Համաձայն ՍԱՊԾ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձարկման արձանագրությունների՝ նմուշառված արտադրատեսակներից 5-ը՝

«Սմետանա Մասլովնա» (18%)` արտադրող՝ «Թամարա և Անի» ՍՊԸ, (արտադրության օրը՝ 28.03.19թ., պիտանի է մինչև՝ 07.04.19թ.), թթվասեր 18%-ոց` արտադրող՝ «Մուլտի Ագրո» ԳԱԿ ՍՊԸ, (արտադրության օրը՝ 27.03.19թ., պիտանի է մինչև՝ 03.04.19թ.), «Կովիկ» (13%) արտադրող՝ «Պարգև» ՍՊԸ, (արտադրության օրը՝ 28.03.19թ., պիտանի է մինչև՝ 06.04.19թ.),
թթվասեր 18%-ոց` արտադրող՝ «Պարգև» ՍՊԸ, (արտադրության օրը՝ 28.03.19թ., պիտանի է մինչև՝ 06.04.19թ.),
թթվասեր 18%-ոց` արտադրող՝ «Բանդիվան կաթ» ՍՊԸ (արտադրության օրը՝ 28.03.19թ., պիտանի է մինչև՝ 04.04.19թ.), ճարպաթթվային կազմով (բուսական յուղի առկայության ցուցանիշով) չեն համապատասխանել ՄՄ ՏԿ 033/2013-ով սահմանված «թթվասեր» ապրանքատեսակի բնութագրին և անվանմանը:

Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ, համաձայն «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետի 12 մասի, տվյալ ապրանքատեսակները համարվում են կեղծված սննդամթերք:

Կեղծված է համարվում այն սննդամթերքը, որի բաղադրությունը փոփոխվել է առանց մակնշման համապատասխան փոփոխության, որի մակնշումը փոփոխվել է առանց բաղադրության համապատասխան փոփոխության, որին ավելացվել են այլ նյութեր կամ վերամշակվել է այլ նյութերի ներառմամբ` սննդամթերքի անհամապատասխանությունը սահմանված պահանջներին թաքցնելու նպատակով, որի մակնշման մեջ առկա է ոչ ճիշտ նշում սննդամթերքի հատուկ նշանակության մասին, որի ներկայացման կամ առաջարկման համար օգտագործվում է մեկ այլ կազմակերպության անվանումը, առևտրային նշանը կամ ֆիրմային անվանումը` առանց այդ կազմակերպությունից պատշաճ կերպով թույլտվություն ձեռք բերելու:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, հետագծելիության սկզբունքով պետական վերահսկողություն շղթան ամբողջացնելու նպատակով, ստուգումներ կանցկացնի «Թամարա և Անի» ՍՊԸ-ի, «Մուլտի Ագրո» ԳԱԿ ՍՊԸ-ի, «Պարգև» ՍՊԸ-ի և «Բանդիվան կաթ» ՍՊԸ-ի կաթնամթերքի արտադրություններում: