ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Դինքի գործով 2 մեղադրյալի ազատ արձակման վճիռը բողոքարկվել է
2019-03-15 14:52:59

Թուրքիայի հայկական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով կալանքի տակ գտնվող երկու մեղադրյալի վերաբերյալ ազատ արձակման որոշում է կայացվել։

Մարտի 14-ին կայացած դատական նիստում Ստամբուլի ծանր հանցագործությունների 14-րդ դատարանը որոշել է երկու մեղադրյալի՝ Ստամբուլի ժանդարմերիայի հետախուզական բաժնի նախկին աշխատակից Մուհարրեմ Դեմիքալեի և լրագրող Էրջան Գյունի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվող կալանավորումը փոխարինել երկրից դուրս գալու արգելքով։

Ստամբուլի գլխավոր հանրապետական դատախազությունը դատարանի այդ վճռի դեմ բողոք է ներկայացրել։ Այժմ ակնկալվում է, որ դատարանը կքննի և որոշում կկայացնի այդ բողոքի վերաբերյալ` գրում է ermenihaber.am-ը:

Միևնույն ժամանակ, հայտնի է, որ Դինքի գործով մեղադրյալներ Դեմիրքալեն ու Գյունը մեղադրվում են նաև Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող Ֆեթհուլլահական կազմավորման (FETÖ) վերաբերյալ ընթացող այլ դատավարությունների շրջանակներում, ուստի անկախ Ստամբուլի 14-րդ դատարանի վերոհիշյալ վճռից, նրանք բանտից դուրս գալ չեն կարող։  2007-ի հունվարի 19-ին սպանված անվանի պոլսահայ լրագրող, հրապարակախոս Հրանտ Դինքի սպանության գործով ընդհանուր առմամբ 85 մեղադրյալ կա, որից 14-ը փախուստի մեջ են։