Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»
2018-ի ապրիլյան իրադարձություններից հետո Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը որոշում էր կայացրել հինգ անդամից բաղկացած մրցութային հանձնաժողով ստեղծել, որը կզբաղվի Հանրային հեռուստաընկերության խորհրդի անդամների ընտրություններով:
Անկախ մրցութային հանձնաժողովի կազմում պետք է լինեին ԿԳ, մշակույթի նախարարություններից ներկայացուցիչներ, մեկ անդամ պետք է ներկայացնեին լրագրողական կազմակերպությունները, ևս մեկը` ստեղծագործական միությունները, հինգերորդ անդամին պետք է ներկայացներ-նշանակեր Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը:
ՀՌԱՀ այս նախաձեռնությունը դրական արձագանք էր ստացել, սակայն հանձնաժողովի ձևավորման փուլում խնդիրներ են առաջացել:
«Ա1+»-ի օրերս հրապարակած «Սաթիկ Սեյրանյանին չե՞ն լիազորել» վերտառությամբ հոդվածը կասկածի տակ է դրել անկախ մրցութային հանձնաժողովի ձեւավորումը:
Մարտի 1-ին լրանում է հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանի պաշտոնավարման ժամկետը: Հետևաբար հեռուստառադիոընկերության խորհրդում թափուր տեղ է առաջանալու:
«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» գործող օրենքը սահմանում է, որ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցույթն անցկացնելու նպատակով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը ձևավորում է մրցութային հանձնաժողով, որի անդամների ընտրության կարգը սահմանում է նույն հանձնաժողովը:
Վերջինը թեև կարող էր օրենքի ուժով նշանակել մրցութային հանձնաժողովի անդամներին, բայց 2018-ի ամռանը որոշեցին գործընթացում ընդգրկել ոլորտին առնչվող պետական ու հասարակական կառույցներին: Սակայն մրցութային հանձնաժողովի կազմավորման փուլում խնդիրներ են առաջացել:
«Լրագրողական կազմակերպությունների կողմից ընտրվեց Լևոն Բարսեղյանը որպես մրցութային հանձնաժողովի անդամ: Մյուս ներկայացուցիչը պետք է ընտրվեր ստեղծագործական միությունների կողմից: Հենց այստեղ էլ սկսվում է ամենահետաքրքիրը. վերջերս հրապարակվեցին հոդվածներ, որտեղ նշվում է, որ մի շարք ստեղծագործական միությունների անդամներ տեղյակ չեն եղել այդ գործընթացից»,- ասում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:
Ստեղծագործական միություններից ստացված արձագանքը Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, որը համակարգել է մրցութային հանձնաժողովում լրագրողական կազմակերպությունների թեկնածուի առաջադրումը, բնորոշում է տհաճ անակնկալ, որը ստվերում է ողջ գործընթացը:
«Տարօրինակ իրավիճակ է ստեղծվել , որի հանգուցալուծումն ակնկալում ենք ՀՌԱՀ –ից»,-ասում է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը, որը հիշյալ մրցութային հանձնաժողովի անդամ է առաջադրվել 12 լրագրողական կազմակերպությունների կողմից: Բարսեղյանն ասում է, որ մրցութային հանձնաժողովում Սաթիկ Սեյրանյանի նշանակման իրավական հիմքերի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով գրավոր դիմել է ՀՌԱՀ նախագահ Տիգրան Հակոբյանին: Պատասխանը, ասում է, ընդհանրական է, չի բավարարում:
Ստեղծված իրավիճակի առնչությամբ «Ռադիոլուրը» փորձեց պարզաբանումներ ստանալ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանից: Վերջինը նշեց, որ ամբողջ գործընթացն իրականացվել է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» գործող օրենքի շրջանակում, օրենքից դուրս ոչինչ տեղի չի ունեցել:
«Այդ օրենքում մեկ բառ անգամ չկա, որ մենք պարտավոր ենք խորհրդակցել ստեղծագործական միությունների, նախարարությունների կամ ՀԿ-ների ներկայացուցիչների հետ: Օրենքի ուժով հանձնաժողովը իրավունք ունի նշանակելու ցանկացած անդամի, որը համապատասխանում է նույն օրենքի դրույթներին: Բարի կամքը շահարկման առարկա չպետք է դարձնել: Պետք է խոսել օրենքը խախտելու կամ չխախտելու մասին: Ես համոզված եմ, եթե Սեյրանյանը չլիներ այսօրվա իշխանությանը ինչ-որ չափով ընդդիմադիր, այդ հարցը չէր ծագի»:
«Խնդիրը քաղաքական ենթատեքստ ունի, իսկ մենք ուզում ենք ձևավորել վերկուսակցական, վերքաղաքական ու վերգաղափարական հանձնաժողով, ինչն էլ, ինչ-որ առումով, կարողացել ենք անել»,- եզրափակեց Տիգրան Հակոբյանը: