ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ակնկալում եմ, որ ՊԵԿ-ը հանրությանը ներկայանա նոր կերպարով. Նիկոլ Փաշինյան
2019-02-16 17:10:41

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որում ներկայացվել են Պետական եկամուտների կոմիտեի գործառույթների արդիականացման ուղղությամբ իրականացված աշխատանքները՝ հայտնում են կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Մինչ քննարկման օրակարգային հարցերին անցնելը՝ վարչապետ Փաշինյանն արել է մի քանի դիտարկումներ Պետական եկամուտների կոմիտեի գործունեության հետ կապված:

«Համոզված եմ, որ հետևել եք Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկումներին: Ընդհանրապես, մեր հիմնական քաղաքական առաջնահերթություններից մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վերաբեմունքն իրենց վճարած հարկերի ու հարկեր վճարելու պարտականությունների նկատմամբ փոխելն է և սա մեզ համար ունի ռազմավարական ու անկյունաքարային նշանակություն՝ մեր կողմից հռչակված տնտեսական հեղափոխության իրականացման համատեքստում»,-ասել է նա:

Այս առումով նա նշել է աշխատելու երեք ուղղություն:

Առաջինը՝ քաղաքացիների հետ երկխոսությունն է՝ հարցի վերաբերյալ նրանց ընկալումները և ըմբռնումը մեծացնելու ուղղությամբ:

Երկրորդը՝ օրենսդրության առումով հարկային արդար համակարգ ստեղծելն է:

Երրորդը՝ Պետական եկամուտների կոմիտեի իմիջի, նրա աշխատանքի որակի, նրա աշխատանքի բովանդակության, կոմիտեի ինքնազգացողության նկատմամբ քաղաքացիների ունեցած ընկալումն է:

«Վերջին շրջանում շատ քննադատություններ են հնչել ՊԵԿ-ի աշխատանքի վերաբերյալ և այդ թեմային անդրադարձեր մենք ունեցել ենք նաև Ազգային ժողովում քննարկումների ժամանակ: Շատ կարևոր է, որ ի վերջո կարողանանք փոխել հանրության որոշակի մասի ընկալումը, եթե շատ պատկերավոր ասեմ, կներեք այս պատկերավոր ձևակերպման համար, թե Պետեկամուտների կոմիտեն ապրում է իրենց հաշվին և իրենց շահերի հաշվին: Շատ կարևոր է, որ հանրությունը տեսնի և զգա, որ Պետական եկամուտների կոմիտեն անհաղորդ չէ իր հասցեին հնչող քննադատությունների վերաբերյալ, սկսած շարժուձևից, աշխատանքի ոճից, ընդհանուր բովանդակությունից և կեցվածքից»,- ասել է վարչապետը:

Նրա խոսքով՝ չափազանց կարևոր է, որ այս խնդիրը Պետական եկամուտների կոմիտեի ղեկավար անձնակազմը և նաև ամբողջ կազմը գիտակցի: Ակնկալում է, որ այս պրոցեսին զուգընթաց հանրության, քաղաքացու և Պետական եկամուտների կոմիտեի հարաբերությունների փոփոխություն տեղի ունենա ու ՊԵԿ-ը, նրա ղեկավար կազմը և ընդհանրապես ողջ անձնակազմն ամեն ինչ կանի, որպեսզի հանրությանը ներկայանա բոլորովին նոր կերպարով և այդ կերպարը չլինի ուղղակի փիառ գործիք, այլ լինի խորը բովանդակային վերլուծության, քննադատությունների, խորը հաշվառման և արդարացի քննադատություններին արձագանքման տրամաբանության մեջ:

«Սա չափազանց կարևոր է և սա կարող եք ընկալել որպես իմ ուղիղ հանձնարարականը՝ պարոն Անանյան Ձեզ և ընդհանրապես ՊԵԿ-ի ողջ կազմին: Պայմանավորվենք, որ մենք ժամանակ առ ժամանակ կքննարկենք, թե մենք ինչ փոփոխություններ ենք կարողացել անել այս տրամաբանության մեջ և ինչ արդյունքների ենք հասել: Պետք է ուշադիր հետևենք նաև հանրության արձագանքին այս գործընթացի և ակնկալվող փոփոխությունների նկատմամբ»,- նշել է վարչապետ Փաշինյանը:

Այնուհետև ՊԵԿ պատասխանատուները մանրամասն ներկայացրել են կոմիտեի գործառույթների և հարկային վարչարարության արդիականացմանը միտված նոր ծրագիրը: Նշվել է, որ այն մշակվել է միջազգային փորձի հիման վրա: Ծրագիրն իրականացվելու է «Մենք հավատում ենք մեր ապագային և վճարում ենք մեր հարկերը» կարգախոսի ներքո: