ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
«Մարտի 1 գործ». տուժածների փոխհատուցման հարցը՝ ԱԺ-ում
2019-04-05 17:49:40

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

 

ԱԺ օրակարգում է արդեն 2008-ի մարտի 1-2-ի դեպքերից տուժած անձանց աջակցության մասին օրինագիծը: Պետաիրավական մշտական հանձնաժողովում նախագիծն այսօր քննարկվել է եւ միասնական քվեարկությամբ դրական եզրակացություն ստացել՝ օրակարգում ներառելու համար: ԱԺ փոխնախագահներ Լենա Նազարյանի եւ Ալեն Սիմոնյանի հեղինակած նախագիծն է, բայց, ըստ էության, խորհրդարանական մեծամասնության կարծիքն է արտացոլում:

 

Առաջին հերթին հասարակական-քաղաքական նշանակություն, հետո նոր ֆինանսական աջակցություն: «2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» նախագիծն ունի մի քանի նպատակ՝ ասում է փաստաթղթի հեղինակներից ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը:

«Տուժած մարդիկ տարիներ շարունակ անտեսված լինելով, հարազատ մարդկանց կորստից մինչեւ օրս սոցիալական, առողջական, հոգեբանական խորը խնդիրների առաջ են կանգնած»:

ԱԺ փոխնախագահը ձեռքի տակ ունի փաստաթուղթ-ապացույց, որ իրականում պետության կողմից աջակցություն որոշ մարդկանց տրամադրվել է: Ոստիկանների եւ քաղաքացիների հարցում ժամանակին մոտեցումը եղել է տարբերակված:

«Ես հիմա անուններ չեմ հնչեցնի, բայց ստացել եմ տեղեկանքներ համապատասխան մարմիններից, որոնք հավաստում են, որ եղել են տուժածներ, որոնք ստացել են շատ մեծ աջակցություն եւ մինչեւ հիմա էլ իրենց ընտանիքները ստանում են նպաստի տեսքով: Իսկ կան մարդիկ, որոնք որեւէ աջակցություն չեն ստացել, եթե չհաշվենք, ասենք՝ մասնավոր նվիրատվություններ հուղարկավորության հարցերը լուծելու համար»:

 

Օրենքի նախագծով նախատեսված հատուցման չափը, կարգն ու պայմանները պետք է սահմանվի կառավարության որոշմամբ։ Սա նշանակում է, որ այս պահին փաստաթղթում հստակ թվեր չկան: Օրենքը ուժի մեջ է մտնելու ԱԺ լիագումար նիստում ընդունվելու դեպքում հրապարակման հաջորդ օրը, ասում է արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը. «Աջակցություն ստանալու իրավունք ունեցող անձինք դիմումը կարող են ներկայացնել ՀՀ կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 3 տարվա ընթացքում»:

2008-ի մարտիմեկյան դեպքերի ժամանակ ուժայինների կողմից հատուկ միջոցի՝ «Չերյոմուխայի» կիրառման հետեւանքով մահացու վիրավորված Արմեն Ֆարմանյանի հայրը՝ Վաչագան Ֆարմանյանը պետությունից դեռ հստակ սպասելիքներ ունի: «Ռադիոլուրի» հետ զրույցում հաստատում է՝ նախկին իշխանություններից որեւէ մեկը երբեք իրենց ընտանիքի հետ կապ չի հաստատել: Քրեական գործի ընթացքից վերջին շրջանում լավատես է, բայց առանց որդու 11 տարվա ճանապարհն անցնելուց հետո այս պահին էլ դեռ զգուշացնում է.  

 

«Բոլորին էլ ես զգուշացնում եմ, որ հանկարծ չշշկռվեն մարտի 1 զապաս բանալի սարքեն՝ կուզենան կփակեն, կուզենան՝ կփակեն: Նախկինները՝ ով գալիս էին դրսից սիրուն ճանապարհ էին դնում դիպլոմատներով, իսկ մեզ մինչեւ հիմա՝ ոչ մենք էլ թույլ տվել, ոչ էլ իրենք են մտածել՝ տեսնենք էդ մարդիկ ո՞նց են ապրում: Արել ենք՝ գոնե գնանք»:

11 տարվա վաղեմություն ունեցող գործին անդրադարձ կա նաեւ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի՝ խորհրդարան ուղարկված տարեկան հաշվետվության մեջ: Նախկինում, երբ օմբուդսմենը բավարարվում էր մեկ նախադասությամբ արձանագրելով, որ մարտի 1-ի դեպքերը չեն բացահայտվել, այս անգամ 700 էջանոց հաշվետվության զգալի հատվածում ներկայացված է, թե քրեական գործի շրջանակներում որքան մարդ է հարցաքննվել, որքան առգրավումներ եւ փորձաքննություններ են իրականացվել եւ այդպես շարունակ:

Արման Թաթոյանը, ի դեպ, «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում երկու անգամ հանդիպել է 2008-ին սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի հետ: Օմբուդսմենի այցից հետո Քոչարյանին ոչ թե առանց համացանցի հասանելիության համակարգիչ է տրամադրվել, այլ՝ պարզապես էլեկտրոնային գիրք: Թաթոյանն այսօր ԱԺ-ում հստակեցրեց՝ զեկույցը ճիշտ չէր մեկնաբանվել:

Պաշտպանի տարեկան զեկույցում նաեւ նշված է, որ Քոչարյանի մերձավոր ազգականների նկատմամբ կիրառված տեսակցությունների եւ հեռախոսային խոսակցությունների արգելքը մասնակի վերացվել է: Պահպանվել է միայն մերձավոր ազգականներից մեկի նկատմամբ, որը քրեական գործով վկայի դատավարական կարգավիճակ ունի: ՀՔԾ-ից ՄԻՊ-ին տեղեկացրել են, որ վերացրել են Քոչարյանի թոշակի վրա դրված կալանքը:

0:00
0:00