ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ի՞նչ են գրում թերթերը
2019-04-05 10:01:53
  • «Ազգ». Բունդեսթագը վավերացրեց ՀՀ- ԵՄ համաձայնագիրը
  • «Հայկական ժամանակ». «Ֆեյքահարկի մասին» օրենքի ժամանակը
  • «Փաստ». «Վարչապետը բազմիցս խոսել է ձեռքեր տաքացնելու մասին, սա էլ մի ձև է»
  • «Առավոտ». «Վիզաների ազատականացում՝ ՀՀ իշխանությունների «տնային աշխատանքի» կատարման դեպքում»
  • «Ժողովուրդ». Քրեական գործ՝ վարչապետի մերձավորների դեմ

Բունդեսթագը վավերացրեց ՀՀ- ԵՄ համաձայնագիրը

Բունդեսթագը երեկ երկրորդ ընթերցմամբ քննարկման էր ներկայացրել ՀՀ- ԵՄ- ի միջեւ «Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը, որ կնքվել էր Բրյուսելում 2017- ի նոյեմբերի 24- ին: «Ազգ» թերթը ուշադրություն է հրավիրում հանգամանքի վրա, որ երկու խմբակցություն՝ աջ Այլընտրանք Գերմանիայի համար AfD-ն և ձախերը ձեռնպահ են քվեարկել:

Թերթի բեռլինյան թղթակիցը՝ ընդհանրացնելով քննարկումները՝ արձանագրում է. «Բոլոր բանախոսների ելույթի առանցքում Թավշյա հեղափոխության ստեղծած Հայաստանի դրական հեռանկարն էր, որ համաձայնագրին կողմ քվեարկելու համոզիչ պայմաններից մեկը եղավ: Ձախ խմբակցության պատգամավորը նկատել տվեց, թե Հայաստանի հեղափոխությունը տարբերվում էր Մայդանից՝ արտաքին միջամտությունից զերծ էր»:

Աջ՝ Այլընտրանք Գերմանիայի համար կուսակցության ներկայացուցչի՝ Հայաստանի մասին բացասական դիտարկումները թերթը խոստանում է ներկայացնել հաջորդ համարում:

«Վիզաների ազատականացում՝ ՀՀ իշխանությունների «տնային աշխատանքի» կատարման դեպքում»

ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին հայտարարել է, որ վիզաների ազատականացման գործընթացում առաջընթաց կա: «Առավոտ»-ը Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ, քաղաքագետ Արմեն Վարդանյանից հետաքրքվել է, թե

հաշվի առնելով հանգամանքը, որ հետ ենք ընկնում ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման ժամկետներից, արդյոք այդ առաջընթացը իրատեսակա՞ն են:

Ըստ թերթի զրուցակցի՝ վիզաների ազատականացման գործընթացը մեծ հաշվով կապ չունի ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման ժամկետների հետ: Հայաստանն արդեն վավերացրել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ CEPA-ն, իսկ ԵՄ անդամ երկրների կողմից դրա վավերացումը ընթացքի մեջ է, և հավանաբար այս տարվա ընթացքում բոլորը երկրները կվավերացնեն: Իսկ ահա ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման համար Հայաստանը պետք է «տնային աշխատանքը» կատարի: Այս փուլում խոսքը գնում է վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու մասին: Կարծում է՝ մեր իշխանությունները հետևողական են այս հարցում, և այդ գործընթացը երկար չի ձգվի:

«Ֆեյքահարկի մասին» օրենքի ժամանակը

Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԱԾ տնօրենի ուշադրությունը հրավիրել էր փաստի վրա, որ «եթե որոշ հանցավոր շրջանակներ միլիոններ են ծախսելու սոցիալական ցանցերում, լրատվամիջոցներում հասարակական կարծիքի մանիպուլիացիաներ անելու համար, սա արդեն անվտանգության խնդիր է»: Եվ հույս էր հայտնել, որ ԱԱԾ-ն կկարողանա ապահովել կոնկրետ արդյունքներ:

Ըստ «Հայկական ժամանակ» օրաթերթի՝ այս դիտարկումը հասարակության տարբեր շերտերում տարբեր արձագանքներ է ստացել՝ «վաղուց էր պետք»-ից սկսած մինչև «խոսքի ազատության ոտնահարման ցանկացած փորձ անթույլատրելի է»:

«Այո, խոսքի ազատությունը երաշխավորելն ու զուգահեռաբար քարոզչական մանիպուլյացիների դեմ պայքարելն իսկապես բարդ գործ է, որովհետև սահմանը շատ նուրբ է և շահարկումների հնարավորությունները մեծ են: Բայց կա շատ արդյունավետ ձև: Հասարակությանը պարզապես տեղեկացնել, թե ում կողմից են ֆինանսավորվում և ում պատվերներն են կատարում ապատեղեկատվություն տարածող լրատվամիջոցներն ու ֆեյքերը: Որովհետև մի բան է, երբ իշխանությունների գործունեությունից դժգոհում է որևէ քաղաքացի, և բոլորովին այլ բան, երբ ապացուցվում է, այդ քաղաքացին պարզապես նախկինների վարձու աշխատողն է (և, ի դեպ,վճարվում է սովորական ուսուցչից երեք անգամ շատ՝ առանց մի լումա հարկ վճարելու ) », - գրում է թերթը:

