ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Մեդիան՝ խոշորացույցի տակ
2018-11-09 17:13:13

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

 

ԵՄԱ-ն ավանդաբար ընտրություններից առաջ իրականացնում է զլմների մշտադիտարկում: Ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն այսօր ներկայացրել է ԱԺ արտահերթ ընտրությունների լուսաբանման վերաբերյալ մշտադիտարկման նախնական փուլի արդյունքները։

Կառավարության գործունեության եւ հիմնական քաղաքական ուժի հետ կապված տեսակետների բազմազանություն է եղել: Առավել շատ բացասական գնահատականներ հնչել են մշտադիտարկված 8 լրատվամիջոցներից երկուսում:

 

ԵՄԱ-ն դիտարկում է նաեւ մինչ ընտրությունների պաշտոնական քարոզարշավը: Այս առոմով, Բորիս Նավասարդյանի խոսքով, այս անգամ աննախադեպ դժվար է եղել մշտադիտարկման խնդիրը՝ քաղաքական զարգացումների հետեւանքով.

«Դասավորությունները քաղաքական ուժերի բավականին անորոշ են եւ մնում են անորոշ մինչեւ այսօր»:

Այնուամենայնիվ, հոկտեմբերի 16-ից իրականացվել է առաջին փուլի մշտադիտարկումը, երբ, Նավասարդյանի ձեւակերպմամբ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց եւ հայտնի դարձավ, որ ունենալու ենք արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Առաջին փուլը ներառել է մինչեւ նոյեմբերի 1-ը, երբ հայտարարվեց ընտրությունների անցկացման օրը:

Առաջին փուլում հետաքրքիր է համարվել կառավարության եւ հիմնական քաղաքական ուժի լուսաբանումները: Առաջին փուլում մշտադիտարկվել են հանրապետական 6 հեռուստաընկերություն եւ 2 առցանց լրատվամիջոց: Խոսքը Հ1, Հ2, «Շանթ», «Արմենիա», «Երկիր մեդիա» եւ «Կենտրոն» հեռուստաընկերությունների եւ  «NEWS.am» ու «1in.am» առցանց լրատվամիջոցների մասին է:

Հեռուստաընկերությունների պարագայում դիտարկվել են լրատվական թողարկումներն ու քաղաքական, բանավեճային հաղորդումները, «NEWS.am» -ի պարագայում՝ ամբողջ բովանդակությունը, իսկ «1in.am»-ի դեպքում՝ առավել դիտվող հաղորդումները: Դիտարկած հիմնական խնդիրը՝ ինչպե՞ս են լուսաբանվել կառավարությունն ու հիմնական քաղաքական ուժը: Դրանում ներառվել են նաեւ «Ելք»-ն ու «Իմ քայլը»:

«Ընդհանրապես, պետք է ընդհանրացված ասեմ, որ տեսակետների բազմազանությունը բավականին լայն էր ներկայացված այս ժամանակահատվածում մեր հեռուստաալիքներով եւ առցանց լրատվամիջոցներով»:

Ինչ վերաբերում է կառավարության եւ հիմնական քաղաքական ուժի վերաբերյալ, ինչպես նաեւ՝ ԸՕ-ի փոփոխությունների եւ ԱԺ արտահերթ ընտրությունների  լուսաբանումներում դրական կամ բացասական գնահատականների քանակին:

«Ավելի շատ բացասական գնահատականներ կային «Երկիր մեդիա» եւ «NEWS.am»  լրատվամիջոցներում: Այսինքն՝ «Երկիր մեդիան» էր առավել քննադատաբար վերաբերում այս գործընթացներին եւ կառավարության գործունեությանը, իսկ առցանց լրատվամիջոցներից «NEWS.am» -ը: Մնացած բոլոր դեպքերում, կարելի է ասել, որ դրական վերաբերմունքն առաջնահերթային էր»:

ԵՄԱ-ի մշտադիտարկման արդյունքում արձանագրած այս պատկերի վերաբերյալ մենք մեկնաբանություն խնդրեցինք նաեւ «Երկիր մեդիա» հեռուստաընկերության հասարակական-քաղաքական հաղորդումների պատասխանատու Գեղամ Մանուկյանից:

«Ես չգիտեմ՝ ի՞նչ է նկատի ունեցել պարոն Նավասարդյանը, կամ՝ ԵՄԱ-ի մոնիթորինգի խումբը՝ արձանագրելով, որ «Երկիր մեդիա»-ի եթերում հնչել են ամենաշատ բացասական կարծիքներ: Թերեւս, պատճառն այն է, որ եթե նախկինում մի տեսակետի արտահայտությունն էր տեղ գտնում հեռուստաեթերում հիմնականում, հիմա, էլի դրական այդ արտահայտությունների ֆոնին, «Երկիր մեդիա»-ի բազմակարծությունը դիտվում է որպես բացասական գնահատական»:

Գեղամ Մանուկյանը նաեւ շեշտեց, որ հեռուստաընկերությունում երբեւէ միտում չի եղել, հետեւաբար՝ չեն նստել վարկյան առ վայրկյան չափել, թե «Երկիր մեդիա»-ի բանախոսները կամ լրագրողների տեսանյութերում հարցազրույցներ տվող  գործիչներից որ մեկն է դրական, որը՝ բացասական խոսում:


Ի դեպ, ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանն այսօր փոխանցեց նաեւ՝ մշտադիտարկման արդյունքում արձանագրել են, որ  փորձագիտական շրջանակներն ավելի շատ բացասական, քան դրական են գնահատել կառավարության գործունեությունն ու ԸՕ-ի փոփոխությունների նախաձեռնությունը եւ ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված գործընթացները: Նրա ձեւակերպմամբ՝ դա պայմանավորված է նրանով, որ փորձագետները միշտ նաեւ պետք է գտնեն թերություններ:

Խոսելով սպասվող ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված, մասնավորապես՝ քարոզարշավի ընթացքում իրականացվելիք լուսաբանումների մասին՝ Գեղամ Մանուկյանը շեշտեց, որ դա իրականացնելու են այնպես, ինչպես եղել է միշտ՝ հնարավորինս ապահովելով բոլոր մասնակից ուժերի ներկայությունը, հավասարաչափությունն ու  բազմակարծությունը հեռուտաընկերության եթերում: 

«Թեեւ՝ փորձագետները եւ, հատկապես, իմ գործընկերներից շատ-շատերն այդ մասին ունեն հատուկ կարծիք, որ շատ հաճախ ընտրարշավին մասնակցում են քաղաքական միավորներ, որոնք գրեթե ողջ քարոզարշավի ընթացքում որեւէ ակտիվ գործունեություն չեն ծավալում, եւ լրատվամիջոցները պարտադրված պետք է լուսաբանեն չեղած խմբակցությունների կամ միավորների քարոզարշավը»:

Հավելեմ նաեւ, որ ԵՄԱ-ը խորհրդարանական արտահերթ ընտրություններին ընդառաջ զլմների մշտադիտարկման երկրորդ փուլն սկսել է նոյեմբերի 1-ից եւ այն կշարունակի մինչեւ պաշտոնական քարոզարշավի մեկնարկը, այսինքն՝ նոյեմբերի 26-ը:

Ըստ Բորիս Նավասարդյանի՝ այս փուլում քիչ թե շատ արդեն հայտնի են դարձել, թե ովքեր են պատրաստվում մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին: 3-րդ փուլը կընդգրկի բուն քարոզարշավը, իսկ չորրորդը՝ հետընտրական շրջանի զարգացումները: