ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Էլեկտրոնային քվեարկության հարցը՝ կրկին օրակարգում
2018-11-16 18:19:33

Անի Մինասյան
«Ռադիոլուր»

Արեւմտյան երկրներում ընտրություններում էլեկտրոնային քվեարկությունն ակտիվորեն կիրառվում է։ Դա ընտրողին ընձեռում է հարմարավետությունը, ընտրական հանձնաժողովներին՝ արագ ամփոփելու հնարավորություն։ Հայաստանում, սակայն, ընտրաթերթիկին ավելի շատ են վստահում, քան՝ տեխնիկային։ Նախընտրական այս շրջանում էլեկտրոնային քվեարկության հարցը կրկին քննարկվում է:

Բլոքչեյն տեխնոլոգիաների միջոցով ընտրություն անցկացնելնը և՛ առավելություններ, և՛ խնդիրներ է բերում: Պատրա՞ստ է արդյոք մեր հասարակությունը գնալու էլեկտրոնային ընտրության:

Էլեկտրոնային քվեարկությունը մեր երկրում նորություն չէ, բայց լայն կիրառություն չունի: Օրինակ՝ դեսպաններն ու նրանց ընտանիքի անդամները մեր երկրում ընտրություններին մասնակցում են էլեկտրոնային քվեարկությամբ:


Լայն կիրառության համար հասարակությունը նախ պետք է կարողանա տիրապետել այդ տեխնոլոգիաներին՝ կարծում է «
Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ծրագրի համակարգող Հովսեփ Ղազարյանը:

«Բանկերում շատերը հերթի թերթիկներ չեն կարողանում վերցնել, միշտ մի աղջիկ կա օգնող, եթե ընտրություններ անցկացնենք այսպես՝ գաղտնիությունն ինչպե՞ս ենք անցկացնելու»:

Գաղտնիությունն ապահովելն անհնար չէ, պատասխանում է «Սկայքրիփթոր» ընկերության հիմնադիր տնօրեն Արամ Ջիվանյանը: Առաջնային խնդիրը ոչ թե ընտրողին համոզելն է, որ կեղծիքներ չկան, այլ այն, որ յուրաքանչյուրը կարող է գնալ իր ձայնի հետևից  և իր ձայնը վերահսկելու հնարավորություն ունենալ: Ինչպես՝ բացատրում է Ջիվանանը:

«Այն յուրաքանչյուրին պետք է հնարավորություն տա ստուգել, թե սեփական ձայնն ինչպես է հաշվարկվել»:

Վերջին տարիներին  էլեկտրոնային  գործիքների կիրառությունը առաջընթաց է ապրում մեր երկրում, ասում է ՀՀ արդարադատության նախարարության էլեկտրոնային արդարադատության և ինովացիոն ծրագրերի բաժնի պետ Աննա Հարությունյանը:

Հարությունյանը որպես փորձառու փաստում է՝ գլխավորն ու առաջնայինն այս գործում հասարակության հետ ճիշտ աշխատելն է, նրանց տեղեկացնելը:


«Իրազեկման խնդիրն ամենակարևորագույն է այս պարագայում, քանի որ գոյություն ունեն բազմաթիվ հարթակներ, որոնց մասին անգամ մենք, աշխատելով պետական համակարգում, տեղյակ չենք: Իրազեկումը գործի կարևորագույն հատվածն է»:

Բլոքչեյն կամ թվային մատյան, մի տեղ, որտեղ կարելի է պահել ցանկացած տվյալ՝ տրամադրված վարկերի տեղեկություններից մինչև ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների մասին տեղեկություններ:

«Փուբլիք» հիմնադրամի համահիմնադիր Արման Ալեքսանյանն ասում է՝ իր դիրքորոշումը հստակ է՝ բլոքչեյնը մութ անտառ չէ, այդ ընտրաթերթիկներով ընտրություններն են մութ անտառ:

«Վերջապես ազատ ընտրություններ անցկացնելու հնարավորություններ ունենք, պետք չի ինչ-որ տեխնոլոգիական հրաշքներ փնտրել»:

Մեկ հարցով զրուցակիցներս բացարձակ համակարծիք են՝ էլեկտրոնային ընտրությունները կարելի է փորձարկել փոքր ընտրություններում:

 

0:00
0:00