ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Կա՞ն արդյոք ապակայունացման միտումներ Հյուսիսային Կովկասում
2019-04-04 19:20:36

Մառլենա Հովսեփյան
«Ռադիոլուր»

Ինգուշեթիայում խուզարկություններ են, բերման են ենթարկում  ընդդիմության առաջնորդներին: Նախօրեին մայրաքաղաք Մագասում անցկացվել է հատուկ գործողություն՝ մարտի վերջին տեղի ունեցած զանգվածային բողոքի գործողության  կազմակերպիչների դեմ: Խոսքը իշխանությունների հետ չհամաձայնեցված ցույցի մասին է, որը նախորդ շաբաթ տեղի էր ունեցել ինգուշական մայրաքաղաքում և ավարտվել ոստիկանության հետ բախումներով:

Ինգուշեթիայում զանգվածային բողոքի գործողությունները հետևանք են հանրապետության նախագահ Յունուս-Բեկ Եվկուրովի և Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի միջև համաձայնության՝ երկու հյուսիսկովկասյան հարապետությունների դեմ սահմանի վերաբերյալ, որով փորձ արվեց լուծել երկարամյա տարածքային վեճը: Ինգուշեթիայի բնակիչները երկրի առաջնորդին մեցադրում են իրենց պատկանող հողերի մի մասը Չեչնիայի փոխանցելու մեջ: Չեչնիայի և Ինգուշեթիայի միջև սահմանի հստակեցման համաձայնագրի կնքումը նպատակ ուներ վերջ տալու կողմերի միջև տարածքային հին վեճը, սակայն ինգուշ ցուցարարները համոզված են, որ դրանով Չեչնիային է անցնում Ինգուշեթիայի լեռնային մի հատված: Խորհրդային ժամանակաշրջանում Չեչնիան և Ինգուշեթիան ինքնավար մեկ հանրապետություն էին կազմում: Նախկին միության փլուզումից հետո նրանք անջատվեցին 1992 թվականին:

Եվկուրով-Կադիրով համաձայնությունը բողոքի զանգվածային գործողությունների էր հանգեցրել 2018-ի աշնանը, երկրորդ փուլը՝ մարտի 26-ին, տարբեր տվյալներով դրան մասնակցել է չորսից տասը հազար մարդ: Ցուցարարները պահանջել են փոխել Ինգուշեթիայի հանրաքվեի մասին օրենքն ու Չեչնիայի հետ սահմանի հարցը լուծել համաժողովրդական հանրաքվեի միջոցով, մյուս պահանջը նախագահ Յունուս-Բեկ Եվկուրովի հրաժարականն էր: Արդեն հաջորդ օրը ցույցն ավարտվել է ուժի կիրառմամբ:

Թերևս, նախօրեին ուժայինները գործողություն են իրականացրել, խուզարկել են ակտիվիստների տները, առգրավվել են համակարգիչներ բերման ենթարկել մարդկանց: 10-օրյա վարչական կալանքի տակ են բողոքի գործողության առաջնորդներ Ահմեդ Բարախոևը և Մուսա Մալսագովը, ակտիվիստների մի մասն էլ տարբեր չափերի ֆինանսական տույժերի են ենթարկվել ցույցի ժամանակ անկարգություններ հրահրելու գործի քննության շրջանակներում: Մագասի շրջանային դատարանը չարտոնված  բողոքի գործողության մասնակցելու համար 20 հազար ռուբլով տուգանել է նաև Ինգուշեթիայի մահմեդականների Հոգևոր կենտրոնի ղեկավարի տեղակալ Մուսա Մեյրիևին:

Ինգուշեթիայում վերջին զարգացումները մեկնաբանելով՝  իրավապաշտպան և լրագրող, «Кавказский узел» ինտերնետ հրատարակության գլխավոր խմբագիր Գրիգորի Շվեդովը քիչ հավանական է համարում Յունուս-Բեկ Եվկուրովի հրաժարականը։ Նա նշում է, որ ցուցարարների առաջադրած երկու պահանջները՝ հասնել հանրաքվեի անցկացման և մյուս կողմից նախագահի հրաժարականի, հակասում են միմյանց: Նա քիչ հավանական է համարում նաև հանրաքվեի հարցերը կարգավորող օրենսդրութան մեջ փոփոխությունները. մեր գործընկերը տեղեկացնում է, որ ապրիլի երկուսին հերթական անգամ իշխանությունները մերժել են հանրաքվեի անցկացման հարցով նախաձեռնող խմբի գրանցումը: Անդրադառնալով իրադարձությունների զարգացմանը նա նշում է. խնդիրն այն է, թե հետագա ցույցերը ինչ մասշտաբի կլինեն:
 

