Լենա Բադեյան
«Ռադիոլուր»
«Մարտի 1-ի» 11-ամյա տարելիցին ընդառաջ աղմկահարույց գործը, կարծես, նոր շրջափուլ: Խոսքը՝ Հայաստանի պաշտոնաթող նախագահների հարցաքննության մասին, ինչի անհրաժեշտությունը բազմիցս նշել են տարբեր հանձնաժողովները, որոնք երբեւէ առնչվել են գործի քննությանը:
Մյուս կողմից՝ մեղադրյալ կարգավիճակում հայտնված ՀՀ երկրորդ նախագահի պաշտպանները շարունակում են բողոքել կիրառվող երկակի մոտեցումներից:
2008 թվականի Մարտի 1-ի գործով ԱԺ նախկին ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը դեռ որոշում չի կայացրել խոսել «մարտի 1-ի» գործի քննության նոր շրջափուլի մասին:
«Ռադիոլուր»-ի հետ զրույցում նա հրաժարվեց մեկնաբանություններից: Մինչդեռ մեկ տարի առաջ «Ելք» խմբակցության նախաձեռնած խորհրդարանական լսումների ժամանակ եւ դրանից էլ առաջ առանցքային էր համարում Հայաստանի առաջին եւ երկրորդ նախագահների հարցաքննության անհրաժեշտությունը:
Պաշտոնաթող նախագահներից ոչ մեկը մինչ օրս չէր հարցաքննվել: Վերջին օրերին լրատվական միջոցները պարբերաբար հաղորդում են, որ Հատուկ Քննչական ծառայությունը հարցաքննության է կանչել թե առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, թե երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին: Պաշտոնական հաղորդագրություն այս առումով ՀՔԾ-ն չի տարածել:
Հաստատումները մի դեպքում գալիս են մամուլի քարտուղարից, մյուս դեպքում՝ փաստաբանից: Հայ Ազգային Կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը ֆեյսբուքյան գրառումով է տեղեկացրել, որ Տեր-Պետրոսյանը հրաժարվել է փաստաբանի օգնությունից:
Վկայի կարգավիճակով հարցաքննված Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանը նախաքննության գաղտնիությունից ելնելով շատ բան չի պարզաբանել, բայց միանշանակ հերքել է լուրերը, թե Սերժ Սարգսյանը ցուցմունք է տվել մեղադրյալի կարգավիճակ ունեցող Ռոբերտ Քոչարյանի դեմ։
Քրեական գործի նոր շրջափուլին նոր հույսերով են հետեւում մարտի 1-ի զոհերի իրավահաջորդները: «Չերյոմուխա 7» հատուկ միջոցի օգտագործման հետեւանքով մահացած Արմեն Ֆարմանյանի հայրը Վաչագան Ֆարմանյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում անկեղծանում է՝ կարեւորում են ոչ թե գործի արագ ընթացքը, այլ արդարության վերականգնումը:
Արդարությունից այսօր խոսել է նաեւ Քոչարյանի փաստաբանը՝ Հայկ Ալումյանը: Սրտնեղում է, որ իր պաշտպանյալի հանդեպ երկակի մոտեցում է կիրառվում 300.1 հոդվածի դեպքում:
Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքի մեջ, ըստ փաստաբան Ալումյանի՝ կենտրոնական դեր է խաղում նաեւ մինչեւ մարտի 1-ի իրադարձությունները ԵՊՀ-ում ուսանողների հետ հանդիպման ժամանակ Քոչարյանի արած հայտարարությունը: Այն ժամանակ Քոչարյանն ասել էր, որ իշխանությունն ունի ընդամենը երկու տարբերակ. մեկը՝ սպասեն մինչեւ ցույցերը իրենք իրենցով կդադարեն եւ երկրորդ տարբերակը՝ գնալ ցույցերը դադարեցնելու ուժային տարբերակին: