ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ցավս լուռ կրում եմ և ապրում հպարտությամբ
2019-04-06 12:00:29

Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»             
                

Ապրիլյան քառօրյային հերոսաբար զոհված ինժեներա-սակրավորային վաշտի հրամանատար, կապիտա Հովսեփ Կիրակոսյանը կոչումով զինվորական էր: «Արցախը մեր հայրենիքի դարպասն է, մենք այն պետք է պահենք»,-այս խոսքերը նվիրյալ զինվորի նշանաբանն էր:

Սասունցու և մշեցու ընտանիքում հայրենասիրության դասեր քաղած հայորդին պետք է տեր կանգներ իր հողին ու հայրենիքին: Նախնիները կորսյալ էրգրից են, ցեղասպանությունից մազապուրծ եղած: Նա չէր կարող անտարբեր ու անհաղորդ մնալ հայրենի երկրի  ճակատագրի նկատմամբ և ներքին մղումով զինվորագրվեց հայրենիքի պաշտպանությանը՝  ընդդիմանալով ծնողների խնդրանքին: Հովսեփ Կիրակոսյան մայր Մրգարիտա Հարությունյանը պատմում է, որ ոչ մի կերպ չեն կարողացել համոզել ետ կանգնելու իր որոշումից, ասում է՝ դա իր մեջ կար:

Հովսեփը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտն ավարտելուց հետո 5 տարի ծառայել է Արցախում: Մայրն ասում է, որ  սիրում էր Արցախն ու սիրահարված էր իր գործին:


«Երբ մենք գնում էին Ղարաբաղ, նա հպխարտորեն նայում էր ու ասում՝ մենք ուրիշից ոչինչ չենք պահանջում,  մենք մերն ենք պահում: Հայաստանի դարպասները Ղարաբաղն է, մենք ամուր ենք պահում այդ դարպասները»:

Նա  ինժեներա-սակրավորային վաշտի հրամանատարն էր, կոչումով՝ կապիտան: Յոթ ամիս առաջ էր Ստեփանակերտից ընտանիքի հետ տեղափոխվել Մատաղիս, երբ չարաբաստիկ գիշերը սկսվեց պատերազմը:  Երիտասարդ այրի Մարիամ Գրիգորյանն է հիշում:

«Խաղաղ գիշեր էր,  երեքն անց կեսի, չորսի  սահմաններում լսվեցին կրակոցի ձայներ: Հարևանի թակոցից արթնացա: Հովսեփը հոգնած քնած էր, արթնացրի նրան, գնաց, ետ եկավ ու արագ հագնվելով ասաց՝ արագացրու, երեխաներին հագցրու,  իջիր նկուղ, ես գնում եմ զորամաս»:

Մարիամը լինելով զինվորականի կին լավ էր պատկերացնում իրեն հասած բեռը: Հայրենիքի վտանգի պահին ամուսինը դիրքերում, կինը երեխաների հետ նկուղում, բայց սպայի կապը միշտ եղել է ընտանիքի հետ: Կապիտանը գտնվելով  զինվորների կողքին միաժամանակ հետևել ու ցուցումներ է տվել իր ընտանիքին: Կնոջը հորդորել է նախ գնալ Ստեփանակերտ, ապա Հայասատան: Վերջին խոսակցությունը ապրիլի 2-ին, ժամը 12-27 րոպեին է եղել:


Հովսեփից  այլևս զանգ չստացան: Ապրիլի 2-ին Հովսեփ Կիրակսյանի մայրը ուրշների վիշտն էր սգում՝ չիմանալով հարազատ որդու անձնազոհության մասին:

Հովսեփը բարձր է պահել հրամանատարի պատիվը, իր զինվորներին մահվան ճիրաններից հեռու պահելով ինքն է նետվել առաջ՝ պատերազմական իրավիճակում կողմնորոշվելով իր անելիք:

Վիրավորվելիս կապիտան Հովսեփ Կիրակոսյանը ընկերներին կոչ էր արել՝ տղերք, դուք կռվեք, ես լավ եմ, իսկ շտապօգնության մեքենայում հասկացրել՝ փրկել զինվորի կյանքը:

Կապիտան Հովսեփ Կիրակոսյանը 2 որդի ունի՝ 5 և 7 տարեկան: Հերոսի այրին այժմ ապրում է Արմավիրի մարզի Ապագա գյուղում ամուսնու հայրական տանը, ամուսնու եղբոր ընտանիքի հետ: Նրանք բնակարանի կարիք ունեն:


Կրտսեր որդին՝ Էրիկը,  հորը չի հիշում, բայց հպարատանում է նրանով և ցանկանում է հոր գործի շարունակողը լինել, ուզում է դառնալ զինվոր, հայրկի նման:

Կապիտան Հովսեփ Կիրակոսյանը հետմահու պարգևատրվել է ,,Մարտական ծառայության,, մեդալով: Նրա անունն է կրում Ապագա գյուղի դպրոցի  նախնական զինվորական պատրաստվածության դասասենյակը, շուտով  կանվանակոչվի նաև գյուղի դպրոցը: Հովսեփ ԿԻրակոսյանի հիշատակին Ապագայի կենտրոնում կառուցվել է պուրակ, տեղադրվել խաչքար:

0:00
0:00