«Կարծում եմ, ամենակարևորն այն է, կհաջողվի արդյոք ևս մեկ մարդաշատ ցույց կազմակերպել: Սա մարտահրավեր է, քանի որ նախորդ ցույցն ավարտվեց բռնությամբ, ընդ որում՝ ցուցարարների կողմից: Սա շատ բացասաբար է ազդում այդ թվում բողոքողների տրամադրությունների վրա: Բռնությունը ցուցարաների կողմից  սխալ է, որից պետք է խուսափել»:

Կա՞ն արդյոք ապակայունացման տարրեր Հյուսիսային Կովկասում՝ հարցրեցինք Գրիգորի Շվեդովին: Մեր զրուցակիցը ցույցերը հանրապետությունում համարում  է սովորական՝ անդրադառնալով խնդիր խորքային պատճառներին և հենց դրանք համարելով Հյուսիսային Կովկասում իրավիճակի հնարավոր ապակայունացման պատճառ: Շվեդովը ապակայունացման տարրերի առկայության մասին հարցին պատասխանում է:

«Կարծում եմ՝ ոչ։ Ցույցերը նորմալ գործընթաց է, դրանք չեն կարող ապակայունացնել իրավիճակը: Իրավիճակը կարող են ապակայունացնել չեչենական իշխանությունների գործողությունները։ Նրանք միակողմանի փոխել են Չեչնիայի և Դաղստանի սահմանային հատվածը՝ Դաղստանի տարածքի մի մասը համարելով չեչենական: Ինգուշական սցենարով շարժվելը կարող է ապակայունացնել իրավիճակը Հյուսիսային Կովկսում»:

Հյուսիսկովկասյան մյուս հանրապետությունը՝ Դաղստանը նույնպես տարածքային խնդիրներ ունի Չեչնիայի հետ։ Մախաչկալայից  նախօրեին մեղադրել են Գրոզնիին իրենց հողերի յուրացման մեջ. Ապրիլի երկուսին Դաղստանի օրենսդիր մարմնի կայքում զետեղվել է  հաղորդագրություն, որում մասնավորապես նշվում էր սահմանի առնվազն երեք հատվածներում միակողմանի սահմանման անթույլատրելիության մասին: Այսինքն տարածքային խնդիր Չեչնիայի հետ ունի ոչ միայն Ինգուշեթիան, որտեղ հուզումներ են այդ առիթով, այլև մյուս հարևանը՝ Դաղստանը:

Դաշնային կենտրոնը Ինգուշեթիայի և Չեչնիայի հետ սահմանային այս խնդիր նախորդ բռնկումների ժամանակ նախընտրում էր չեզոքություն պահպանել: Կրեմլից մարտի վերջին օրերին, ի դեմս նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի, հայտարարել էին, որ հետևում են Ինգուշեթիայում տեղի ունեցող իրադարձություններին, իսկ «Ռոսգվարդիան», որոշ լրատվամիջոցների տեղեկություններով անմասն չի մնացել գործընթացներից, և այլ տարածաշրջաններից վերջին օրերին ուժայիններ են բերվել հյուսիսկովկասյան հանրապետություն:

Ըստ երևույթին՝ երկարատև կոնֆլիկտը արդեն որոշակիորեն հարուցում է Կրեմլի անհանգստությունը՝ հաշվի առնելով նաև, որ Դաղստանը նույնպես սահմանային խնդիրներ ունի Չեչնիայի հետ: Որքան էլ Չեչնիան եւ իր առաջնորդը՝ Ռամզան Կադիրովը Կրեմլի հետ ունեն առանձնահատուկ հարաբերություններ, միեւնույնն է՝ Կրեմլն այստեղ պետք է գտնի հավասարակշռությունն նրա եւ նրա հյուսիսկովկասյան մյուս հարեւանների միջեւ։ Այլապես սա կարող է վարածվել ազգամիջյան հակասության, դրանից բխող բոլոր հետեւանքներով։

0:00
0:00

Հատված Ռադիոլուրի 18.00-ի եթերից