ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ճանապարհաշինությունից մինչեւ տնակների խնդիր. վարչապետը Գյումրիում էր
2019-04-05 18:27:29

Աննա Մարտիկյան
«Ռադիոլուր»-Գյումրի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլեկտրագնացքով Երևանից ժամանել է Գյումրի, որտեղ նրան գյումրեցիները դիմավորել են մեծ ոգևորվածությամբ և ջերմությամբ: Վարչապետը զրուցել է գյումրեցիների հետ, լսել խնդիրներն ու նրանց ուղեկցությամբ այցելել Գյումրու երկաթուղային կայարանին հարակից Տիգրան Մեծ փողոց, որտեղ իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ:

Փողոցին հարակից բնակելի տների բնակիչները վարչապետին բողոքել են շինաշխատանքների հետևանքով ստեղծված անհարմարություններից և նշել, որ ստիպված են լինում ձյան և անձրևների դեպքում հաղթահարել մի շարք անհարմարություններ, քայլել ցեխակույտերի միջով: Վարչապետ Փաշինյանը հետաքրքրվել է՝ արդյոք շինաշխատանքները նախագծողներն ու իրականացնողները մտածե՞լ են, թե ինչպես պետք է բնակիչները երթևեկեն և քայլեն:

«
Երբ շինարարությունն սկսում ենք, պետք է մտածել նաև միջավայրի մասին, ապահովել քաղաքացիների համար անհրաժեշտ պայմաններ: Մենք ունենք քաղաքաշինական նորմեր, որոնք պետք է ապահովենք, ներդնենք քաղաքաշինական նոր մշակույթ և քաղաքացիների համար ապահովենք պայմաններ», - նշել է Նիկոլ Փաշինյանը և պատասխանատուներից պահանջել հետագայում հաշվի առնել այս ամենը:

«
Կհրավիրեք ճարտարապետներին, նրանց, ովքեր աշխատում են ու կասեք, որ երբ շինարարություն է արվում, դա չի նշանակում, որ քաղաքի կյանքը պետք է կանգնի։ Անցանելիությունը պետք է ապահովել», -ասել է վարչապետը:


Գյումրու
քաղաքապետը տեղեկացրել է, որ շինաշխատանքներն ամբողջովին ավարտին կհասցվեն մինչև ընթացիկ տարվա հունիսի 30-ը: Ներկայում աշխատանքներն ընթանում են ինչպես փողոցի երթևեկելի մասում, այնպես էլ մայթերում, իրականացվում է նաև ենթակառուցվածքային համակարգի թարմացում:


Այնուհետև Նիկոլ Փաշինյանն այցելել է «Չերքեզի ձոր» ընկերություն, որն զբաղվում է ձկնաբուծությամբ և ձկան վերամշակմամբ, այդ թվում՝ իշխանի խավիարի արտադրությամբ: Վարչապետը շրջել է ընկերությունում և ծանոթացել արտադրական գործընթացին: Տեղեկացվել է, որ վերջին տարիներին արտադրանքի 80 տոկոսն արտահանվել է ԱՄՆ, ՌԴ, Բելառուս, Ղազախստան:

Ընկերությունը նախատեսում է նոր ներդրումային ծրագրով զարգացնել ոչ ավանդական արտադրությունը, ավելացնել ինկուբացիոն արտադրությունը և ընդլայնել մանրաձկան արտադրությունը:

0:00
0:00