ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Թոշակառուների կյանքը ավելի հետաքրքիր կդառնա
2018-11-09 16:34:49

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

 

Այսուհետ ամեն ամիս հանրապետության տարածքում առնվազն 2 հազար թոշակառու կկարողանա այցելել թատրոն կամ համերգասրահ: Համատեղ նախաձեռնության մեկնարկն այսօր ազդարարել են կառավարության երկու կին պաշտոնյաները՝ ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը:
 

Կենսաթոշակի անցած քաղաքացիների մշակութային կյանքի ակտիվացմանն ուղղված նախաձեռնությունն ամրագրվել է նաև հուշագրով:

Կառավարության մամուլի կենտրոնում ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցն ու ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանն այսօր ազդարարեցին  երկու գերատեսչությունների կողմից իրականացվելիք համատեղ ծրագրի մեկնարկը: Նախաձեռնության հիմքում կենսաթոշակի անցած քաղաքացիների մշակութային ժամանցն ապահովելու գաղափարն է:

 

Լիլիթ Մակունց. «Մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող կառույցների միջոցառումների տոմսերից  այսուհետ մենք կտրամադրենք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ բացառապես թոշակի անցած քաղաքացիներին անվճար տրամադրելու համար: Ծրագրի մեկնարկը տրվում է այսօր, և այսուհետ յուրաքանչյուր ամիս ծրագրից կարող է օգտվել շուրջ 2000 թոշակառու»:

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանի պարզաբանմամբ՝  «Այս համագործակցության արդյունքում մենք կկարողանանք փոփոխություն բերել մեր ավագ գործընկերների կյանքում: Իհարկե, նրանք արժանի են ավելիին, բայց մենք փորձում ենք մի փոքր ավելի  հետաքրքրիր դարձնել նրանց կյանքը այս պահին եղած հնարավորություններով: Ես կարծում եմ, որ կին նախարարների օպերատիվությունն այս անգամ իսկապես տեղին էր, և համոզված եմ, որ արդյունավետ համագործակցությամբ հետագայում ևս հետաքրքիր լուծումներ ենք գտնելու այս ոլորտում»:

Երկու պաշտոնակատարներն էլ ընդգծեցին ծրագրի արդյունավետության բաղադրիչը. Ծրագրի իրականացման համար պետբյուջեից հավելյալ միջոցներ չեն պահանջվելու: Փոխարենը`  ծախսված միջոցներով փորձելու են փոքր ինչ ավելի հետաքրքիր դարձնել հանրապետության՝ կենսաթոշակի անցած  քաղաքացիների կյանքը:

Մշակութային գերատեսչության պատասխանատուի տեղեկացմամբ՝ թոշակառուների համար նախատեսված տոմսերի վրա երեք լեզուներով նշված է լինելու՝ ենթակա  չէ վաճառքի: Այս կամ այն մշակութային կառույցի  տրամադրած տոմսերի քանակը պայմանավորված է կոնկրետ կառույցի՝ թատրոնի կամ համերգասրահի  հնարավորություններով:  Տոմսը հասցեատիրոջը հասցնելու գործառույթը ՀՀ աշխատանքի
և սոցիալական հարցերի նախարարությանն է:

0:00
0:00