ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Դիկտատուրա Հայաստանում չի կարող լինել. Նիկոլ Փաշինյան
2018-11-09 11:58:06

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Աստանայում հանդիպում է ունեցել Ղազախստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել են ինչպես Աստանայի, այնպես էլ այստեղից հարյուրավոր կիլոմետրեր հեռու գտնվող տարածաշրջաններից ժամանած հայեր:

Նիկոլ Փաշինյանը կարեւորել է հեղափոխությունը նաեւ համազգային գիտակցության մեջ, որի ամենակարևոր արդյունքը, ըստ Փաշինյանի, պետք է լինի ազգային պոտենցիալի օգտագործումը, «որպեսզի միասին հզորացնենք մեր հայրենիքը, որը պետք է լինի հայության լինելիության թիվ մեկ երաշխավորը»:

Նիկոլ Փաշինյանն ուրախությամբ է նշել, որ հեղափոխությունից հետո Հայաստանում նկատվում են ներգաղթային նախնական միտումներ։


Վարչապետի պաշտոնակատարը պատասխանել է հայ համայնքի ներկայացուցիչների մի շարք հարցերի, որոնք վերաբերվել են Հայաստանում տնտեսության, կրթության, գիտության, առողջապահության, զբոսաշրջության ոլորտների զարգացման հնարավորություններին, հարկային վարչարարությանն ու բարեփոխումներին:

Մի խումբ հայեր շահագրգռվածություն և պատրաստակամություն են հայտնել տարբեր ուղղություններով բիզնես գործունեություն ծավալելու հայրենիքում, ինչը ողջունել է Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով Հայաստանում քաղաքական իրավիճակի մասին հարցին` Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ մեր երկրում ժողովրդավարությունն անշրջելի է: «Դիկտատուրա Հայաստանի Հանրապետությունում չի կարող լինել, մեր երկրում ժողովրդավարությունն անշրջելի է: Հայաստանում մամուլն այնքան ազատ երբեք չի եղել, որքան այսօր է: Տեղի ունեցած ամենակարևոր փոփոխությունը`  մարդկանց ընկալումն է իրենց դերի մասին, փոխադարձ վերաբերմունքն է»,- նշել է Փաշինյանը՝ հավելելով

«Հեղափոխությունը ժողովուրդն արել է ընդդեմ ավտորիտարիզմի, օլիգարխիական համակարգի և այլևս թույլ չի տա այդպիսի համակարգի ստեղծումը: Հայաստանում երկար ժամանակ չկար ժողովրդի մանդատն ունեցող իշխանություն և ընդդիմություն, դրա համար Հայաստանում ժողովուրդը ոչ մեկին չէր հավատում: Մենք արհեստական ընդդիմություն չենք ստեղծելու, որովհետև ընդդիմությունը պետք է ինքն իրեն ստեղծի: Առաջիկա խորհրդարանական ընտրություններում ժողովուրդը կորոշի` ով է իշխանություն և ով` ընդդիմություն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: