ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Զբոսաշրջանային գներից արդեն բողոքում է նաեւ նախկին պաշտոնյան
2019-02-11 19:21:53

Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»

Հայաստանում զբոսաշրջային ծառայությունների քաղաքականությունը պետք է ավելի կարգավորված եւ հստակ լինի։ Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանի դիտարկումն է:

Մասնագետը հուսով է, որ իր որոշ դիտարկումներ լսելի կլինեն զբոսաշրջության ոլորտի ներկայիս պատասխանատուներին, կառավարության ծրագրից բխող միջոցառումներն առավել հասցեական կլինեն, իսկ իր առաջարկները կներառվեն փոփոխվող հարկային օրենսգրքում:

Հին խնդիրների վերաբերյալ նոր մտահոգություններ ունեն նաեւ հայ զբոսավարները:

Երկար տարիներ զբոսաշրջության ոլորտում պատասխանատու պետական պաշտոն զբաղեցրած Մեխակ Ապրեսյանին մտահոգում են Տաթեւի ճոպանուղու, Մատենադարանի եւ զբոսաշրջային մի շարք այլ վայրերի գների բարձրացումները ու որոշակի տեղական տուրքերի հնարավոր սահմանումները: Դրանք, ասում է Ապրեսյանը, պետք է սահուն փոխվեն՝ մոտ մեկ տարում, որ ամիսներ առաջ տուր-փաթեթ գնած զբոսաշրջիկը չգա Հայաստան ու բախվի արդեն բարձրացած գներին: Մեր երկրում զբոսաշրջային գների գոյացումը մշտապես արդարացնող Ապրեսյանն այսօր քաղաքականության վերանայման կարիք է տեսնում այս ու ոչ միայն այս հարցում:

«Ունենք բազմաթիվ զբոսավարներ: Նրանցից որոշները բարեխիղճ մրցակցության պայմաններում են աշխատում, մատուցում են բարձրակարգ ծառայություններ, բարեխիղճ հարկատուներ են: Նրանց կողքին շատ շատերը գրանցված չեն, հարկ չեն վճարում, ցածրորակ ծառայություններով խաթարում են մրցակցային միջավայրը եւ համաշխարհային շուկայում էական բացասական ազդեցություն են ունենում Հայաստանի իմիջի վրա»:

Ապրեսյանն իր բարձրացրած խնդրի լուծումը համարում է զբոսավարների՝ հնարավորինս շուտ լիցենզավորումը: Կարգավորման ենթակա է նաեւ Հայաստանում արտասահմանցի զբոսավարների կողմից ծառայությունների մատուցման հարցը՝ նախ հարկման, ապա եւ տեղեկատվական անվտանգության առումով:

Մասնագետը մտահոգվում է՝ նրանք այստեղ գործում են իրենց ուզածի պես, ու հայտնի էլ չէ՝ ինչպես են ներկայացնում մեր պատմությունը, Ցեղասպանությանն ու Արցախյան ազատամարտին առնչվող հարցերը: Խնդիրների կարգավորումն Ապրեսյանն ակնկալում էր տեսնել կառավարության ծրագրի զբոսաշրջության հատվածում: Բայց այստեղ չի գտել իր համար կարեւոր մի քանի կետեր, օրինակ՝ ներգնա, սոցիալական զբոսաշրջության մասով եւ այլն:  

«Զբոսաշրջության եւ զբոսաշրջային գործունեության մասին» գործող օրենքը իր էական դերակատարումն ունեցել է, բայց այսօր լուրջ փոփոխությունների կարիք ունի՝ ոլորտում ծառայությունների նկատմամբ հստակ որակական չափանիշեր սահմանելու եւ դրանց հետեւողական պահպանումն ու իրականացումն ապահովելու ուղղությամբ»:

Ապրեսյանն ակնկալում է շահագրգիռ կազմակերպությունների ակտիվ ներգրավումը զբոսաշրջության քաղաքականության մշակմանը: Իրեն այդ գործում չեն անտեսել՝ ասում է ու հուսով է, որ մոտեցումը կպահպանվի ոչ միայն իր նկատմամբ:

Այս ու այսօրինակ հարցերում առավել լսելի լինելու պահանջ են ներկայացնում նաեւ մի շարք հայ զբոսավարներ: Ոլորտի բոլոր ներկայացուցիչների ամբողջական ատեստավորման ու տարիֆիկացման խնդրով մտահոգ զբոսաշրջային ընկերության ղեկավար Կարեն Անդրեասյանը եւ էքսկուրսավար Աշոտ Լևոնյանը հարց են տալիս՝ ո՞վ և ինչպե՞ս պետք է վերահսկի զբոսավարներին՝ երկրի ազգային արժեքները ներկայացնելիս։  

«Մեզ մոտ այդ հարցը լրիվ բաց է: Հաճախ ասում են՝ դե շուկա է, ով ուզում է՝ աշխատում է: Բայց դե հիմա ով ուզում է՝ դառնում է եւ գիդ, եւ ուղեկցորդ: Մեկ անգամ Արագած բարձրացողն արդեն համարում է, որ ինքն ուղեկցորդ է, չնայած ցանկացած արշավ, անգամ ամենաթեթեւը ենթադրում է լուրջ ռիսկեր ու էքստրիմ: Այդ դպրոցը մենք կորցրել ենք»:

Զբոսաշրջության ոլորտի խնդիրներով մտահոգ մասնագետներն ակնկալում են անձամբ վարչապետի ուշադրությունը: Իսկ այս ընթացքում պաշտոնական վիճակագրությունը փաստում է՝ 2018թ-ին Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թիվն աճել է 105 տոկոսով։

Խորհրդարանում Փաշինյանի թիմը ներկայացնող տնտեսագետ պատգամավոր Արտակ Մանուկյանի դիտարկմամբ՝ մեր հիմնական խնդիրը պետք է լինի ոչ միայն տուրիստների քանակական աճը, այլեւ մեկ զբոսաշրջիկից միջին եկամտի աճը, ինչի համար առանցքային է, օրինակ, մեկ զբոսաշրջիկի՝ Հայաստանում մնալու միջին տևողության երկարաձգումը, նրան ավելի մեծ հավելյալ արժեքով ծառայությունների մատուցումը և այլն։

0:00
0:00