նաև  ստորաբաժանումներ սոցիալիստական ճամբարի երկրներից՝ բացի Հարավսլավիայից ու Ռումինիայից:


Բավականին խոսուն է Պրագայի ռադիոյում պահպանված մի  ձայնագրություն: Հաղորդավարուհին դիմում է ուղիղ եթերից: Նրա ձայնի մեջ կա տագնապ, բայց ոչ վախ. Նա ասում է. « Հայրենակիցներ, դուք մեզ լսում եք վերջին անգամ:  Խորհրդային զինվորներն արդեն ռադիոյի շենքում են: Ես լսում  եմ նրանց սապոգների ձայնը: Նրանք գալիս են մեր հետեևից: Շուտով մեր փոխարեն եթերում կլսեք ուրիշների: Չհավատաք: Հիշեք մեզ, չմոռանաք մեզ…», ու  ձայնն ընդհատվում է:

Հետո ընդվզած բնակչությունը լուրեր էր լսում շարժական  ռադիոկայաններից: Դրանք անընդհատ փոխում էին իրենց  տեղակայումը, որպեսզի անհասանելի լինեին:

Տեղեկությունների ու ժողովրդական ցասումի յուրահատուկ վայր էր դարձել նաև Պրագայում՝ Կարլի կամրջից ոչ հեռու, Լենոնի պատը:


Հիսունական թվականների վերջին ու վաթսունական  թվականների սկզբին այդ պատն ուսանողները կոչել էին «Բիթլզ» հանրահայտ քառյակի անդամներից՝ Ջոն Լենոնի  անվամբ: Դա կոմունիստական ռեժիմի դեմ յուրահատուկ  ակցիա էր:

Իսկ երբ Պրագայի փողոցներում հայտնվեցին խորհրդային  տանկերը, գործում էր պարետային ժամը, եղան առաջին  զոհերը, պատի վրա ամեն օր հայտնվում էին նոր նկարներ, գրություններ, հակասովետական թռուցիկներ, որոնք կոչ էին  անում ժողովրդին չընկրկել, չհուսահատվել…Այդ պատը  ցայսօր էլ կա՝ իբրև պատմության հուշ:

Ահա մի երկու ձայնագրություն Պրագայից: Զրուցակիցներս  ռուսաստանցի զբոսաշրջիկներ էին, որոնք համաձայնելով մի  երկու խոսք ասել, խնդրեցին անանուն մնալ:


«Իհարկե եղել է «Պրագայի  գարունը», հետո եղել է  ապաշխարանք»,-ասում է զրուցակիցս: «Կարծում եմ, այդ  ամենը մնացել է չեխերի հիշողության մեջ, որպես ահավոր  իրադարձություն: Աշխարում զարհուրելի այլ բաներ էլ են եղել, թեպետ սա մութ բիծ է պետության կյանքում: Բայց, այն այլևս  չկա»:

«Եղել է «թավշյա հեղափոխություն» սովետական ռեժիմի դեմ»,- ասում է մյուս զրուցակիցս, իսկ նրա հետ կանգնած կինն էլ  շարունակում է.

«Տանկեր եղել են Պրագայում էլ, Կարլովի Վարիում էլ: Ինձ  տեղացիներն էին պատմում, լուսանկարներ էին ցույց  տալիս: Մարդիկ, որոնք  մեզնից տարիքով մեծ են ( որոնց հետ  խոսել  եմ), երբ ասում էի՝ կներեք մեզ կատարվածի համար, թեպետ ես  այն ժամանակ աղջնակ էի, ոչինչ չէի հասկանում, նրանք  շնորհակալություն էին հայտնում, որ մենք վերաիմաստավորել  ենք այն, ինչ տեղի էր ունեցել: Իհարկե՝ ոչ բոլորը, երևի… Նստվածքը մնացել է»:

Իսկ ահա լուսանկարիչ Բոգոմիլ Դոբրովսկին, որ այդ ժամանակ 33 տարեկան է եղել, հիշում է սովետական զորքերի մուտքը Պրագա.


«Մայրս ինձ արթնացրեց առավոտյան վեցն անց երեսուն, ասելով. վեր կաց, քաղաքում ռուսներն են: Սկզբից  բան  չհասկացա: Նա կրկնեց. վեր կաց, այստեղ ռուսներն են  տանկերի վրա: Ես վեր թռա, վերցրեցի լուսանկարչական  ապարատս ու թռա դուրս…»:

Հետո նա  պատմում է. «Երբ ես այդ ամենը տեսա, զգացի, որ իմ  տանն եմ, ու ոչ մի վախ չէի զգում: Եվ ուզում էի լուսանկարել  ամեն ինչ, երբ նույնիսկ մարդկանց քշում էին այրվող  մեքենաների մոտից: Ինձ հաջողվեց ճեղքել շղթան ու  լուսանկարել այրվող տանկը…»:


Այսօր չկա Չեխոսլովակին էլ: 1993 թվականին այդ երկիրը  տրոհվեց Չեխիայի ու Սլովակիայի: Սա քաղաքական, այսպես  կոչված, անարյուն ապահարզաններից եզակիներիցն էր: Երկրի  տրոհմանը դեմ էր այն ժամանակվա նախագահ Վացլավ   Հավելը, դեմ էին բնակչության շրջանում հարցվածներից գրեթե  կեսը: Բայց, Չեխոսլովակիայի  քաղաքական շրջանակները  գնացին այդ քայլին: Ի նշան անհամաձայնության, Վացլավ Հավելը հրաժարական տվեց:

Սկսվեց Չեխիայի ու Սլովակիայի նորագույն պատմությունը:

0:00
0:00