ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ոռոգման խնդիր այս տարի չի լինի․ ասում են ոլորտի պատասխանատուները
2019-04-06 14:30:59

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Արարատյան դաշտավայրում գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկը տրված է: Կառավարությունում խոստանում են՝ գերակա հռչակված այս ոլորտում այս տարի գյուղացին ոռոգման ջրի խնդիր չի ունենա: Ավելին՝ Սևանա լճից կփորձեն լրացուցիչ ջրառ չկազմակերպել: Հենց այս հարցով վարչապետին նամակով դիմել է Հանրային խորհրդի էկոլոգիական հարցերի հանձնաժողովի նախագահ Կարինե Դանիելյանը:

Այս տարի գյուղացին ոռոգման ջրի խնդիր չի ունենա՝ վստահեցնում են ոլորտի պատասխանատուները: Կառավարությունում վստահ են՝ այս տարի գետերի ելքերը կմեծանան: ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդգծում է՝  «Գետերի ելքերը կմեծանան, 2018-ին եղել են 60-80 տոկոս, այս տարի՝ 90-120 տոկոս: Գետերը ջրառատ են լինելու այս տարի: Սպասվում է, որ ջրերը կավելանան մայիսի առաջին երկրորդ տասնօրյակում, մի մասն էլ՝ հունիսին»:

«Ռադիոլուրի» զրուցակիցը՝ բնապահպան Կարինե Դանիելյանը,  ընդգծում է՝ ոռոգման սեզոնին ընդառաջ  գետերի ելքերի մեծացում հնարավոր է, պետք է չափավոր լավատես լինել.

«Լավատեսությունը՝ լավատեսություն, սակայն այժմ թերի են լցված նաև ջրամբարները: Հիդրոօթերևութաբանական տեղեկագրի համաձայն, եթե 2018 թվականի ապրիլի 5-ին Ախուրյանի ջրամբարում կուտակված էր 318  մլն խորանարդ մետր ջուր, ապա այս տարի՝ 231 մլն։ Ազատի ջրամբարում պատկերը նույնն է՝ անցյալ տարի ապրիլի 5-ին՝ 40 մլն խորանարդ մետր, այս տարի՝ 36.3 մլն խորանարդ մետր ջուր»:

Այս տարի, նախորդի համեմատ, Սևանա լճի մակարդակը պակաս է 7 սմ-ով: Ցոլակյանը վստահ է՝  մինչև հունիսի 1-ը՝ ջրառից առաջ, այն կբարձրանա  45 սմ-ով: ԱԻՆ հայտարարությունը երեկ կառավարության նիստում հարուցեց անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանի զարմանքը. «1 սմ-ն՝ 12 մլն խորանարդ մետր ջուր է, 570 մլն խորանարդ մետր ջուր կունենանք ավելի: 200 հազար խորանարդ մետր ջուր էլ գալիս է արդեն Արփա-Սևան թունելով»։

Հանրային խորհրդի էկոլոգիական հանձնաժողովի նախագահը Կարինե Դանիելյանն  այս լավատեսությունն էլ  չի կիսում:

Դանիելյանը խնդրանքով դիմել է վարչապետին։ Կառավարությունը  ոռոգման ջրի խնդիրները լուծելու համար  այլ ելքեր  պետք է փնտրի ու կառավարությունից հավելյալ ջրառ չիրականացնի: Եթե լճի մակարդակը բարձրանա, սակայն ափերում աղբավայրեր լինեն, սա՝ դրական արդյունք տալ չի կարող՝ ասում է: Սա էլ է խնդիր, որը նույնպես պետք է լուծել:

Տարածքային կառավարման ու զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի տեղեկացմամբ, Կեչուտի ջրամբարից ու Եղեգիս գետից Արփա- Սևան թունելի միջոցով  Սևանա լիճ է այս պահին տեղափոխվում վայրկյանում 8 խորանարդ մետր ջուր։ Սա, ըստ տարածքային կառավարման ու զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի, թույլ կտա Սևանա լճի մակարդակը տասը օրում բարձրացնել 1 սմ-ով:  Արփա- Սևան թունելով, պաշտոնյաների պնդմամբ, հնարավոր կլինի 150-180  մլն խորանարդ մետր ջուր տեղափոխել: Սա օրենքով թույլատրված ջրառի չափաքանակն է:  Ստացվում է այնպես, որ այս տարի ոռոգման նպատակով ջուրը բաց կթողվի ոչ թե Սևանա լճից, այլ՝ Արփայից:

0:00
0:00