ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Համայնքը՝ զարգացման հիմքում. մտածողության հեղափոխությունը՝ ներքևից
2019-02-11 18:10:05

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

«Պետական պաշտոնյայի գործունեության նպատակն առաջին հերթին և միայն պետք է լինի հանրային հարստացման բազմապատկումը, ոչ թե անձնային և խմբային»,- համայնքների ղեկավարների առջև այսօր հստակ խնդիր է դրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանի բոլոր մարզերի բոլոր համայնքների ղեկավարներն այսօր Երևանում մասնակցել են
 «Պետություն-համայնք համագործակցության նոր ձևաչափ. ենթակառուցվածքների զարգացում» խորագիրը կրող համաժողովին:

Համայնքների ղեկավարների  ու բարձրաստիճան պաշտոնյաների  համար հրատապ լուծում պահանջող  խնդիրները և նույնն են, և տարբեր: 

0:00
0:00

Հայաստանի զարգացման հիմքը համայնքների սոցիալ-տնտեսական զարգացումն է: Գիտակցումը ոչ միայն համայնքների ղեկավարներինը, փորձագետներինն ու շարքային քաղաքացունն է, այլ՝ կառավարության ղեկավարինը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծում է՝ համայնքներում կուտակված խնդիրները բազմաթիվ են, դրանց լուծման համար սրտացավ և ամենօրյա աշխատանք է պահանջվում: Իրենք՝ համայնքների ղեկավարները, «Ռադիոլուրի» հետ զրույցում առանձնացնում են իրենց հուզող հարցերը:

Արագածոտնի մարզի Ավան համայնքի ղեկավար Սաշա Թորոսյան. «Չունի ոչ մարզկենտրոնի, ոչ էլ՝ Երևանի հետ: Ասել ենք, այսօր վաղն են անում: Ոռոգման ջուր չունենք»:

Ավանին հարևան Վերին Սասունիկն էլ դպրոց չունի, ընդամենը 1200 բնակիչ ու  հինգ աշակերտ ունեցող  այս գյուղի երեխաները ամեն օր՝ ձմեռ թե ամառ, ոտքով հարևան Ավան են գնում:

Հողերի մշակումը կարևորում է  նաև կառավարության ղեկավարը: Ներդրումներն ինչպես նախկինում, այնպես էլ այժմ՝ առաջին տեղում են: Սուբվենցիաներ պատրաստ են տրամադրել 10 մլրդ դրամի չափով: Սուբվենցիոն ծրագիրը համայնք-պետություն համագործակցության ձևաչափ է: Համայնքը ներկայացնում է զարգացման որևէ ծրագիր, եթե այն  կառավարությունը  դրական է գնահատում, ապա  ծրագրի արժեքի մի մասը համաֆինանսավորվում է պետական բյուջեից։

«Կառավարությունն այս տարի նույնպես նպատակադրվել է 10 մլրդ դրամ հատկացնել սուբվենցիաներին: Ցավոք, նախորդ տարի տեղական ինքնակառավարման համակարգն ի վիճակի չեղավ յուրացնել կամ համապատասխան ծավալի ծրագրեր ներկայացնել: Մենք նախորդ տարի էլ 10 մլրդ, նույնիսկ 15 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրերով ֆինանսավորելու պատրաստակամություն ենք հայտնել, բայց ծրագիրը մասամբ իրականացվեց, և մենք չկարողացանք այդ ցուցանիշին հասնել»:

Ծրագրի ոլորտով, առանձնահատկությամբ, աշխարհագրական դիրքով պայմանավորված՝ պետական բյուջեն ֆինանսավորում է համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի ծրագրերի 30-ից 70 տոկոսը։

Տարածքային կառավարման ու զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը հիշում է՝ նախկինում ներկայացված  ծրագրերը գերեզմանների պարսպապատման ու այլ խնդիրների մասին էին, դրանք իհարկե կարևոր հարցեր են, սակայն կառավարության կողմից տրամադրվող գումարները պետք է նպատակային ու թիրախային լինեն:

Մինչ համայնքների ղեկավարները ոռոգման ջրի բացակայությունից են դժգոհում, տարածքային կառավարման ու զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը ապառքների մասին է հիշեցնում:

«2008թ–ից մինչ այսօր մենք ունենք կուտակված 42 մլրդ դրամի ապառք. սրանք պարտքեր են, որ չեն հավաքագրվել հաճախ նաև սխալ վարչարարության արդյունքում։ Մենք չենք ստիպում որևէ համայնքապետի, որ գնա, համայնքի բնակչին ստիպի, կամ օրենքից դուրս որևէ քայլ կատարի, բայց եկեք փաստենք, որ Հայաստանի Հանրապետությունում օրենքը պետք է գերակա լինի, և Հայաստանի Հանրապետության քաղաքացիները իրավունքներից զատ ունեն նաև պարտականություններ։ Մենք չենք փորձում քաղաքացուն ստիպել կամ ունեզրկել. մենք ընդամենը ցանկանում ենք, որ ՀՀ–ում հավուր պատշաճի վճարվեն հարկերը և համայնքներն էլ կարողանան իրենց հարկերի հավաքագրման արդյունքում աշխատանքներ կատարեն իրենց համայնքներում»:

Վարչապետի խոսքով, համայնքի ղեկավարի պաշտոնը նախկինում ընկալվում էր որպես բիզնես գործունեություն: Տարածքային կառավարման ու զարգացման նախարարն ավելացնում է՝  ապառքների կուտակման, նաև՝ մյուս խնդիրների պատճառները նաև համայնքների ղեկավարներից են գալիս:


Սուրեն Պապիկյանն ընդգծում է՝ շատ հաճախ բնակիչները պահանջում են համայնքի ղեկավարի հրաժարականը, սակայն իրենք որևէ միջամտություն չեն կարող անել: Փակագծերը չի բացում, սակայն տեղեկացնում է՝ ՏԻՄ օրենքում փոփոխություններ են նախատեսում՝ պահպանելով սահմանադրական նորմերը՝  կփորձեն ներդնել մեխանիզմ, որով համայնքի բնակիչների ձայնը լսելի կդառնա:

Ամենայն հավանականությամբ՝ կներդրվի հանրաքվեի ինստիտուտը: Այս կերպ խնդրահարույց համայնքների բնակիչները կասեն՝ կո՞ղմ են իրենց ղեկավարի հետագա պաշտոնավարմանը, թե՞ ոչ: