ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Եթովպիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
2019-04-05 16:10:29

Պաշտոնական այցով Ադիս-Աբեբայում գտնվող Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ապրիլի 4-ին հանդիպում ունեցավ եթովպահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Ինչպես տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նախարար Մնացականյանն ընդգծեց հայկական համայնքի կարևորությունը Եթովպիայի հասարակական-քաղաքական կյանքում և կամրջող դերակատարությունը երկու երկրների հարաբերություններում:

«Այցի ողջ ընթացքում մենք զգացինք, թե որքան խորը հարգանք կա հայերի հանդեպ այս երկրում: Մենք մի ժողովուրդ ենք, որը միշտ կարողացել է ամուր կանգնել ոտքի, ստեղծել հարստություն իր համար, իր համայնքների համար: Դուք փաստում եք դա: Եվ այն ինքնավստահությունը, որ մենք ունենք մեր երկրի հանդեպ, գալիս է յուրաքանչյուր հայից, որը տեղում ստեղծում է այն, ինչը կոչվում է հայի հեղինակություն: Ես Ձեզ շնորհակալ եմ, որ դուք այդ ինքնավստահությունը ներդրել եք այստեղ` այս երկրում: Մենք առավել քան վճռական ենք կամրջելու մեր երկրները: Եթովպիայում Հայաստանի առաջին դեսպանները դուք եք: Եվ ես ևս մեկ անգամ ձեզ շնորհակալություն եմ հայտնում»,-ասել է  նախարարը:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը եթովպահայ համայնքի ուշադրությանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները և կառավարության զարգացման ծրագիրը, որը միտված է նորարարության, բարձր տեխնոլոգիաների և ստեղծագործ կրթության ոլորտների զարգացման հիման վրա տնտեսության խթանմանը:

Անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններին՝ ԱԳ նախարարը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի մոտեցումները և սկզբունքային դիրքորոշումը:

Եթովպիայի հայ համայնքի հետ հանդիպումից առաջ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն այցելել էր Ադիս-Աբեբայում գտնվող Սուրբ Գևորգ Հայաստանյայց Առաքելական եկեղեցի: