ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Անվտանգությունը՝ համացանցում. երիտասարդները սովորում են տեսանյութի օգնությամբ
2019-02-11 15:10:36

Անի Մինասյան
«Ռադիոլուր»

Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղից մինչև Մոսկվա, Վանաձոր ու Երեւան. մինչեւ 25 տարեկան երիտասարդներին վերջին մեկ շաբաթում միավորել էր «Ապահով համացանց» ծրագիրը, իսկ կրթության եւ գիտության նախարարությունը միավորել էր մրցույթի հաղթող 5 երիտասարդի: Ի՞նչ մրցանակ է բերել 5 երիտասարդի «ապահովությունը»՝ ռեպորտաժում:

0:00
0:00

20-ամյա Դավիթը Մոսկվայից է Երևան եկել մրցանակը տանելու. կիբերանվտանգության թեմայով նկարահանված 170 տեսանյութերից եւ հաղթած 5-ից մեկն էլ հենց Դավիթինն է:

Մոսկվայի ազգային հետազոտական միջուկային համալսարանում կիբերանվտանգություն է սովորում, մրցույթի մասին իմացել է համացանցից, մտածել-պատրաստել- վերջացրել տեսանյութը երկու օրում: Դավիթն ասում է՝ դժվար չէր, տեսանյութի գաղափարը վաղուց էր իր մտքում:

«Նկարված էր որպես մուլտ՝ դպրոցականներին ավելի հասկանալի լինելու համար: Սյուժեն հետևյալն էր. ընտանիքը գնում է հանգստի, տան երեխան համացանցում նշում է, որ հանգստանում են, գողերը տեղեկանում են, որ տանը մարդ չի լինելու եւ թալանում են տունը»:

2007-ից «Ապահով Համացանց Հայաստան» ծրագրով Հայաստանը  միացավ Եվրահամայնքի անդամ երկրներին՝ առաքելությամբ, որ ավելի ապահով կդառնա համացանցի եւ այլ տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործումը:

Ծրագրի նպատակն էլ արդեն 12 տարի անփոփոխ է՝ երեխաներին եւ ծնողներին, սովորողներին եւ դասավանդողներին տրամադրել անհրաժեշտ տեղեկություններ եւ ուսումնական նյութեր:

Ծրագիրը մեկնարկից ի վեր համակարգում են
Մեդիակրթության կենտրոնն ու «Ինտերնետ հանրություն» կազմակերպությունը՝ այս տարվանից ծրագրիը նաև Կրթության եւ գիտության նախարարության «հովանու տակ է»:



Նախարար Արայիկ Հարությունյանը ծրագիրը հաջողված է համարում, խոսում անելիքների մասին:  «Իհարկե, մեկ շաբաթվա ընթացքում միջոցառումներն ինտենսիվ են եղել, բայց դրանք պետք է անցկացվեն ամբողջ տարի, համացանցի անվտանգության կանոններին պետք է հետեւել ամեն օր»:

Այն, որ շաբաթը կարեւոր էր շեշտում է նաեւ տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը: Մրցույթի ընտրող հանձնաժողովում ինքն է եղել, ըննտրություն կատարելը՝ այնքան էլ հեշտ չէր:

170-ից  ընտրել են հինգ լավագույններին։ Մասնագետն ասում է՝ գնահատել են ինքնուրույն միտքը, նյութի մատուցման ինքնատիպությունը, գաղափարը: Մրցույթի ապագա մասնակիցներին Մարտիրոսյանը մի քանի «թթու խոսք» է ասում որպես խորհուրդ ու ի գիտություն:

«Կտրել են բազմաթիվ տեսանյութերից այստեղից-այնտեղից վերցրած կադրեր: Գերադասելի է ինքնուրույն անել, ինքնուրույն արածն ավելի համով է»:

Իսկ Դավիթը Երեւանում դեռ երկար կմնա՝ Մոսկվայի համալսարանը պատրաստվում է փոխարինել Հայաստանի պոլիտեխնիկական համալսարանով: Որոշել է «Պատիվ ունեմ» ծրագրով մասնագիտությունը Հայաստնում շարունակել. այստեղ ավելի հարազատ է, մոտ ու մտերիմ: