ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ինչու են դեմ ՀԿ-ները թափանցիկ գործելուն
2018-11-08 19:13:03

Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»

ՊԵԿ-ը հանրային քննարկման է ներկայացրել «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի նոր՝ վերանայված նախագիծ, ըստ որի՝ ՀԿ-ների ֆինանսական հաշվետվությունները պետք է ամբողջությամբ տեսանելի լինեն իրենց:

Կոմիտեից փոփոխության անհրաժեշտությունը մեկնաբանում են ՀԿ-ների մասին գործող օրենքի որոշակի բացերով ու հայտարարում, որ օրենքը տարընկալումների տեզիք էր տալիս:

Հասարակական սեկտորում, սակայն, կարծում են, որ  առաջարկվող կարգավորումը  խաթարում է ՀԿ-ների ինքնակառավարումը եւ իրենց գործունեությանը միջամտելու կոշտ գործիք է դառնալու: «Դեմ»-երն ու «կողմ»-երը՝ ռեպորտաժում:

Գործող օրենքով՝ ՀԿ-ն իր ֆինանսական հոսքերի մասին հարկային մարմնին տարեկան հաշվետվություն է ներկայացնում, եթե հանրային միջոցներ է ստանում՝ պետական դրամաշնորհ, ՏԻՄ-երի միջոցներ: ՊԵԿ-ն առաջարկում է փոփոխել օրենքը, ինչը ենթադրում է, որ բոլոր ՀԿ-ները պետք է հաշվետու լինեն իրենց ֆինանսական հոսքերի մասով, անգամ եթե ֆինանսավորումն անհատի կողմից է՝ նվիրատվության տեսքով:

ՊԵԿ-ի իրավաբանական վարչության պետ Արման Մնացականյանը բացատրում է՝  գործող օրենքում որոշ դրույթներ հստակ չեն, օրինակ՝ ինչ է հանրային միջոցը: Տարընկալումներից, օրենքի սուբյեկտիվ կիրառումից խուսափելու համար որոշվել է հաշվետու դարձնել բոլոր ՀԿ-ներին, հատկապես, որ բացասական հետեւյալ միտումն է նկատվել:

«Վերջին ժամանակներս ի հայտ եկան բազմաթիվ դեպքեր, այդ թվում՝ քրեական տարրեր պարունակող, երբ մարդիկ փորձ էին արել իրենց փողերի լվացման նպատակով դրանք շրջանառել ՀԿ-ների կամ հիմնադրամների միջոցով՝ այս կամ այն կերպ օրինականացնելով անօրինական եկամուտները: Ոչ հրապարակային հաշվետվությունները օգտագործվելու են նաեւ փողերի լվացման տեսանկյունից վերահսկողություն իրականացնելու ժամանակ»:

Հասարակական կազմակերպությունների հաշվետվողականությունը բարձրացնելու աղմկահարույց նախագիծը քննարկման էր դրվել շուրջ 2 տարի առաջ էլ, բայց բուռն քննարկումներից հետո նախագծից միայն որոշ դրույթներ էին ներառվել գործող օրենքում: Փաստացի՝ ՊԵԿ-ը հետաձգել էր, ոչ թե հրաժարվել աղմուկ բարձրացրած դրույթներից ու այժմ դրանք ներառել է այս նոր նախագծում:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն այս մոտեցումը գնահատում է որպես տոտալ վերահսկողության մեխանիզմ: Անունը դնում են հաշվետվողականության ապահովում, բայց դրանով խաթարվում է ՀԿ-ների ինքնուրույն գործունեությունը՝ ասում է:

«Այսինքն՝ բովանդակային գործունեության կարգավորման, միջամտության գործիքներ ես ձեռք բերում: Պարզ եմ ձեզ ասում՝ մենք հաշվետու ենք մեր դոնորներին, մեզ ֆինանսավորողներին: Դոնորներն էլ գործում են ՀՀ-ում: Այո, մենք գործում ենք հարկային դաշտում, եթե կան հարցեր, թող հարկային ստուգում լինի»:

ՊԵԿ-ի իրավաբանական վարչության պետը շտապում է հերքել՝ նախագիծը հսկողության նոր նպատակ չի հետապնդում ու միայն հարկային ստուգումների համար չէ, իսկ անձնական տվյալներն էլ լինելու են ոչ հրապարակային: Այդ դեպքում ոչ հարկային տվյալներն ինչո՞ւ է ՊԵԿ-ը հավաքագրում, եւ ո՞վ է երաշխավորելու այդ տվյալների անվտանգությունը՝ նորովի են մտահոգվում հասարակական սեկտորում:

Նախագծի որոշ կետեր խնդրահարույց է համարում նաեւ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի իրավաբան, իրավախորհրդատու Արտյոմ Մեսրոպյանը: Նա նկատել է, որ ՊԵԿ-ն իր հիմնավորման մեջ միայն տարընթերցումները բացառելու եւ հաշվետվողականություն ապահովելու մասին է խոսում: Բայց՝

« Փաստորեն պետական լիազոր մարմնին, վերահսկողություն իրականացնող մարմնին լրացուցիչ գործիքներ ու հնարավորություններ են ընձեռվում՝ միջամտելու ՀԿ-ների գործունեությանը: Խնդիր կա կազմակերպությունների առաջ պահանջ դնելու, որ հաշվետվություններում ներառեն գործունեության ողջ ծավալը»:

Ոչ թե չենք ուզում թափանցիկ աշխատել, այլ ուզում ենք հասկանալ՝ ինչ նպատակ է հետապնդում նոր նախագիծը, ու արժե՞ մեզ վրա նոր, նաեւ ծախսային բեռ դնել՝ ասում է Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատուՀերիքնազ Տիգրանյանը: Կասկածներն ու մտավախություններն ավելի են խորացել՝ ՀԿ-ների անունից ասում է նա: Իրավաբանը համամիտ է գործող օրենքի այն դրույթի հետ, ըստ որի՝  հանրային միջոցներով գործող ՀԿ-ներն աուդիտ անցնեն ու հաշվետու լինեն: Բայց ինչու՞ բոլոր ՀԿ-ները՝ հարց է բարձրացնում Հերիքնազ Տիգրանյանն ու շեշտում՝ պետք է հաշվի առնել ՀԿ-ի ֆինանսական հնարավորությունները եւ գործունության ոլորտը:

« Շատ վատ է, որ այս նախագիծը մշակվել է ոչ մասնակցային: Եթե դուք e-draft-ում տեսնեք՝ հստակ գրված է, որ նախագիծը մշակվել է ՊԵԿ-ի կողմից: Որեւէ ՀԿ չի մասնակցել դրա մշակմանը»:


ՊԵԿ-ի ներկայացուցիչը վստահեցնում է՝ իրենք պատրաստ են լսել դժգոհություններն ու առաջարկները եւ ինչու ոչ՝ շտկել խնդիրները, անգամ՝ ետ կանչել նախագիծը, թեեւ դրա մասին այժմ չեն մտածում: ՀԿ-ների հաշվետվությունները հրապարակելու անվճար հարթակ կստեղծվի, իսկ անձնական տվյալները կամփոփվեն ոչ հրապարակային շտեմարաններում՝ վստահեցնում են:

Սակայն վստահեցումները մտահոգությունները չեն փարատում. հասարակական սեկտորում թեման դիտարկում են լուրջ քննարկման առարկա ու պահանջում լսել իրենց վերապահումները: 

0:00
0:00