ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Քրեական հետապնդման է ենթարկվել 470 պաշտոնյա
2019-04-04 19:07:57

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

 

Նախկին գումարումների խորհրդարաններում գրեթե ոչ իրատեսական էր միջանցքներում հանդիպել հանրապետության գլխավոր դատախազին, առավել եւս՝ իրատեսական չէր, որ գլխավոր դատախազը հաշվետվությունով հանդես գար պատգամավորների մոտ:

Բացառությունը թերեւս նախկին դատախազ Գեւորգ Կոստանյանն էր: Նախորդ խորհրդարանում նա առաջին անգամ հաշվետվություն ներկայացրեց Աժ ամբիոնից: Այս առումով իրավիճակն այժմ փոխվել է:

Դատախազը ոչ միայն կատարած աշխատանքի հաշվետվություններ է ներկայացնում պատգամավորներին, այլեւ այցելում ԱԺ՝ հանձնաժողովներում անհրաժեշտ քննարկումներին մասնակցելու համար:

Այժմ Գլխավոր դատախազությունից պատգամավորների ուսումնասիրության է ուղարկվել հերթական փաստաթուղթը:


Կոռուպցիոն բնույթի քրեական գործերով անցյալ տարի հետապնդման է ենթարկվելմոտ 1000 (960) մարդ։ Նախորդ տարվա համեմատ՝ ցուցանիշը 60 տոկոսով աճել է: Փաստը ներկայացված է Գլխավոր դատախազության հաշվետվության մեջ, որն արդեն ուղարկվել է խորհրդարան: Սա եւս մի փաստաթուղթ է, որն առնչվում է անցումային շրջանին՝ նախա եւ հետհեղափոխական:

Ճիշտ է երկուսի դեպքում էլ՝ գլխավոր դատախազության ղեկավարը նույնն է:  136 էջանոց հաշվետվությունը տարբեր բաժիններից է եւ բաց է ուսումնասիրության համար: Կոռուպցիայի դեմ պայքարին դատախազության ամփոփ հաղորդման մեջ հատկացված է առանձին բաժին: Համեմատություններն այստեղ ուշագրավ տվյալներ են բացահայտում. եթե 2017-ին քրեական հետապնդման ենթարկված անձանցից 292-ն է եղել պաշտոնատար անձ կամ հանրային ծառայող, ապա 2018-ին՝ նրանց թիվը հասել է 470-ի:

«Տարբեր անվանումներ տրվեցին՝ «անցումային արդարադատություն», առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձում եւ այլն: Աշխատանքային խումբը հիմա մշակում է օրենսդրական նախագիծ, որով դատախազը մի կողմում, մյուս կողմում կոնկրետ գույքի սեփականատերը դատարանի առջեւ ներկայացնելու են իրենց փաստարկները: Եվ այստեղ որեւէ պաշտոնյա կամ որեւէ պետական մարմին չէ, որ նրան սեփականությունից կզրկի արդյունքում: Իրականացնելու է դատարանը, այսինքն՝ արդարադատության եղանակով սեփականությունից զրկելը կարծում եմ, որ իրավաչափ է»,- ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:  

Կաշառք ստանալու, տալու եւ կաշառքի միջնորդության հանցակազմերի հատկանիշներով 36 մեղադրական եզրակացություն արդեն ուղարկվել է դատարան: Բայց ընդհանուր առմամբ հարուցվել է 150- ից ավելի (153) քրեական գործ, որոնց մի մասը դեռ ուսումնասիրման փուլում է: Այս տիպի կոռուպցիոն դրսեւորումները գրանցվել են բազմաթիվ ոլորտներում՝  ոստիկանություն, ԴԱՀԿ, ՊԵԿ , առողջապահություն, կրթություն, պետական գնումներ, սոցապ, էներգետիկ եւ բնական պաշարներ:

Ամենաշատ դեպքերն առնչվել են ՊՆ զորամասի հրամանատարների, տարածքային զինկոմիսարիատի բաժնի պետի, զինկոմիսարիատների աշխատակիցների անօրինական գործունեությանը: Այս ոլորտում քրեական ուսումնասիրություններն առնչվում են 100- ից ավելի (133) անձի: Կոռուպցիոն գործերով մեղադրյալի կարգավիճակ ունեցող 50- ից ավելի (54) պաշտոնատար անձի պաշտոնավարում դադարեցվել է:

Կաշառք ստանալու փաստով հարուցված վերջին գործը, ի դեպ, գրանցվեց մի քանի օր առաջ: Կիզակետում առողջապահության փոխնախարարն էր: Այս ամենը, սակայն, խորհրդարանական ոչ բոլոր ուժերն են հակված ընկալել իբրեւ համակարգային կոռուպցիայի ավարտ: «Բարգավաճ Հայաստանից» Գեւորգ Պետրոսյանը եւ «Լուսավոր Հայաստանից» Էդմոն Մարուքյանը կոռուպցիայի դեմ պայքարը հաջողված համարել դեռ չեն շտապում:

«Ասել, որ պայքար չենք տեսնում՝ ճիշտ չի լինի, որովհետեւ իսկապես կա պայքար: Բայց քանի որ վերջին շրջանում շատ ավելի հաճախակի են դարձել  ձերբակալել-ազատ արձակել-կալանավորել-ազատ արձակել-հետո նորից կալանավորել, հանրությունը մի տեսակ մոլորության մեջ է:

«Կարող է ասվել միանշանակ, որ վարչապետը չի ղեկավարում կոռուպցիոն բուրգ: Այս հայտարարությունն է պետք է անել, ոչ թե ասել, որ կոռուպցիա չկա: Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը դեռեւս համակարգային բնույթ չի կրում»:

Խորհրդարանական մեծամասնության՝ «Իմ քայլը» խմբակցությունից պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը պնդում է՝ կոռուպցիայի դեմ պայքարի հարցում իրենք «տաբու»-ներ չունեն:

«Նակինում կային մարդիկ, որոնք չգրված լիցենզիաներ ունեին իրենց ձեռքում՝ ապօրինություններով հարստանալու եւ այլն: Այսօր իշխանական բուրգում ամենավերեւից սկսած կա քաղաքական պատվեր՝ կոռուպցիայի դեմ լայնամաշտաբ գործողություններ իրականացնել:  Եվ եթե ձերբակալել են պաշտոնյայի, որ նոր իշխանության ժամանակ նշանակված է, նշանակում է, որ «տաբու»-ներ գոյություն չունեն»:

Հետհեղափոխական շրջանում, ի դեպ, կոռուպցիոն դրսեւորումների մասին աղմկահարույց հայտարարություններով աչքի ընկավ Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը: Իրականում՝ այդ կառույցից դատախազություն է ուղարկվել 7 տեղեկանք: Գործունեության տարեկան հաղորդումից պարզ է դառնում, որ Պետական վերահսկողական ծառայության դիմումների հիման վրա հարուցված քրեական գործերից ամենաաղմկահարույցը «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությունում հայտնաբերված դեպքն է, երբ անհետացել է մոտ 600 մլն դրամ արժողությամբ տրանսֆորմատորը:
 

0:00
0:00