ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Նոր ֆիլմաշար՝ ռազմի դաշտում վիրավորված հայորդիների մասին
2019-02-16 12:00:00

Արմինե Գևորգյան

«Ռադիոլուր»

«Մի հերոսի պատմություն». նոր նախաձեռնության մեկնարկը տրված է։ Արցախյան ազատամարտից մինչև մեր օրերը տարբեր տարիներին վիրավորված հայորդիների կյանքը կներկայացվի ֆիլմաշարով։ Ու պատահական չէ, որ նախաձեռնության մեկնարակը տրվեց հենց Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում:

Լրագրող Սուրեն Արեենցը կենտրոնի հետ համատեղ նկարահանելու է վիրավոր զինվորների մասին ճանաչողական ֆիլմեր։

Կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանն ասում է, որ մոտ 100 տարի անց կրկնվում է շենքի ճակատագիրը, որտեղ գործում է վերականգնողական կենտրոնը. «Շենքը կառուցվել է 1911թ ին ժողովրդի ջանքերով։ Այստեղ բուժում են ստացել Ցեղասպանություն վերապրածները, Սարդարապատի ճակատամարտից հետո վիրավորում ստացածները, արցախյան ազատամարտի վիրավորները»:

Ձևավորված ֆոնդը կաջակցի վիրավոր զինվորներին՝ ինչպես առողջական, այնպես էլ սոցիալական հարցերում: Սուրեն Արեենցը ասում է, որ այն տղաները, որոնք իրենց առողջությունն են ներդրել հայրենիքի պաշտպանության գործում, սոցիալական կյանք վերադառնալու ու ինտեգրվելու խնդիր ունեն։ Ֆիլմերում վեր կհանվեն նրանց խնդիրները, կներկայացվեն ապագային ծրագրերը։ «Հուզականը հուզական, բայց մի խնդիր ենք մենք դրել, ֆիլմերը խղճահարույց չեն լինելու, ֆիլմերը հերոսների մասին է, քանի որ այս տղաները մեզանից որևէ բանով պակաս չեն»,-ասում է Սուրենը:

Առաջին ֆիլմի հերոսը Սերոբն է, որը ցանկանում է զբաղվել գյուղատնտեսական աշխատանքով: Հայկուհի Մինասյանն ասում է, որ փոքրիկ բիզնես պլան են մշակել՝ թե քանի կով է պետք, ինչքան կեր է պետք և ինչքան է լինելու ծախսը: «Ունենք տղա, որը թանկարժեք դեղորայքի կարիք ունի, որը պետպատվերով իրեն չի տրամադրվում, մի մասը բնակարան չունի, մի մասի սանհանգույցներն են տնից դուրս գտնվում, մի մասը մեքենա չունի, որ հարմարեցված լինի հաշմանդամության սալյակին: Այդ պատճառով փորձելու ենք քայլ առ քայլ լուծել խնդիրներ։ Չնայած ՀՀ-ում կա 9000 զինհաշմանդամ, բայց եթե մենք մի զինվորի կյանք էլ փրկեցինք, մի զինվորի մատից փուշ հանեցիքն՝ վստահեցնում եմ, որ դա մեծ բան է»,-ասաց Հայկուհի Մինասյանը:

Ամեն ֆիլմ կունենա իր հերոսը, ամեն հերոս իր հաշվեհամարը, որտեղ կարող ենք նվիրատվություն անել՝ նրան աջակցելու համար։

Քառօրյա պատերազմի ժամանակ Մատաղիսում վիրավորված Ռոլանդ Սարգսյանն էլ ասում է, որ ամբողջ օրն անցկացնում է կենտրոնում, որտեղ ձեռք է բերել բազմաթիվ ընկերներ։ Հիմա մտածում է աշխատանք գտնելու մասին:

Սուրեն Արեենցը որոշեց նախաձեռնության մեկնարկը տալ իր ծննդյան օրը եւ իր ստացած գումարային նվերներն ուղղել կենտրոնին:

Հաշվեհամարն է՝ ACBA-CREDIT-AGRICOL-BANK 220460202405000 Suren Hakobyan

0:00
0:00