«Այո, խոսքի ազատությունը երաշխավորելն ու զուգահեռաբար քարոզչական մանիպուլյացիների դեմ պայքարելն իսկապես բարդ գործ է, որովհետև սահմանը շատ նուրբ է և շահարկումների հնարավորությունները մեծ են: Բայց կա շատ արդյունավետ ձև: Հասարակությանը պարզապես տեղեկացնել, թե ում կողմից են ֆինանսավորվում և ում պատվերներն են կատարում ապատեղեկատվություն տարածող լրատվամիջոցներն ու ֆեյքերը: Որովհետև մի բան է, երբ իշխանությունների գործունեությունից դժգոհում է որևէ քաղաքացի, և բոլորովին այլ բան, երբ ապացուցվում է, այդ քաղաքացին պարզապես նախկինների վարձու աշխատողն է (և, ի դեպ,վճարվում է սովորական ուսուցչից երեք անգամ շատ՝ առանց մի լումա հարկ վճարելու ) », - գրում է թերթը:

«Հայկական ժամանակ»-ը, միևնույն ժամանակ, նկատում է՝ դա չի նշանակում, որ եթե այդ լրատվամիջոցները կամ «ֆեյքերը» պատվեր են կատարում, չարժե ուշադրություն դարձնել, որովհետև երբեմն պատվեր կատարողներն էլ են ճիշտ բաներ գրում: Ընդ որում, բացահայտում են իշխանությունների ամենախոցելի կամ ոչ միանշանակ քայլերը:

«Վարչապետը բազմիցս խոսել է ձեռքեր տաքացնելու մասին, սա էլ մի ձև է»

«Փաստ»-ն անդրադարձել է Հայաստանում արդեն մեկնարկած «ՀՀ տավարաբուծության 2019-2024թթ. զարգացման» ծրագրին, որի շրջանակում մարդիկ հնարավորություն կունենան ձեռք բերել բարձր մթերատու տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներ՝ 2 % տարեկան տոկոսադրույքով։ Ընդ որում՝ շահառուները տոհմային կենդանիներ կարող են ձեռք բերել ինչպես տեղի անասնաբուծական ֆերմաներից, այնպես էլ ներկրել արտերկրից։

«Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Հրաչ Բերբերյանը «Փաստի» հետ զրույցում նշել է, որ նման ծրագրերը նոր չեն:

Գյուղնախարարությունը վերջին տասը տարում հազարավոր գլուխ խոշոր եղջերավոր անասուններ՝ երինջներ է ներկրել Հայաստան՝ հիմնականում Ավստրիայից և Շվեյցարիայից, սակայն փորձը ցույց է տվել, որ ներկրված կենդանիները մեծ մասամբ չեն դիմանում մեր բնակլիմայական պայմաններին:

Ըստ նրա՝ Հայաստանում անասնաբուծության հարցում պետք է գնալ այլ ճանապարհով: «Ունենք կովկասյան գորշը, որը սովոր է մեր պայմաններին: Բայց գյուղնախարարությունը համառորեն սրան դեմ է: Դե, երևի ներկրման հետ կապված լավ պայմաններ ունեն, չինովնիկները բիզնեսի մեջ են մտնում, տենդերը մեկին կտան, մյուսին չեն տա, նախկին սինդրոմն է գուցե աշխատում. ինչ-որ բան վերցնեն, բաշխեն և իրենց ձեռքերն էլ տաքացնեն: Վարչապետը բազմիցս խոսել է ձեռքեր տաքացնելու մասին, սա էլ մի ձև է»:

Թերթի զրուցակիցն ասել է, որ իր համար անհասկանալի է, թե ինչու է գյուղնախարարությունն անդրադառնում ծրագրերի, որոնք հաջողություն չեն գրանցել: Նրա խոսքով՝ անասնապահությունը վերջին երեք տարում հասել է այն վիճակին, որ բելառուսական կասկածելի որակի մսաքանակը «վխտում է» սուպերմարկետներում:

Քրեական գործ՝ վարչապետի մերձավորների դեմ

Երեկ` ուշ երեկոյան, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարություն էր տարածել. «Չեմ ուզում մազոխիստի տպավորություն թողնել, բայց ուզում եմ տեղեկացնել, որ իմ անմիջական ցուցումով քրեական գործ է հարուցվել իմ մի մերձավոր ազգականի թույլ տված ենթադրյալ չարաշահման փաստի առիթով: Կասկած չկա, որ գործը լիարժեք կքննվի, եւ մեղավորները կենթարկվեն օրենքով նախատեսված պատասխանատվության: Սա նոր Հայաստան է, եւ վարչապետի որեւէ մերձավոր չի կարող վեր լինել օրենքից կամ լինել արտոնյալ»:

ՀՀ վարչապետը չի մանրամասնել, թե ով է իր բարեկամը: «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմեց Փաշինյանի եղբորորդուն՝ ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանին, սակայն նա էլ ասել է, թե չգիտի՝ ում մասին է խոսքը: «Որեւիցէ տեղեկություն չունեմ: Ցանկացած մարդ, էական չէ, թե ում բարեկամն է, եթե կատարում է արարք, պետք է պատժվի: Դա քննարկման ենթակա չէ, մանավանդ եթե այդ մերձավոր ազգականները չեն հասկանում փոփոխության իմաստը. դա իրենց խնդիրն է: Ինձ համար նորություն է այնքանով, որքանով յուրաքանչյուր քաղաքացու համար»,- ասել է Սիփան Փաշինյանը: