ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ճշմարի՞տ, թե՞ սուտ. ֆեյքերը ստուգելու ժամանակը
2018-11-08 18:01:41

Անի Մինասյան
«Ռադիոլուր»

Մի քանի պարզ գործողություն և մեզանից յուրաքանչյուրը կարող է ճշտել իր կարդացած նյութի կեղծ կամ իրական լինելը: Մի խումբ ծրագրավորողներ մշակել են վեբ-հավելված, որի առաջին տարբերակը կփորձարկեն առաջիկա ընտրությունների նախընտրական քարոզարշավից առաջ:

Մեզանից յուրաքանչյուրը շուտով կարող է մի քանի պարզ գործողությամբ հասկանալ՝ արդյո՞ք իր կարդացած հոդվածի տեղեկատվությունը իրակա՞ն է, թե՞ ապատեղեկատվություն:

Ծրագրավորողների չորս հոգանոց խումբ, որին միացել է նաև 3 մարկետոլոգ, ավարտին են հասցնում մի նոր վեբ-հավելված, որի միջոցով հնարավոր կլինի պարզել կայքերում տարածված հոդվածների և տեղեկատվության կեղծ կամ իրական լինելը։

Մարդն ամենակարևոր գործող անձն է հավելվածում՝ ասում է նախագծի համահեղինակ, ծրագրավորող Դավիթ Պեդանյանը: Ցանկացողը ներբեռնում է վեբ-հավելվածը, գրանցվում, տեղադրում հոդվածի հղումը և ստուգում՝ ինչ ռեյտինգ ունի տվյալ հոդվածը՝ պայմանավորված մինչ այդ արված գնահատումներով:


«
Այս ծրագիրը ստեղծելո միտքն առաջացավ այն ժամանակ, երբ հայտնի իրադարձություններից հետո լրատվական դաշտում ավելի դժվարացավ կեղծ նյութերն իրականից տարբերելը: Մեզանում հասարակությունը ակտիվ ներգրավված է քաղաքականության մեջ, հետևում է, վերլուծում, գնահատում և այլն, մեծ է տեղեկատվական պայքարը։

Ընտրված փորձագետների խումբը պետք է հանրային վստահություն ունենա։ Բայց փորձագիտական խմբի գնահատականը լրատվականի կամ հոդվածի ռեյտինգի համար ավելի քիչ նշանակություն է ունենալու։ Որոշիչը լինելու են սովորական ընթերցողների գնահատականները»:

Մարդը հավելվածից երբեք չի հեռանա, բայց սկզբնական փուլից հետո մի շարք գործողություններ ավտոմատացվելու են: Կգա ժամանակ, երբ հավելվածի բաժանորդները կկարողանան գնահատել նաև հոդվածների հեղինակներին։

Եթե լրագրողների ինչ-որ խումբ աշխատում է երկու ուղղությամբ՝ մի տեղ գրում է հավաստի տեղեկատվություն, մի այլ տեղ պատվեր է կատարում և կեղծիք հրապարակում, դա կազդի հեղինակի վարկանիշի վրա։

Դավիթն ասում է՝ հավելվածն անընդհատ փոփոխվելու է, հղկվելու է, մտածելու է, ինքնակրթվելու է, կարողանալու է իր սխալների վրա սովորել, տարբերել ոճերի կամ հեղինակային ձեռագրերի փոփոխությունները, նոր ոլորտներ է ուսումնասիրելու։

«Հիմա արդեն ներդրվում են ավտոմատացված կրթությունը,մեքենայական կրթությունը, արհեստական բանականություն որոշ ծրագրեր, որոնք հետագայում իրենք են իրենց վրա վերցնելու ճիշտն ու սխալ տարբերելու գործառույթը»:


Ամեն
ինչ սկսվելու է ֆեյսբուքից. բաժանորդագրվողները պետք է սոցցանցերում գրանցված լինեն։ Սա ֆեյքերի բացահայտելու և դրանց գրոհը բացառելու համար է։ Կեղծ օգտատերերին բացահայտելու դեպքում նրանց մուտքը դեպի հավելված կարգելափակվի։

Մինչև խորհրդարանական արտահերթ ընտրությունների քարոզարշավի մեկնարկը կգործարկվի ծրագրի առաջին փուլը: Թե որն է այդ փուլի հիմնական խնդիրը, մանրամասնում է հեղինակը:

«Առաջին փուլը կներդրվի տասն օրվա ընթացքում: Նպատակը գալիք ընտրությունների քարոզարշավի հետ զուգահեռ ծրագրի գործարկելն է, հենց այս շրջանում է, որ լրատվականներում ակտիվ պայքար է սկսվում: Նախատեսվում է, որ հավելվածը հենման տեղ է լինելու ընթերցողների և օգտատերերի համար»:

Այս ընտրությունները լավ փորձություն կլինեն ծրագրի համար՝ ասում է Դավիթը:

Պարզ է, որ որքան շատ բացասական գնահատականներ ստանան լրատվամիջոցի տարբեր հոդվածներ, նույնքան ցածր կլինի այդ լրատվամիջոցի ռեյտինգը համակարգում ։

Գնահատականների հիման վրա կձևավորվի վստահելի և ոչ վստահելի լրատվամիջոցների, հեղինակ-լրագրողների և մեդիահոլդինգների ու կայքերի ցանկ:

Առաջին անգամ կգործարկվի հավելվածի վեբ տարբերակը՝ հետագայում արդեն այն կներկայանա իր բջջային տարբերակով՝ iOS և Android համակարգերում։

0:00
0:00