ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ինչպես է ֆեյքերի դեմ պայքարելու ԱԱԾ-ն
2019-04-05 17:10:56

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ֆեյքերի դեմ պայքարելու ԱԱԾ պետին տված հանձնարարությունից հետո թեման ակտիվորեն քննարկվում է տարբեր հարթակներում։
Ոմանց կարծիքով՝ խնդիրն արդիական է, իսկ պայքարը պահանջված: Մյուսները չեն պատկերացնում, թե ինչ անելիք ունի այս գործում ԱԱԾ-ն, ինչպես պետք է տանել պայքարը, որպեսզի չտուժի խոսքի ազատությունն ու ոչ սեփական դեմքով հանդես գալու մարդու օրինական իրավունքը: Հարցերի փնտրտուքի առաջ կանգնած է ոչ միայն Հայաստանը, այլև ժամանակակից ամբողջ աշխարհը։  

ԱԱԾ տնօրենին տրված վարչապետի հանձնարարականը հեշտորեն հնարավոր է իրականացնել Հայաստանի ներկայիս օրենքներին և արտահայտվելու ազատության միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան՝ թեմային անդրադառնալով ֆեյսբուքյան իր էջում գրել է Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանն ու մանրամասնել.

«Հանձնարարականի կատարման համար բավական է բացահայտել և վերացնել լրատվական դաշտում ու սոցիալական ցանցերում քարոզի համար իրականացվող ապօրինի դրամական հոսքերը: Ոմանք փորձում են ձևախեղել հանձնարարականի էությունը՝ ենթադրելով, որ խոսքն անանուն օգտատերերով մանիպուլյատիվ տեղեկատվության շրջանառման կամ կեղծ լուրերի տարածման համար քրեական հետապնդման ենթարկելու մասին է: Այնինչ՝ հարցի ամենաարագ և իրավական լուծումը չհարկվող և ապօրինի շրջանառվող փողերի համար տեղեկատվական դավադրություններ իրականացնողներին պատասխանատվության ենթարկելն է»:

Անանուն օգտատերերի դեմ պայքարի թեմային այսօր անդրադարձել է նաև ՄԻ գործող պաշտպան Արման Թաթոյանը: Ըստ նրա, որպես փակ կառույց, ԱԱԾ-ն այս հարցում ներգրավվածություն ունենալ չի կարող:  Արման Թաթոյանը շեշտել է, որ համաձայն է վարչապետի այն դիտարկման հետ, որ խոսքի ազատության իրավունքը պետք է ամուր պաշտպանված լինի:

Միաժամանակ նշել է . «Մարդն ունի առցանց հարթակում անանուն մնալու իրավունք»:

Այլ հարց է, թե անանուն մարդու գրառումը ինչ է պարունակում, օրինակ՝ սպառնալիք, բռնության կոչեր և այլն: Արման Թաթոյանն ասում է՝ խնդիրն ուշադրության ներքո է, գործակցում են ոստիկանության և  դատախազության հետ, որովհետեւ առավելապես կեղծ օգտատերերի կողմից են ատելության խոսք եւ բռնության կոչեր տարածվում:

Երկրի առաջին դեմքի կողմից ֆեյքերի  դեմ պայքարի վերաբերյալ հայտարարությունը Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր Շուշան Դոյդոյանը  անընդունելի է համարում:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավարը ևս ընդգծում է այն փաստը, որ անանուն կամ կեղծանունով  հանդես գալը  մարդու խոսքի ազատության և անձնական կյանքի գաղտնիության իրավունքի բաղկացուցիչ մասն է:

Տեղեկատվական  անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը դժվարանում է պատկերացնել՝  ինչպես է ֆեյքերի դեմ պայքարելու ԱԱԾ-ն՝ չոտնահարելով  ազատ խոսքի ու կեղծանունով հանդես գալու մարդու օրինական իրավունքները: Ըստ նրա, օրենքի և ժողովրդավարության միջազգային սկզբունքների շրջանակում հատուկ ծառայությունը կարող է ընդամենը երկու  միջոց կիրառել, առաջինը՝ հետևել լրատվամիջոցների ֆինանսական հոսքերին. «Երկրորդ համագործակցել սոցիալական ցանցերի հետ»:

Եղած օրենսդրական դաշտով, ըստ փորձագետի,  ԱԱԾ-ն այստեղ  շատ բան չունի անելու: Իհարկե, կարելի  է ընդունել նոր օրենքներ, բայց, ինչպես նկատում է Մարտիրոսյանը, բազմաթիվ երկրներ են փորձել գնալ այդ ուղղությամբ, բայց  դա  լավ տեղ չի տարել:

Դեռևս չի հաջողվել ստեղծել այն օրենքը, որով հնարավոր կլինի ճնշել ֆեյքերին՝ միաժամանակ չվնասելով նորմալ լրատվամիջոցներին: Սամվել Մարտիրոսյանն առաջարկում է. «Մեզ վրա գիտափորձեր չանենք, հետևենք, թե ինչ լուծում  է առաջարկում աշխարհը»:

ԱԱԾ պետն էլ նախօրեին կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցում շեշտել էր, որ ֆեյքերի դեմ պայքարը պետք է լինի շատ զգույշ, շատ մտածված։

0:00
0:00