ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
«Չենք Փակվելու» շարժում` ընդդեմ «Շիրակ»-ի լուծարման
2019-02-04 18:04:35

Աննա Մարտիկյան
Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Անցած շաբաթ կառավարության նիստում որոշվեց «Շիրակ հանրային հեռուստառադիո» ընկերության լուծարման հարցը։ Այն լուծարելու հիմնավորումն այն է, որ ԶԼՄ-ն իրականացնում է անալոգային հեռարձակում, այդ պատճառով չունի մեծ լսարան։ 2016 թվականի հոկտեմբերի 16-ից Հայաստանի Հանրապետությունում դադարեցվել է անալոգային հեռարձակումն ու անցում կատարվել թվային հեռարձակման։

«Շիրակ» հանրայինի 60 աշխատակից ունեցող հանրույթը ելքեր է փնտրում, որ չհամալրի գրործազրկության շարքերն ու փրկի հեռուստառադիոընկերությունը։ Հեռուստաընկերությունը դեռ չի դարդարեցրել հեռարձակումը և մեկնարկել է «Չենք Փակվելու» շարժումը։

0:00
0:00

Հունվարի 31-ին, կառավարության նիստի օրակարգում «Շիրակ հեռուստառադիոընկերության» լուծարման լուրը  լսելուն  պես Շիրակի հանրայինում ավելի աշխուժացել են աշխատանքային եռուզեռն ու եթերները։ Օրվա լրատվության ու ծրագրերի հետ մեկտեղ մեկնարկել է  «Չենք Փակվելու» շարժումը, ինչի շրջանակում անընդմեջ եթերներ է կազմակերպվում. հյուրերն էլ ազգային ժողովի պատգամավորներ, իրավաբաններ, հանրապետությունում ճանաճված մշակութային, հասարակական  ու քաղաքական գործիչներ են։ Շիրակ հանրայինի տնօրեն Արթուր Ղանդիլյանն ասում է պայքարի ձևերից ամենանպատակահարմարը քննարկումների տարբերակն է։

Արթուր Ղանդիլյան Շիրակ հանրային ՀՌԸ տնօրենՔննարկում արել ենք, մենք չենք ուզում ընտրել այդ տարբերակը, ցույցեր անել, փողոց փակել, նստացույցեր անել, սա գտնում եմ, որ մեր պարագայում ճիշտ չէ»։

Շիրակը հեռարձակվում է անալոգային, իսկ թվայնացնելու համար բավականին մեծ գումար է պահանջվում, որը խորհրդին չի հատկացվել՝ անդրադառնալով խնդրին՝ մեզ հետ զրույցում այսօր պարզաբանեց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի փոխնախագահ Ստեփան Զաքարյանը: Նա միաժամանակ նկատեց, որ կառավարության որոշումը նաեւ օպտիմալացման ծրագրի շրջանակներում է:

Արդեն կա կառավարության որոշում եւ ՀՀՌԸ խորհուրդն իրավասու չէ այն փոխելու: Խորհրդի փոխնախագահ Ստեփան Զաքարյանի խոսքով՝ եթե կառավարությունը նպատակահարմար համարի բյուջեից միջոցներ հատկացնելու Շիրակի թվայնացման համար, կամ՝ համապատասխան օրենսդրական փոփոխությամբ թվայնացումը հետաձգի, ապա խնդիրը լուծում կստանա, բայց դա կլինի ժամանակավոր լուծում:      

Շիարկի աշխատակիցներն ու տնօրենը սպասում են, միգուցե օրենսդրական որևէ փոփոխություն անեն կամ մոտեցման ձև փոխեն: Որպես օրինակ Շիրակ հանրային ՀՌԸ տնօրեն Արթուր Ղանդիլյանն ասում է.


«Գ
իտեք ինչ, կարող է հեռուստաընկերությունը վերածվել հեռուստադպրոցի, մոտեցման տարբերակ է, Ռադիոն հո չունե՞ր թվայնացման խնդիր, Շիրակի մարզում գործում է և իր լսարանն ունի։ Մենք հիմա սպառողին զրկում ենք «Ռադիո Շիրակ»-ից, մարզում հո 100 հատ ռադիո չկա՞»։

Չնայած «Շիրակի հանրային ռադիոն», ի տարբերություն «Շիրակի հանրային հեռուստաընկերության», թվայնացված է, սակայն կառավարության որոշումը ռադիոյի վրա տարածվում է  հենց օպտիմալացման արդյունքում: Այսպես Ստեփան Զաքարյանը հակադարձեց դիտարկմանը, որ եթե խնդիրը թվայնացումն է, ապա ինչո՞ւ է լուծարվում նաեւ «Շիրակի հանրային ռադիոն»:

Շիրակ Հանրային  հեռուստառադիոընկերության գործունեությունը շատ կարևոր է մարզի ու հանրապետության համար, ասում է Շիրակ հանրային ՀՌԸ տնօրեն Արթուր Ղանդիլյանը: Շիրակն ունի հարուստ արխիվ, որոնք ձևավորվել են ոչ կոմերցիոն հաղորդումների շնորհիվ, ինչն ավելի դժվար կլիներ հավաքել շահույթ հետապնդող հեռուստաընկերություններին՝ նկատում է նա:      

Արթուր Ղանդիլյան.«Կան այդպիսի կարծիքներ, թե ինչու պիտի միայն Շիրակի մարզում լինի հանրային հեռուստաընկերություն, է թող բոլոր մարզերում լինի, Հանրային հեռուստառադիոընկերության բյուջեն 7 մլրդ է, թող 1 մլրդ պակաս լինի և բոլոր մարզերում լինի հանրային հեռուստառադիոընկերությանմասնաճյուղեր։   Տարեկան 94 մլն դրամ է տրամադրվում Շիրակին, որից մոտ 70 մլնը աշխատավարձերն են, որ հիմնականում ծախսվում են լրատվական վերլուծական ծրագրի վրա։ Գովազդային մուտքեր՝ գիտեք որ հանրայինը իրավունք չունի՝ համաձայն օրենքի»։

ՀՀՌԸ խորհրդի փոխնախագահ Ստեփան Զաքարյանը չի բացառում խնդրին մրցութային կարգով մասնավորեցմամբ լուծում տալու տարբերակը:

Արթուր Ղանդիլյանի հաշվարկով ԶԼՄ-ի շարժական գույքը գնահատված է 16 միլիոն դրամ, իսկ անշարժ գույքը 78 միլիոն դրամ։ Շուտով կկազմվի լուծարային հանձնաժողովը և թե ինչ մոտեցում կլինի, տնօրենը դժվարանում է ասել, քաղաքական որևէ ենթատեքստ չի տեսնում, պարզապես ուզում է վերանայեն որոշումը։

Իսկ աշխատակիցները վճռական տրամադրված շարունակում են «Չենք Փակվելու» շարժումը։