ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի ընտրության հարցը՝ օրակարգում
2018-11-08 18:23:44

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Պատվո պահակախումբ, աղ ու հաց եւ ալ վարդեր. Աստանայի օդանավայակայնում այսպես դիմավորեցին Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին:

Այսօր օրվա երկրորդ կեսին նա մասնակցեց ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովին: Հանդիպումը դռնփակ էր,  քննարկվելիք հարցերը՝ «ցավոտ»:

Դրանցից մեկը ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի ընտրության հարցն էր:
 


2017-ին կառույցում այդ պաշտոնի մանդատը 3 տարով՝ մինչեւ 2020 թվականը տրվեց Հայաստանին: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայաստանյան ներկայացուցիչը հասցրեց պաշտոնավորել մեկուկես տարի: Յուրի Խաչատուրովին մեղադրանք առաջադրվեց «Մարտի 1»-ի գործով: Դա էր պատճառը, նա ժամկետի ավարտից շուտ պաշտոնից հետ կանչվեց:

ՀԱՊԿ անդամ երկրներից Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չթաքցրեց իր անհամաձայնությունը.  

«Մեր դիրքորոշումը պարզ է եւ հասկանալի: Ժամանակին մենք առաջարկում էինք ուրիշ թեկնածուներ: Այն ժամանակ մեզ չլսեցին, իսկ այսօր եկան այն կարծիքի, որ Լուկաշենկոն ճիշտ էր՝ քննարկելով այս թեման»:   

Այս ընթացքում եղան տարբեր վերլուծաբանների տարբեր հրապարակումներ: Հիմնական ուղղությունն էր, թե Հայաստանը վնասում է ՀԱՊԿ հեղինակությանը: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի համար կար 3 տարբերակ՝ պայքարում էին հայերը, բելառուսներն ու ռուսները: Հայաստանը մինչեւ վերջին պահը պնդեց՝ մանդատով մեր երկրին հասանելիք ժամկետը պետք է պահպանվի: Այսինքն՝ Խաչատուրովի հետկանչից հետո կրկին պետք է ընտրվի Հայաստանի ներկայացույցիչը:

Թե այս անգամ  ով էր նախընտրելի թեկնածուն,  այդպես էլ չհստակեցվեց: Աստանա մեկնելու նախօրեին անգամ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը խոսեց սկզբունքներից, բայց ոչ՝ թեկնածուներից: Չհաստատեց անգամ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի թեկնածությունն առաջադրելու վարկածը:



 

«Կոմերսանտ» թերթը գրել էր, որ որոշման ընդունումը մեծապես կախված է Փաշինյանից: Վկայակոչել էր մի դիվանագետի, որն իբրեւ մասնակցել է գլխավոր քարտուղարի նշանակման շուրջ բանակցություններին եւ մեջբերել այդ դիվանագետի խոսեքերը, թե մինչեւ երկուշաբթի Փաշինյանն անդրդվելի էր:

Մինչեւ վերջին պահը իրատեսական էր համարվում եւս երկու տարբերակ: Մի դեպքում Հայաստանը կորցնելու էր նոր թեկնածու առաջադրելու հնարավորությունը եւ այդ իրավունքը փոխանցվելու էր այբբենական կարգով Հայաստանին հաջորդող պետությանը: Այս դեպքում խոսքը Բելառուսի մասին է: Այնտեղից ամենահավանական թեկնածուն համարվում էր երկրի Անվտանգության Խորհրդի պետքարտուղարը՝ Ստանիսլավ Զասը:

Հետաքրքիր մի նրբություն. հենց այս թեկնածուի պատճառով է, որ հարեւան Ադրբեջանում ուշիուշով հետեւում են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակմանը: Խնդրին այն է, որ Զասը ժամանակին ավարտել է Բաքվի բարձրագույն ռազմական հրամանատարության դպրոցը եւ դա է պատճառը, որ Ադրբեջանում նրան ընկալում են իբրեւ «իրենց մարդ»:

 

Զարգացումների երրորդ տարբերակով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը բաժին էր հասնում ռուսաստանցի Վալերի Սեմերիկովին, որը վերջին շրջանում կատարում էր ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնակատարի պարտականությունները:

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ արդեն նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին, պաշտոնը թողնելուց հետո նա վերադարձել է Հայաստան: «Մարտի 1»-ի գործով Խաչատուրովի մասնակցությամբ դեռեւս որեւէ քննչական գործողություն չի կատարվել՝ տեղեկացնում է նրա փաստաբանը: 

0:00
0:00