ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ինչ տեղի ունեցավ ՀԱՊԿ նիստում
2018-11-13 19:10:55

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

 

Հայաստանը կարող է վերահաստատել, որ ունի բավարար ռեսուրս՝ ավարտելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում իր ժամկետը, այսօր ասել է  ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությանը, թե պետք է հասկանալ՝ կարո՞ղ  է անցումային փուլում գտնվող Հայաստանը շարունակել կրել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնելու և ԵԱՏՄ-ում նախագահության ծանրաբեռնվածությունը:

Այս ու այս տարվա ամռանը հակառակորդ երկրում հայտնված Կարեն Ղազարյանի նկատմամբ Ադրբեջանում դատական գործընթաց վարելու մասին տեղեկություններին է անդրադարձել ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը:

Մոտ 10 օր առաջ Ադրբեջանը, ըստ «Ինտերֆաքս Ադրբեջանի» առաջարկում էր, այսպես ասած, գերիների փոխանակում իրականացնել բոլորը բոլորը դիմաց։ Այժմ էլ լուրեր են տարածում, որ դատաքննություն է սկսվել հուլիսի 15- ին Տավուշի մարզից անհայտ հանգամանքներում հակառակորդի տարածքում հայտնված  Կարեն Ղազարյանի նկատմամբ։ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը այդ դատական գործընթացն այսօր թատերականացված բեմականացում որակեց  ու վստահեցրեց, որ ԱԳՆ-ն անում է հնարավորը՝ ՀՀ քաղաքացուն հայրենիք վերադարձնելու համար.

«Կարեն Ղազարյանը հոգեկան խնդիրներ ունի և անգամ չէր զորակոչվել բանակ։ Այդ դատական նիստը թատերականացված բեմականացում է՝ նրան ահաբեկչի պիտակ կպցնելու և ՀՀ-ում գտնվող հանցագործ ադրբեջանցիների միջև հավասարության նշան դնելու համար: ՀՀ-ն անում է  ամեն հնարավորը Կարեն Ղազարյանին ՀՀ վերադարձնելու համար»:

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն այս առումով հստակ տարանջատում է մտցնում երկու կողմերում գտնվողների միջև ու ընդգծում՝ ադրբեջանցի հանցագործները խիստ վտանգավոր կարող են լինել նաև Ադրբեջանի բնակչության համար, քանի որ նրանց ահաբեկչական գործողությունները սարսափելի են՝ ասաց՝ վերհիշելով նրանց դաժան սպանությունները.

«Իհարկե չեն կարող համեմատվել»:

Մի կողմից գերիների փոխանակման առաջարկ է հնչում հակառակորդ երկրից, մյուս կողմից՝ փորձեր ձեռնարկում միջդիրքային տարածքներում դիրքերը բարելավելու համար:

ՀԱՊԿորևէ կերպ չարձագանքեց  բոլորովին վերջերս նախիջևանյան ուղղությամբ հայ-ադրբեջանական շփման գծի միջդիրքային տարածքներում հակառակորդի կողմից  որոշակի տեղաշարժերի փորձերին, ինչի մասին երեկ պարզաբանում տվեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:


ՀԱՊԿ
-ի լռությունն ամենևին էլ պայմանավորված չէ կառույցում Հայաստանի կողմից  գլխավոր քարտուղարի հետ կանչման հանգամանքով: ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը այսօր ասաց, որ չպետք է գերագնահատել ՀԱՊԿ- ում այդ պաշտոնը։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի չարչրկված հարցը թերևս լուծում կստանա դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում նախատեսված հանդիպման ընթացքում: Բայց մինչ այդ՝ գլխավոր քարտուղարությանը հանձնարարվել է մշակել իրավական հիմք՝ նման իրավիճակներում լուծումներ գտնելու ուղղությամբ։ Այսինքն նորմատիվ առաջարկներ պետք է ներկայացվեն՝ ասաց Աննա Նաղդալյանը։

Ռոտացիոն կարգով Հայաստանից գլխավոր քարտուղարությունը պետք է փոխանցվի Բելառուսին։ Ստանիսլավ Զասը, որի թեկնածությունն այդ պաշտոնում առաջարկել էր Բելառուսը, այսպես ասած ջերմ հարաբերություններ ունի Բաքվի հետ։ Թեկնածուների նշանակման հարցում, ըստ ԱԳՆ մամուլի խոսնակի, ՀՀ-ն միշտ կարող է օգտվել վետոյի իր իրավունքից:

Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը դեկտեմբեր 6-7- ը մեկնելու է Միլան՝ մասնակցելու ԵԱՀԿ նախարարական խորհրդի 25-րդ նիստին: Միլանում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հնարավոր հանդիպման հարցում Աննա  Նաղդալյանը նշեց, որ  ՄԽ միջնորդների կողմից եղել է առաջարկ մինչև տարվա վերջ ԵԱՀԿ նախարարական համաժողովի ժամանակ կազմակերպել նախարարների հանդիպում, երբ հստակեցվի այդ հանդիպումը, հանրությունը կտեղեկացվի դրա մասին ասաց:

0:00
0:00