ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Մշակութային կյանքի «եռուզեռը»
2019-04-04 18:39:48

Անի Մինասյան
«Ռադիոլուր»

Մշակութային կյանքում վերջին իրադարձությունները եկան ապացուցելու, որ մեր երկրում մեկ դժգոհում են, որ թատրոնը մեկ ղեկավար ունի, մեկ էլ՝ որ մի քանի ղեկավար ունի։

Մի մասը կարծում է՝ թատրոնը պետք է ունենա մեկ ղեկավար՝ գեղարվեստական ղեկավարի հաստիքով, մյուսները ներկա՝ տնօրեն-գեղ.ղեկավար ձևաչափն են ճիշտ համարում:

Վերջին ամիսներին մշակույթի նախարարության եւ արվեստագետների միջեւ, կարծես թե, սև կատու անցած լինի: Մեկը մյուսին անընդհատ հիշեցնում է՝ ինչ բացթողումներ ունի, ինչ պետք է անի լավ աշխատելու համար, ինչ սխալներ է արել: Մշակույթի նախարարությունը դաշտը կտրում-կպցնում, բաժանում ու միացնում է, արվեստագետները մեկ մի գործընթացից են բողոքում, մեկ՝ մյուսից:

Վերջին մեկ շաբաթում նախարարության  ու Օպերայի թատրոնի անունն անընդհատ կողք կողքի են՝ նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի համոզմամբ թատրոնի գեղ. ղեկավար, և դեռ մի քանի օր առաջ նաև տնօրեն Կոնստանտին Օրբելյանը օրենքի խախտումներով է նշանակվել տնօրենի պաշտոնում, դրա համար ապրիլի 1-ից թատրոնում միայն գեղարվեստական ղեկավար է: Օրբելյանն էլ հակադարձում է՝ ինքն անձամբ օրենք չի խախտել:

Ու մինչ երկու կողմերի իրավաբանները փորձում են հասկանալ խնդրի ճիշտ ու սխալ կողմերը՝ Կոնստանտին Օրբելյանը վստահեցնում է՝ չի պատրաստվում թողնել թատրոնը եւ որեւէ մեկից «նեղացած չէ»:

«Առջևում բազմաթիվ պլաններ կան, այս պահին Նյու Յորքում լուրջ բանակցությունների մեջ եմ, պլանավորում են Անուշ օպերայի նոր բեմադրությունը՝ Սփյուռքն ուզում է, որ ԱՄՆ-ում խաղանք: Տեսնենք՝ ամեն ինչ առջևում է: Թատրոնը պետք է ղեկավարի գեղարվեստական ղեկավարը, թատրոնում գլխավոր մարդը նա է»:

Խնդրով կզբաղվեն իրավաբանները, թացը չորից, ճիշտն էլ սխալից կհասկանան իրավաբանական դաշտում, բայց  թատրոններում «գլխավորի» հարցը օդում կախված կմնա: Պե՞տք են մեզ ե՛ւ տնօրեններ, ե՛ւ գեղարավեստական ղեկավարներ, ե՛ւ պրոդյուսերներ. կարծիքները տարբեր են, հիմավորումները՝ նույնպես:

Մասնավոր միջոցներով ապրող «Բոհեմ» թատրոնի պրոդյուսեր Քրիստինե Հովհաննիսյանը բերում է Ֆրանսիայի օրինակը: Միայն Փարիզում 200-ից ավելի մասնավոր թատրոն կա, պետականները՝ մատների վրա կհաշվես: Մասնավորն ապրելու տարբեր ձևեր ունի՝ քանի տնօրեն ուզի, այնքան էլ կունենա, իսկ պետականում դերերը հստակ են բաժանված:

«Ստեղծագործական ղեկավարը այլ գործով զբաղվելու ժամանակ ուղղակի չունի»:

Թատրոնում ներկայացումը բեմին հանդիսատեսն է պահում՝ ցանկացածը ամենահեղինակավոր թատրոնում անգամ կարող է ներկայացում բեմադրել՝ վարձելով բեմը: Ներկայացումը դահլիճն ինչքան լցրեց, այնքան էլ բեմում կմնա, վստահ է թատրոնի պրոդյուսերը:

Լավ ներկայացման գնահատական տալը ո՛չ դերասանի, ո՛չ էլ ռեժիսորի գործն է, աշխարհի ամենահեղինակավոր թատրոններում այդ գործը հանդիսատեսի ուսին է: Փարիզում ներկայացումն ապրելու այլ ճանապարհ չունի:

«Փարիզում օրական 200 ներկայացում է ծնվում, 200-ն էլ մահանում՝ հաջորդ օրը նորից նորերն են ծնվում»:

Ինչ վերաբերում է հայաստանյան մշակութային կյանքին, Կոնստանտին Օրբելյանի ձեւակերպմամբ, այն ուղղակի եռում է: Մի քանի րոպեից Օպերայի բեմում նորից «Կախարդական սինգը» կլինի՝ գուցե  իր ձայնով կախարդելու մեր մշակութային կյանքը:

0:00
0:00